Աշխարհ

09.09.2018 10:48


Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու. Փաշինյան

Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու. Փաշինյան

Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, Մոսկվայում պատասխանելով «Ազատության» հարցին հայտարարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։

Ռուսաստանի հետ իրականացվելիք հումանիտար ծրագրի մասին Փաշինյանը խոսել էր սեպտեմբերի 4-ին՝ Երևանում, սակայն մանրամասներ չէր հայտնել։

Փաշինյանը այսօր նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը չի քննարկել Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Ճշտող հարցին՝ արդյոք Ադրբեջանի անդամակցության հարցը որևէ ռուսաստանցի պաշտոնյա քննարկե՞լ է հայաստանցի պաշտոնյայի հետ, Հայաստանի վարչապետը ժխտական պատասխան տվեց՝ հավելելով՝ եթե պաշտոնական Բաքուն նման ցանկություն հայտնի, ապա հասկանալի է, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ավելի վաղ ասել էր․ «Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»։

Հայաստանի վարչապետը նաև անդրադարձավ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկանան համագործակցության հարցին՝ ասելով, որ «կոնկրետ ծրագրերի մասին կխոսեն համապատասխան գերատեսչությունները»։

«Արդյոք Վլադիմիր Պուտինի հետ որևէ հայաստանցի նախկին պաշտոնյայի [խոսքը ենթադրաբար 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին էր] ճակատագիր քննարկել է». այս հարցին էլ Փաշինյանը պատասխանեց՝ որևէ նման հարց չի քննարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը