Հարցազրույց

17.07.2018 22:52


Ռուբեն Հայրապետյան. Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է

Ռուբեն Հայրապետյան. Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է

Այսօր՝ հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆեդերացիայի գործկոմի նիստը: Նիստի ավարտից հետո Հայրապետյանը 3 լրատվամիջոցի հետ զրուցել է հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների մասին.

«Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- սկսեց Հայրապետյանը:

-Որպես Ձեզ փոխարինող՝ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը…:

-Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ասել եմ, որ ես պայքարում եմ պայմանավորված խաղերի դեմ: Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է:

Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:

-Ակումբները սկսել են հայտարարություններ տարածել Ձեր և ֆեդերացիայի դեմ…:

-Այո, Ակումբների վայ-ղեկավարներ իմ դեմ «վայնասուն» են բարձրացրել: Սա միշտ եղել է…: Ինձ մեղադրում եմ սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ… իրենց թվարկած հարցերում օրենքի կետ չկա: «Շիրակը» «բռնվել է» կոռուպցիայի մեջ: Վերցրեք «Փյունիկի» ղեկավարի, իր կողքի մարդկանց մեղադրանքները և իրականության հետ համադրեք: «Փյունիկի» բոլոր թիմերը նա նվեր է ստացել: Նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Ես կարծում եմ, որ այո, ինքս էլ պետք է գնամ:

-Գաղտնիք չէ, որ Օլեգ Մկրտչյանի հետ ունեք լավ հարաբերություններ: Տարօրինակ է «Բանանցի» պահվածքը. ինչո՞ւ էս պահին:

-Օլեգ Մկրտչյանն իմ ընկերն է: Նա ձերբակալված է այժմ, մարդիկ օգտվում են առիթից: Չգիտեմ, նա այժմ զբաղվում է ֆինանսավորմամբ, թե ոչ:

-Արթուր Սողոմոնյանը «Փյունիկը» վերցնելու համար գումար տվե՞լ է:

-1 ցենտ, 1 լումա անգամ չի վճարել: Ավելին ասեմ՝ ասել է ավտոբուսի համար, դա էլ ենք նվիրել, դա մեր սեփականությունն է եղել: 1 տարուց ավելի մնացել են բազայում, ասել է, որ գնելու է, հետո փոշմանել է: 6 ամիս սպասել ենք, այս դեպքերից հետո ասացի, որ էլ անելիք չունեք այդտեղ:

Ես չեմ հեռանալու ֆուտբոլից, թիմ եմ պահելու:

-Եթե Ձեր նշած՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող անձինք չառաջադրվեն, Դուք կառաջադրվե՞ք ՀՖՖ նախագահի պաշտոնում:

-Ես ասեմ, թե ինչի համար կառաջադրվեմ. ոչ թե ուզում եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինել, ոչ, կարևոր չէ զուտ պաշտոնը: Կառաջադրվեմ միայն այն բանի համար, որպեսզի չգան եղածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրել… այնպես չէ, որ ես ՀՖՖ լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի այն մարդկանց ձեռքը, ովքեր կգան ու ֆուտբոլին վնաս կտան: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա էլ ավելացնել:

-Նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է: Ծրագիր ներկայացնելու համար 10 օրը քիչ ժամանակ չէ՞:

-Ով թեկնածու է լինելու, հիմա էլ կարող է պատրաստվել: Մենք ՖԻՖԱ-ի կանոնադրությաը պետք է ամեն ինչ հստակեցնենք: Դա բարդ գործընթաց է, ես ցանկանում եմ արագացնել գործընթացը: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց թույլ չեմ տա, որ մարդիկ այս ամենը քանդեն:

-Առաջադրվել-չառաջադրվելու հարցերն ինչպե՞ս է լինելու:

-Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն:

-Ամեն դեպքում, Ազգերի լիգայի մասով Դուք ամենալավն եք տիրապետում իրավիճակին. սխալ չի լինի՞ այդ ընթացքում փոփոխություններ անել. հավաքականի ծրագրեր, մարզիչ…:

-Իհարկե բարդ բան է: Ես՝ որպես ՀՖՖ երկար տարիների ղեկավար, սրտացավ եմ: Ես ցանկացածի կողքին կկանգնեմ այդ ժամանակահատվածը լավագույնս անցկացնելու համար: Եթե օգտակար աշխատանք է լինելու, ամեն ինչի կարելի է գնալ: Խոսք եմ տալիս, որ վնաս չի լինելու: Մենք լավ հավաքական ունենք և լավ ենք հանդես գալու Ազգերի լիգայում:

-«Շիրակը» պնդում է, որ հանդիպել եք Արման Սահակյանի հետ: Նշվում է նաև այն մասին, որ երաշխիքներ եք տվել:

-Զավեշտի աստիճանի է: Նախ ասեմ, դեպքը ֆիքսողը ես չեմ եղել: Կանչել եմ Սահակյան Արմանին, «Բանանցի» ներկայացուցչի փոխանցածը ցույց եմ տվել, հարցրել եմ, սա ի՞նչ է: Ասաց, որ խնդիր է դրել ամեն գնով չեմպիոն դառնալ: Ես ասացի, որ լուծումները միավորների հանումն է և մնացած պատժամիջոցները, որոնք մինիմում են: Իմ բախտը բերել է, որ «Փյունիկի» հետ իմ ընտանիքը կապ չունի, թե չէ կասեին, որ արել ենք «Փյունիկի» համար… ես ի՞նչ շահ ունեմ: Դիմել են արբիտրաժային դատարան, կտեսնենք:

«Փյունիկի» վերաբերյալ մանրամասներ.

«Ես տարիներ ի վեր ասել եմ, երբ մարդ կգա, ով պատրաստ է ղեկավարել ակումբը, կնվիրեմ: Չելոյանցը ծանոթացրեց Սողոմոնյանի հետ, առանց մի վայրկյան մտածելու նվիրեցի. անգամ ինքը չէր հավատում, զարմացել էր: Մեր պայմանավորվածության համաձայն նա պետք է գներ մարզաբազան: Եթե որոշել են բոյկոտեն, թող գնան ու բոյկոտեն: Ես իրեն նվեր եմ տալիս, որ ինձ այսպիսի մեղադրանքնե՞ր հասցնի…: Բանավոր պայմանավորվել էինք, որ պետք է գներ. դե թող գներ: Ավելին ասեմ՝ հարցրել էր, թե հնարավո՞ր է տարիների ընթացքում գնել, ասել եմ, որ այո, կլինի: Վերջում՝ հունիսին եկավ ու ասաց, որ չի ուզում գնել: Թող չգնի:

-«Փյունիկն» էլ հայտարարությունում ասել է, որ իբր թույլ չեք տվել ֆուտբոլի ակադեմիայում մարզվել, իսկ «Հանրապետական» ստադիոնն էլ կրկնակի թանկ է տրամադրվել «Վարդարի» հետ հանդիպման համար:

-Ես նման բան չեմ ասել: Իրենք ցանկացել են հավաք անցկացնել. շոգ ժամանակ հիվանդություն է տարածվում: Մենք կասեցրել ենք մարզումային գործընթացները, զբաղվել ենք այդ հարցով: Այդ մասին ես անձամբ Սողոմոնյանին ասել եմ, նա այդքան տղամարդկություն չունի, որ ճիշտ խոսի: «Հանրապետական» ստադիոնի գինն իհարկե թանկացրել ենք. մարզադաշտը պահպանման կարիքներ ունի: ՈւԵՖԱ-ից ակումբների ֆինանսավորումն ավելացել է, թող դա էլ վճարեն, ինչի՞ մասին է խոսքը: Լեգենդների խաղ է կազմակերպում, միլիոնավոր գումարներ է ծախսում, չի ցանկանո՞ւմ պաշտոնական խաղի համար գումար ծախսել: Մեկ այդ հանդիպման ծախսը մեկ ֆուտբոլիստ հրավիրելու չափ է…: Եվրոպա լիգայի խա՞ղն է ավելի կարևոր, թե՞ 60 տարեկան վետերանի խաղալը: Պետք է ֆուտբոլային մտածել և խելոք խոսել:

-Կարո՞ղ է տարբերակ լինել, որ հետ վերցնեք «Փյունիկը»:

-Ես նվիրել եմ իրեն, նոր թիմ կստեղծեմ: Ճիշտ նայեք. իմ դեմ են գործում, ես ավել բան նվիրե՞մ: Տարիներ առաջ միլիոններ եմ ծախսել «Փյունիկը» վերանորոգելու համար, նայեք ի՞նչ օրն են գցել: Չեմ ասել, որ իրենց փչացրածը վերականգնեն:

-Ճիշտ հասկացա՞նք. եթե չմնաք ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ամեն դեպքում, լինելո՞ւ եք ֆուտբոլում:

-Այո, ես թիմ եմ պահելու. «Նորացված «Փյունիկ»»: Դպրոցում ընդունելություն է սկսվել, իր հունով կգնա:

-Խոսվում է այն մասին, որ ակումբները ակադեմիայից օգտվելու հավասար հնարավորություն ունեն. կա՞ նման բան:

-Ծիծաղելի չէ՞: Հասարակ բան եմ ասում. Տեխնիկական կենտրոնը ունի ֆուտբոլիստների սահմանված քանակ՝ եթե չեմ սխալվում, 600-680: Այդ մարզադաշտերը ո՞նց պետք է բավականացնեն: Կենտրոնի ֆուտբոլիստներին ասենք դուրս եկեք, որ Արթուր Սողոմոնյանի թիմը գա մարզվի՞: Հայաստանի ամեն մի քաղաքացի ունի հավասար իրավունք, այս ակադեմիան ժողովրդինն է, իմ կամ մյուսի սեփականությունը չէ: Ակադեմիայն ունի մենեջմենթ, աշխատանքի կազմակերպում: Մինչև 14, 15 տարեկանների հավաքականները արհեստական խոտածածկով դաշտերում են մարզվում:

-Պրոֆեսիոնալ լիգայի մասին ի՞նչ կասեք:

-Թող ստեղծեն: Բազմաթիվ բաներ կարելի է դասակարգել, բայց իրենք չգիտեն, թե պրոֆեսիոնալ լիգան ինչ է:

Ֆեդերացիայի նախագահը մեկ գլխացավանքից ազատվում է, դա վնասելու է ֆուտբոլին: Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելը վնաս է տալու ֆուտբոլին:

-Պրոֆեսիոնալ լիգան կարող է նախնական գումարը հավաքել, բայց հետո դժվար է լինելու համակարգելը…:

-Ահա, պատկերացնո՞ւմ եք այս մարդկանց լիգայի մեջ: Կարևոր է իշխանության մեջից մարդ լինել և ուժեղ լինել: Ինձ մեղադրել են կոպիտ լինելու մեջ… հավատացեք, դա պետք է: Ավելին ասեմ. ինձ վիրահատել են, որոշները ոտքի են կանգնել…: Այդպես է: Արթուր Վանեցյանը ոչ իմ ընկերն է, ոչ մտերիմը. այս պահին նա շատ մոտ է իշխանությանը, ոչ ոք չի կարող անօրինականություն անել:

«Նշեմ, որ դիմել եմ գործկոմին, որպեսզի ընդառաջեն ու «Շիրակը» վերադառնա Բարձրագույն խումբ»,- հավելեց Ռուբեն Հայրապետյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը