Աշխարհ

20.07.2018 20:25


The Guardian. «Սարսափի խեղդող մթնոլորտը շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայում»

The Guardian. «Սարսափի խեղդող մթնոլորտը շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայում»

2016թ․ ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը լայն արձագանք է գտել համաշխարհային մամուլում։

Ֆրանսիական «Le Monde» թերթը նկատել է, որ արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում օգտագործվում էր հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հեղինակների և քուրդ քաղաքական գործիչների հետապնդման, ինչպես նաև քննադատական դիրքորոշում ունեցող լրագրողներին ու հասարակական կազմակերպություններին թիրախավորելու նպատակով։

Թերթը մտահոգություն է հայտնել, որ արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը որևէ փոփոխություն չի մտցնի երկրում տիրող բռնության մթնոլորտում։ Աղբյուրը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ մարդկանց աշխատանքից զանգվածաբար հեռացնելու դեպքերը դեռ շարունակվում են, միաժամանակ սահմանափակվում են թիրախավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքն ու երկրից հեռանալու հնարավորությունը։

Ֆրանսիական «Le Figaro» թերթի համոզմամբ՝ Էրդողանի ռեժիմը օրակարգից հանել է միայն «արտակարգ դրության» անունը, այլ ոչ բուն ռեժիմը։ Աղբյուրի համաձայն՝ իշխող կուսակցության կողմից մեջլիսի օրակարգ բերված նոր նախագծերի շնորհիվ արտակարգ դրության ռեժիմը զգալի մասշտաբով կշարունակի գոյություն ունենալ։

Գերմանական «Der Spiegel» պարբերականի պաշտոնական կայքը նույնպես նկատել է, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի դադարեցման մասին հայտարարությունները որևէ փոփոխության չեն հանգեցնի։

Բրիտանական «Financial Times» թերթն էլ հիշեցրել է, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում միայն հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով 75․000 քաղաքացի է կալանավորվել, իսկ 130․000 մարդ հեռացվել է աշխատանքից։

Իսկ «The Guardian» թերթի բնութագրմամբ՝ սարսափի խեղդող մթնոլորտը շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայում՝ անկախ արտակարգ դրության ռեժիմի դադարեցումից։

«2016թ․ հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմը դադարեցվեց, սակայն Էրդողանը համառորեն շարունակում է հետապննդել ընդդիմադիրներին»,-ասված է հոդվածում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը