Լրահոս

06.09.2018 22:02


Հայաստան-Լիխտենշտեյն՝ 2:1 (տեսանյութ)

Հայաստան-Լիխտենշտեյն՝ 2:1 (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայի խաղարկությունում: Խմբային փուլի առաջին խաղում մեր ընտրանին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Լիխտենշտեյնի հետ:

Հանդիպման առաջին խաղակեսում առավելություն ունեին մեր ֆուտբոլիստները: Խաղասկզբում երկու լավ հնարավորություն ուներ Մարկոսը:

Երկու դեպքում էլ հարվածները որսաց դարպասապահը:

Մի քանի րոպե անց «Ակտոբեի» կիսապաշտպանի հարվածը հետ մղեց դարպասապահը, իսկ վրա հասած Մխիթարյանը չկարողացավ գրավել դարպասը:

Բազում փորձերից հետո վերջապես արդյունքի հասանք 30-րդ րոպեին: Օզբիլիսի փոխանցումից հետո շքեղ գոլի հեղինակ դարձավ Մարկոսը: «Ամենահայ բրազիլացին» Ազգերի լիգայում խփեց Հայաստանի առաջին գոլը:

Հայաստանի ընտրանու ուրախությունը կարճ տևեց: 34-րդ րոպեին մրցակիցը կարողացավ հաջող օգտագործել իր եզակի գրոհներից մեկը: Աջ եզրից կատարած փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Վոլֆինգերը:

Գոլից հետո էլ Մինասյանի ֆուտբոլիստներն ակտիվ էին ու կարող էին կրկին առաջ անցնել հաշվի մեջ: Դրվագներից մեկում գլխի հարվածով կարող էր աչքի ընկնել Կառլեն Մկրտչյանը, սակայն կրկին փայլուն խաղաց դարպասապահը՝ Բուչելը:

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին ավելի մեծացրեց ճնչումը: 69-րդ րոպեին Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խաղից հետո 11 մետրանոց նշանակվեց Լիխտենշտեյնի դարպասին: Գնդակին մոտեցավ հենց Մխիթարյանը, ում հարվածից հետո Բուչելը նորից փայլեց՝ հետ մղելով գնդակը:

Չիրացրած 11 մետրանոցից հետո մեր ընտրանին ևս մի շարք գոլային պահեր ունեցավ: Լավ դիրքում հայտնվեց Մխիթարյանը և նրա գլխի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Խաղի 75-րդ րոպեին Լիխտենշտեյնը մնաց 10 ֆուտբոլիստով, քանի որ դաշտից հեռացվեց Պոլվերինոն:

76-րդ րոպեին աջ եզրում հիանալի գործեց Արաս Օզբիլիսը, ում փոխանցումից հետո Բարսեղյանը կարողացավ դառնալ գոլի հեղինակ՝ առաջ մղելով մեր թիմին և խփելով Հայաստանի ընտրանու կազմում իր առաջին պաշտոնական գոլը:

Հանդիպումն այդպես էլ ավարտեց՝ 2:1 հաշվով: Մինասյանի թիմը վաստակում է 3 միավոր ու պատրաստվում սեպտեմբերի 9-ին կայանալիք խաղին, որտեղ կմրցենք Մակեդոնիայի հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը