Տնտեսական

01.06.2018 14:18


Էդուարդ Աղաջանյան. «Աշխատակազմը եղել է ուռճացված, ծախսերը՝ անտրամաբանական և չարդարացված» (տեսանյութ)

Էդուարդ Աղաջանյան. «Աշխատակազմը եղել է ուռճացված, ծախսերը՝ անտրամաբանական և չարդարացված» (տեսանյութ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ իրենց կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի արդյունավետ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում աշխատակազմի ղեկավարը նշեց, որ առաջիկայում կկրճատվեն ինչպես ծառայողական մեքենաների թիվը, այնպես էլ դիզվառելիքի վրա ծախսվող միջոցները: «Մեր նախնական դիտարկումներով՝ եղել են բազմաթիվ անտրամաբանական ու չարդարացված ծախսեր: Խոսքը գնում է ծառայողական մեքենաների, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին: Շուտով կտեղեկանաք այդ մասին: Մեր կառավարությունը գործելու է անհամեմատ արդյունավետ, դա միանշանակ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը մոտ 110 է, ու, իրենց հաշվարկներով, դրանց 30 տոկոսը ենթակա են կրճատման: Նախարարությունների մեքենաների թիվն այստեղ ներառված չէ, հետևաբար, ըստ պաշտոնյայի, դրանք ևս պետք է ուսումնասիրության ենթարկվեն:

Ինչ վերաբերում է դիզվառելիքի չարաշահումներին, ապա Էդուարդ Աղաջանյանը նկատեց, որ այստեղ ևս մեծ խնայողությունների տեղ կա: «Այս պահին կառավարության վարչությունների և բաժինների ղեկավարներին տրամադրվող դիզվառելիքի շաբաթական չափը կազմում է 300 լիտր: Սա մեր բոլոր հաշվարկներով չափազանց ուռճացված է՝ հաշվի առնելով այն, որ նրանք տանից գալիս են աշխատանքի, հետ վերադառնում: Այս քանակը որևէ կերպ չի կարող լինել արդարացված»,-հավելեց Աղաջանյանը:

Նա նշել է նաև, որ եթե փոխվարչապետն էկոնոմ դասով է երթևեկում, ապա բոլոր նախարարները ևս այդ տարբերակով պետք է գնան գործուղումների: «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր Աստանա այցն իրականացրել է էկոնոմ դասի չվերթով՝ թե գնալը, թե հետադարձը: Այսուհետև սա է լինելու նոր կառավարության աշխատելաոճը»,-ասաց Աղաջանյանը: Նա նշեց, որ այս ուղղությամբ ևս ծախսերը կտրուկ կրճատվելու են, իսկ պաշտոնյաներին ուղեկցող անձնակազմը լինելու է միայն անհրաժեշտության դեպքում: «Ուղեկցողների թիվը պայմանավորված է լինելու միայն անհրաժեշտությամբ, և որևէ մեկը շրջագայության նպատակով չի մեկնելու արտերկիր»,-հավելեց պաշտոնյան:

Այս խորագրի վերջին նյութերը