Քաղաքական

23.07.2018 16:54


Վաչագան Ղազարյանը մնում է կալանքի տակ՝ նա դեռ չի վճարել 1 մլրդ դրամ գրավը

Վաչագան Ղազարյանը մնում է կալանքի տակ՝ նա դեռ չի վճարել 1 մլրդ դրամ գրավը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դեռ չի վճարել դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը և գտնվում է կալանքի տակ, «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ «Ազատությանը» հայտնեց, որ արդեն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը, և այն ուսումնասիրելուց հետո ըստ ամենայնի շաբաթավերջին հանդես կգա հայտարարությամբ։ Հարցին, թե ե՞րբ կվճարվի 1 միլիարդ դրամ գրավը, փաստաբանը պատասխանեց, որ չգիտի։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Ղազարյանը կալանավորվել է երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան։

Այս խորագրի վերջին նյութերը