Կարծիք

24.02.2010 11:04


Հայաստան-Սփյուռք բաց երկխոսության հարթակ Վաշինգտոնում

Հայաստան-Սփյուռք բաց երկխոսության հարթակ Վաշինգտոնում

Անկախության 20 տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք երկխոսությունը, եթե նման բան եղել է, սահմանափակվել է միայն ,պաշտոնականե հարաբերություններով, այն է՝ շփումներով ՀՀ կառավարության եւ սփյուռքի տարբեր կառույցների միջեւ: Լուրջ երկխոսություն՝ փոխադարձ պատասխանատվության, մշակութային փոխլրացման, ամենատարբեր շերտերում գործակցության մասին երկխոսություն, այդպես էլ չի կայացել:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ այլ «բազեական» միջոցառումները, սփյուռքահայ գործարարներին Հայաստանի համար ,աշխատեցնելըե, սփյուռքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բարձրաշխարհիկ ճաշկերույթները չէին կարող լրացնել Հայաստանի եւ սփյուռքի տարբեր գաղթօջախների միջեւ մշակութային անջրպետը, որ գոյացել էր տարբեր զարգացման ճանապարհ բռնած եւ տարբեր արժեքային հիմքեր որդեգրած միջավայրերում 70 տարի իրարից մեկուսի ապրելու եւ 70 տարի հետո էլ նույն կերպ ապրել շարունակելու պատճառով:

Սակայն շփումների այդ մակարդակը կարծես բավարարում էր երկու կողմին էլ (իմա՝ ՀՀ կառավարությանն ու սփյուռքի կառույցներին) նույնիսկ Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության համար այնքան ճակատագրական մարտիմեկյան իրադարձություններից հետո, եւ դադարեց բավարարել միայն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիվանագիտության եւ արձանագրությունների պատճառով:

Անկախության 20 տարիների ընթացքում երբևէ այսպիսի հիասթափություն չի եղել հայաստանցիների եւ սփյուռքահայերի միջեւ, բայց նաեւ երբեւէ իրատեսության այսպիսի բացառիկ դուռ չի բացվել:

Այս խնդիրների շուրջ ակնհայտորեն լուրջ, թեկուզեւ դժվարին խոսակցություն է ծավալվելու Policy Forum Armenia-ի (PFA) երկրորդ տարեկան համաժողովում, որը նվիրված է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ մի քանի օրից մեկնարկելու է Վաշինգտոնում: Այդ խոսակցության որակի վկայությունը ոչ միայն օրակարգում ընդգրկված թեմաներն են, ոչ միայն հրավիրված հյուրերի ու զեկուցողների կազմն է, այլեւ PFA-ի պատրաստած զեկույցը, որը խորքային վերլուծության է ենթարկում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դինամիկան՝ օբյեկտիվ քննադատական հայացք նետելով դրանց վրա, ինչն ավանդական դարձած ավելորդ սիրալիրություններին սովոր շատերին կարող է դուր չգալ: Զեկույցը կհրապարակվի համաժողովի առաջին օրը:

Խորհրդանշական են նաեւ համաժողովի անցկացման ամսաթվերը՝ փետրվարի 28 եւ մարտի 1, 2: Քննարկումների հիմնական առանցքը Հայաստանի եւ Սփյուռքի փոխներգրավվածությունն է Հայաստանի ժողովրդավարացման, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների, տնտեսական ոլորտի, կառավարման եւ համակարգային խնդիրներում: PFA-ը հրավերներ է ուղարկել սփյուռքում գործող բոլոր կառույցներին՝ անկախ դրանց քաղաքական, կուսակցական ուղղվածությունից: Համաժողովում հատուկ ուղերձով հանդես է գալու «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա ելույթը նախատեսված է մարտի 1-ին: Օրակարգում են նաեւ Նուբար Աֆեյանի (ԱՄՆ), Քեթրին Քեսեջյանի (Փարիզ), Վիգեն Աթթառյանի (ՀԲԸՄ, Մոնրեալ), Արա Սանջյանի (Միչիգան), Օնիկ Բեյլերյանի (Քվեբեկ), Խաչիկ Թոլոլյանի (ԱՄՆ), իսկ Հայաստանից՝ Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ), Արա Պապյանի («Մոդուս վիվենդի»), Իգոր Մուրադյանի (Աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության ինստիտուտ), Լարիսա Ալավերդյանի («Ժառանգություն» կուսակցություն) ելույթները:

Համաժողովը բացվելու է Բրուքինգս հաստատության դոկտոր Դանիել Կաուֆմանի խոսքով. պետական կառավարման եւ հակակոռուպցիոն ասպարեզում նա միջազգային գիտական հեղինակություն է: PFA-ի զեկույցին հաջորդած քննարկումը կծավալեն Թաֆթս համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Հրաչյա Չիլինգարյանը, Կանադայից պրոֆեսոր Ռազմիկ Փանոսյանը: Համաժողովի հրավերն ընդունել է նաեւ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:

Նախատեսված են նաեւ երիտասարդ գիտնականների եւ ակտիվիստների ելույթներ: Երիտասարդների համար համաժողովի շրջանակներում հանդիպումներ կկազմակերպվեն մի քանի ոլորտների ամերիկյան եւ միջազգային մասնավոր եւ հանրային կազմակերպությունների հետ՝ աջակցելու երիտասարդների ներգրավմանը եւ կարիերային:

Կազմակերպիչները նշում են, որ սա ոչ թե զուտ PFA-ի միջոցառում է, այլ հարթակ՝ հիմնականում անկախ գիտնականների եւ մտավորականների, սփյուռքի հիմնական դերակատարների համար՝ նշված խնդիրների մասին բաց երկխոսություն ծավալելու համար: Սա ,մենք մերոնցովե՝ դաշնակցականներով, ռամկավարներով, հայաստանցիներով, ՀԲԸՄ-ով հավաքույթ չէ, այլ ներառում է բոլոր շահագրգիռ կողմերին: «Առանց չափազանցության կարելի է ասել, որ սա մոտակա ժամանակներում ամենալայն եւ հնարավոր է ամենակարեւոր հանդիպումն է Սփյուռքում բոլոր առումներով՝ հաշվի առնելով հենց թեկուզ միայն մասնակիցների ցանկը: Վերջին երկու տարիների իրադարձություններից ելնելով՝ սրանից հարմար ժամանակ չէր կարող լինել, եւ մարդիկ այստեղ գիտակցում են, որ շրջադարձային պահն է եկել գնահատելու՝ որտե՞ղ ենք եւ որտե՞ղ ենք ուզում լինել»,- ասում է PFA-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը:

Հայաստանում քաղաքացիական հասարակության եւ մտավորականության շրջանակներում ընթացող քննարկումներում արժևորում ու վերարժևորում են երկրի անցած ու անցնելիք ճանապարհը, իսկ վաշինգտոնյան այս համաժողովը կարող է փոխադարձ հիասթափության պատնեշը քանդելու ու ավելի պատասխանատու փոխներգրավվածության խթան հանդիսանալ:

Ծովինար Նազարյան

Վաշինգտոն

Այս խորագրի վերջին նյութերը