Մեկնաբանություն

24.09.2018 11:44


Երևանցիների «այո»-ն և «ոչ»-ը

Երևանցիների «այո»-ն և «ոչ»-ը

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը մի շարք դիտարկումներ ու եզրահանգումներ անելու հնարավորություն է տալիս:

1.Նախ մասնակիցների քանակի մասին:

Երևանցիների կեսից ավելին չմասնակցելով քվեարկությանը՝ «ոչ» ասեց ներկայիս քաղաքական գործընթացներին և ցույց տվեց իր դժգոհությունը կամ էլ՝ անտարբերությունը:

Եթե «Մերժիր Սերժին» կարգախոսը գրեթե 100 տոկոսանոց հանրային մոբիլիզացիա էր ապահովել, ապա հետհեղափոխական գործընթացները (կադրային հարցեր, կառավարման ոճ ու բովանդակություն և այլն) արդեն տրոհել են հանրային կարծիքը:

Կեսից ավելիի չմասնակցությունը ցույց է տալիս, որ հեղափոխական էյֆորիան անցել է (էյֆորիայի պայմաններում, որպես կանոն, արձանագրվում է 70-80 տոկոս մասնակցություն), բայց այլընտրանք փնտրողները հին ուժերի մեջ չեն տեսնում այդ այլընտրանքը, ուստի և պասիվ են պահում իրենց:

Ավագանու ընտրությունը դարձավ նոր իշխանություն և նոր ընդդիմություն ձևավորելու քվեարկություն:

Երևանի հասարակության «ոչ»-ը վերաբերում էր քաղաքական դաշտին: 30 տարվա ընթացքում ձևավորված ու որոշակի զարգացում ապրած քաղաքական հարաբերությունները ևս մեկ անգամ մերժվեցին: Առաջին անգամ մերժվել էին այս տարվա ապրիլի 23-ին, երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 23-ին:

«Իմ քայլը» դաշինքին տրված բարձր տոկոսներն էլ էին վերաբերում հնի մերժմանը: Եթե ավագանու քվեարկությունից առաջ քաղաքական դաշտը մահամերձ էր, ապա այժմ այն մահացել է: Հիմա ունենք մեկ հոգու քաղաքական դաշտ:

2.Նիկոլ Փաշինյանի կիրառած «սև-սպիտակային» բաժանումը տեխնոլոգիական առումով արդյունավետ էր, քանզի համախմբում էր իր ընտրազանգվածին:

Փաշինյանն առաջարկեց ոչ թե մայրաքաղաքի կառավարման մարմնի ընտրություն կատարել, այլ անցկացնել վստահության հանրաքվե՝ իր ընտրազանգվածին վախեցնելով «հակահեղափոխականներով» ու «սևերով»:

«Սև-սպիտակային» տեխնոլոգիան նաև ատելության բարձր դոզա էր ապահովում, ինչը նույնպես համախմբում էր Փաշինյանի ընտրազանգվածին, որին մանիպուլյացիայի ենթարկեցին ողջ քարոզարշավի ընթացքում:

Վախի և ատելության համադրությունը ապահովեցին այն արդյունքները, որոնք հրապարակեց ԿԸՀ-ն:

Դատելով ամենից՝ ընտրության են գնացել հիմնականում վարչապետի կողմնակիցները, որոնք հանրության բացարձակ մեծամասնությունը չեն, բայց կազմակերպված են և մոտիվացված, ինչի արդյունքում էլ բացարձակ իշխանություն են կարողանում ձևավորել:

Ավագանու ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը վախվորած, պաշտպանվող և կոմպլեքսավորված տեսք ունեին, քանզի փորձում էին ընտրողին ապացուցել, որ իրենք «սև» չեն: Միայն քարոզարշավի վերջին հատվածում Նաիրա Զոհրաբյանը փորձեց փոխել պատկերը, սակայն գնացքն արդեն գնացել էր:

Ընտրությանը փաստացի մասնակցում էին «Իմ քայլը» և նախորդ համակարգի բեկորները: Բնական է, որ այդ պայմաններում արդյունքները կանխորոշված էին:

3.Ութ տասնյակ տոկոսի հասնող ձայների քանակով ընտրողներն «այո» ասացին Նիկոլ Փաշինյանին և «այո» ասացին արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Սեպտեմբերի 23-ին դրվեցին միաբևեռ քաղաքական համակարգի հիմքերը, որոնք ժողովրդավարական համակարգ կառուցելու առումով խնդրահարույց են:

Ակնհայտ է, որ այժմ Փաշինյանը, օգտվելով ստացած տոկոսներից, գնալու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ արդեն արագացված ռեժիմով:

Հետհեղափոխական Հայաստանը մտնում է քաղաքական զարգացումների նոր փուլ, որտեղ կան մեծ սպասումներ և մեծ վտանգներ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը