Քաղաքական

08.09.2018 19:20


Որևէ մեկին թույլ չենք տա Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսել. Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

Որևէ մեկին թույլ չենք տա Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսել. Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտության կարգավորմանը: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների:

«Ես, այդ հարցին պատասխանելիս, միշտ հարկ եմ համարում ընդգծել, որ առաջինը պետք է Ադրբեջանին հարցնել՝ արդյոք նա պատրա՞ստ է փոխզիջումների, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին, որևէ ձևով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Եվ ասում ենք, որ Հայաստանի հետ որևէ մեկը չի կարող խոսել սպառնալիքների լեզվով: Մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ ապագայում Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս: «Ինչ վերաբերվում է ապագա մեր պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս: Իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մեկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եվ այստեղ որևէ կասկած չի կարող լինել»,-եզրափակեց վարչապետը:

Այս խորագրի վերջին նյութերը