Աշխարհ

23.02.2010 18:57


Թուրքիայում ներքին պատերա՞զմ է

Թուրքիայում ներքին պատերա՞զմ է

«Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսել է Թուրքիայում տիրող ներքին իրադրության մասին։ Նա նշել է, որ այդ իրադրությունը վերջին շրջանում սրվել է։ Նրա կարծիքով կարելի է նույնիսկ ասել, որ Թուրքիայում ներքին պատերազմ է սկսվել. բայց դեռևս զոհեր չկան։

Այդ ներքին պայքարը տեղի է ունենում երկու հիմնական վերնախավային խմբավորումների միջև՝ ավանդական քեմալականների և նոր ձևավորված, պայմանականորեն՝ իսլամամետների միջև։ Թե ինչ ելք կունենա այդ պայքարը, Ռուբեն Սաֆրաստյանը դժվարացել է կանխատեսել։

Նա նշել է, որ պայքարի սրացումն ազդում է Թուրքիայի իշխանությունների քաղաքականության վրա՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ։

Թուրքիայում ռազմական հեղաշրջման հավանականությունը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, երբեք չի կարելի բացառել, սակայն իր կարծիքով Թուրքիան արդեն անցել է իր զարգացման մի այնպիսի փուլ, երբ ռազմական հեղափոխությունները հնարավոր չեն կամ քիչ հավանական են, քանի որ.

1. Սասանված է զինվորականության հեղինակությունը, և եթե հիմա Թուրքիայում ռազմական հեղաշրջում տեղի ունենա, բազմաթիվ մասնագետներ նշում են, որ մեծ թվով զոհեր կլինեն, որովհետև հասարակությունը չի համակերպվի ռազմական հեղաշրջման հետ։

2. Երկրորդ հանգամանքն այն է, որ աշխարհն էլ է այլ։ Մեծ է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի դերը, որոնք բազմիցս հայտարարել են, որ չեն ընդունի որևիցե զինվորական հեղաշրջում և քաղաքական միջամտություն։

3. Թուրքիայի զինվորականությունը, սպայակույտն այլևս միատարր չէ, ինչը նշանակում է, որ եթե բարձրագույն ղեկավարությունը որևէ գործողության հրաման տա, նա վստահ չէ, որ այդ հրամանն անվերապահորեն կկատարվի։

Նրա կարծիքով Թուրքիան կփորձի օգտագործել ստեղծված իրավիճակը հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու գործընթացի ձգձգումը բացատրելու համար։ Այս առումով, նրա կարծիքով, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը այլընտրանքային ուժ չկա, քանի որ ավանդական կուսակցությունները շատ թույլ են։

-Եթե ռազմական հեղաշրջում լինի, և իշխանության գան քեմալականների կարծիքները, գաղափարներն ու դիրքորոշումները արտահայտող քաղաքական ուժերը, ապա չեմ կարծում, որ այդ ուժերը կշարունակեն այն քաղաքական գիծը, որ հիմա որդեգրել են Թուրքիայի իշխանությունները, միանգամից կկանգնեցվի հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ողջ գործընթացը,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը