Քաղաքական

20.07.2018 21:02


ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

Գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցի պահեստում «Զինվորի բաժին» նշագրմամբ պահածոների հայտնաբերումից հետո պաշտպանության նախարարությունը դադարեցրել է հատկացումները «Երկրապահ կամավորականների միությանը»։ Այս մասին հայտնեց ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը: Նա ասում է, որ իր պաշտոնավարման օրոք՝ 2016-ից մինչև ԱԱԾ աղմկոտ բացահայտումների շրջանը, ԵԿՄ-ին հատկացվել են իրեր, նաև սնունդ։ Թե ինչ չափաքանակով, գնդապետը չմտաբերեց, բայց նշեց՝ զարմացած է ու չի հասկանում, թե ինչպես էին դրանք հայտնվել Գրիգորյանի տանը։

«Ներկա պահին ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում [ԵԿՄ-ին], մինչև նախաքննության ավարտը: Անկեղծ ասած չեմ պատկերացնում, որ հատկացումները նման ծավալների են եղել, բայց հույս ունենք՝ քննությունը ցույց կտա, թե էդ ծավալները որտեղից են կուտակվել»,-ասաց Մարգարյանը:

Գնդապետն ասում է՝ պարենային ապահովության ոլորտում խախտումների մասին բողոքներ ստանում են նաև իրենք։ Վերջերս նման մի դժգոհություն Սյունիքի զորամասերից մեկից էր ստացվել․ ստուգել էին ու պարզել, որ սննդամթերքի հատկացումները ժամանակին չեն եղել, արդյունքում մեղավորներին կարգապահական տույժի են ենթարկել։ Բայց սա առիթ չէ, որ ծնողները մտածեն, թե զինվորները քաղցած են մնում, վստահեցնում է Մարգարյանն ու հավելում՝ ԶՈւ-ն ինքնաբավ է սննդի հարցում, այնպես որ «տպավորություն թող չստեղծվի, թե զինվորին ընտանիքն է կերակրում»։

Թանապուր, մածուն, 3 տեսակի բուսական պահածոներ, քաղցրաբլիթ, իսկ սեզոնին՝ լոլիկ վարունգ, նաև խնձոր՝ սրանք զինված ուժերի ճաշացանկում 2018-ի նորամուծություններն են։ Փոփոխությունները համակարգում, սակայն, այսքանով չեն ավարտվում։ Պետությունն ուշադրության կենտրոնում է պահում նաև զինվորների հանդերձանքի խնդիրը։ Արդեն որոշվել է՝ առաջնագծում հերթապահող ժամկետային զինծառայողներին վեց ամիսը մեկ համազգեստ ու կոշիկ հատկացնելուց բացի, կտրվի նաև մեկական նոր տոնական համազգեստ։ Հատուկ առիթներին զինվորը պետք է ներկայանալի տեսք ունենա՝ ասում է Թիկունքի վարչության իրային ծառայության պետ Վահան Պապյանը:

Այն, որ համազգեստը լավը չէ, շուտ է մաշվում ու խամրում, գնդապետ Պապյանն այս դիտարկմանն արձագանքում է՝ բամբակյա իրերի օգտագործման ժամկետը սահմանափակ է։ Ինչ վերաբերում է ներքնաշորերի ու գուլպաների պակասին և կրկին տանից ուղարկելուն, ապա գնդապետն ասում է՝ դա շատ հաճախ զինվորների անձնական քմահաճույքի հետևանքն է, երբ օգտագործածը նորից կրել չեն ցանկանում։ Նրա խոսքով, շոտով կլուծվի նաև համազգեստի լվանալու հարցը՝ 450 միավոր լվացքի մեքենա է ձեռք բերվելու բանակի համար, իսկ յուրաքանչյուր զինծառայողի հատկացվելու է անհատական լվացքի պարկ։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը