Աշխարհ

26.09.2018 17:20


Ուշակովը քիչ հավանական է անվանել այս տարի Հայաստան Պուտինի այցը

Ուշակովը քիչ հավանական է անվանել այս տարի Հայաստան Պուտինի այցը

Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը քննարկվում է, սակայն քիչ հավանական է, որ այն կայանա մինչև այս տարեվերջ։ Հետևաբար արժե կենտրոնանալ 2019 թվականի վրա։ РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Իրոք քննարկվում է մեր նախագահի այցի հնարավորությունը Հայաստան, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվում»,-ասել է Ուշակովը ճեպազրույցի ժամանակ։

«Ենթադրվում է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, դեռ կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ-ի գագաթաժողովում), այլև Աստանայում կայանալիք ՀԱՊԿ-ի նստաշրջանում։ Դա մեկ։ Եվ դեկտեմբերին Մոսկվայում ծրագրվում է Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը, ինչը նույնպես փոխադարձ շփման հնարավորություն է ընձեռում առաջնորդներին, ծայրահեղ դեպքում՝ կարճատև։ Հայաստան այցի հարցը կամ որևէ ժամկետ դեռ չի քննարկվում։ Կարծում եմ, որ, թերևս, այցի առումով արժե կենտրոնանալ հաջորդ տարվա վրա»,-հավելել է նա։

Ուշակովը հիշեցրել է, որ Պուտինի ու Փաշինյանի վերջին հանդիպումը վերջերս է տեղի ունեցել։

«Այս տարի նրանք արդեն 3 անգամ հանդիպել են, բավականին մանրակրկիտ քննարկումներ են եղել։ Մասնավորապես վերջին անգամ նախագահն ու վարչապետը երկուսով զրուցել են շուրջ 3 ժամ, իրոք լավ և մանրակրկիտ զրուցել են»,-ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը։

Հիշեցնենք, այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

«Ռուսաստանի նախագահի այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետներ հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,-ասել էր Բալայանը:

Նշենք նաև, որ ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատև աշխատանքային այց կկատարի Բաքու, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը