Լրահոս

18.08.2018 23:00


Սոցծառայությունների Շենգավիթի տարածքային ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել

Սոցծառայությունների Շենգավիթի տարածքային ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում կատարված ենթադրյալ չարաշահումների, նպաստառուներից պատասխանատու անձանց կողմից գումար պահանջելու վերաբերյալ: Դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ, որոնք ստացվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, որտեղ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից կամ նրանց հարազատներից ծառայության աշխատակիցների կողմից պահանջվել է գումար։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 9-ի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումների մասնակցություն է ունեցել նաև սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ներկայիս պետը, ով նախկինում զբաղեցնելով նույն ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը՝ 2012 թվականի փետրվարի 1-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 2-ը, քաղաքացիներից ապօրինի վարձատրություն է պահանջել՝ վերջիններիս օգտին սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում գործողություններ կատարելու համար:

Ձեռքբերված ապացույցների համակցությամբ՝ օգոստոսի 17-ին սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ):

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, բայց միաժամանակ թույլատրելի է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը և որպես գրավի չափ՝ սահմանել 1,5 մլն ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը