Աշխարհ

29.08.2018 19:43


Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստող անձ է չեզոքացվել

Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստող անձ է չեզոքացվել

Օգոստոսի 29-ին Ադրբեջանի Խաչմազ շրջանում չեզոքացվել է Նաջաֆով Նիզամի Ադիլ օղլու (Nəcəfov Nizami Adil oğlu) անունով անձը, որը մեղադրվում էր Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ահաբեկչություն նախապատրաստելու համար։

Այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հետաքննությամբ պարզվել է, որ Նաջաֆովը ձեռք բերելով զինամթերք, ահաբեկչական գործողություններ է նախապատրաստել Ադրբեջանի հյուսիսային շրջաններում։

Հետաքննության ժամանակ գլխավոր դատախազության և ՊԱԾ աշխատակիցները օգոստոսի 29-ին Խաչմազի շրջանում գործողությունների ընթացքում փորձել են ձերբակալել Նաջաֆովին, սակայն վերջինս ցուցաբերել է զինված դիմադրություն, իսկ պատասխան կրակի ժամանակ սպանվել է։

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ սպանվածը ծայրահեղ իսլամիստական խմբի անդամ էր։

Հիշեցնենք, որ հուլիսի 3֊ին էլ Գյանջայում մի քանի զինված անձինք մահափորձ էին իրականացրել Գյանջայի քաղաքապետի վրա։ Այս գործով ձերբակալվեց Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովը, որին Ադրբեջանը կրկին ներկայացնում էր որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամ։ Մեկ շաբաթ անց, ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի Գյանջայում մոտ 200-300 հոգի ցույցեր արեցին, որոնց ժամանակ ծեծելով սպանեցին երկու փոխոստիկանապետի։ Ցույցերի մասնակիցները ևս ներկայացվել էին որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամներ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը