Քաղաքական

01.10.2018 21:04


Սրճարանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը (տեսանյութ, լրացված)

Սրճարանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը (տեսանյութ, լրացված)

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

Հանդիպումը տեղի է ունենում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում։

Վարչապետը հայտարարել էր, որ այսօրվանից սկսում է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը և որ առաջինը հանդիպելու է Հանրապետական խմբակցության ղեկավարի հետ։

Փաշինյանը շեշտել էր, թե «վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում առնվազն վստահելի իրավիճակ չկա»։

«Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու, մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար ստանա, այսինքն, ինքն իմանա, որ հինգ տարի կա կայուն խորհրդարանական մեծամասնություն, որը կառավարության հետ աշխատելու է»,-ասել էր վարչապետը։

Նա հույս էր հայտնել, որ քաղաքական ուժերն այս հարցում կգան համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի:

Աղբյուրը՝ Ազատություն

***

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով:

«Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ինքը հայտնում է իրենց դիրքորոշումը, իսկ ՀՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը:

«Մի փաստարկ կա, որ մամուլում ևս շրջանառվում է, թե խորհրդարանում կարող է նույն արդյունքը լինել, ինչպես ավագանու ընտրություններին՝ 80 տոկոս ձայն հավաքեն, և նույն պատկերը կրկնվի: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորների մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր, այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կլինի մեծամասնություն, որը կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով»,-ասաց նա և նշեց, որ կունենան լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն:

«Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս հավաքի՝ բոնուսով լինելու է ԱԺ մեկ երրորդի չափով և ունենալու է երաշխիքներ: Այսօր գործող կարգավորումները երաշխավորում են, որ ԱԺ–ի մեկ երրորդը պետք է ընդդիմադիր լինի, դա նշանակում է՝ 31 հոգի ընդդիմադիր պետք է լինի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին Հանրապետականները, ըստ էության, մեծ հաշվով հրապարակայնորեն հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին պետք է տեղի ունենան, և ըստ նրա՝ դա ոչ կառուցողական մոտեցում է: Նա նշեց, որ թիվ մեկ հարցը խորհրդարանական ընտրություններն են, առանց այդ հարցի լուծման ուրիշ ոչ մի հարց երկրում չի լուծվի:

«Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է, որ ցանկանում է՝ ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հանդիպումից գոհ ու դժգոհի խնդիր չկա: Վարչապետն ասաց, որ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է, և ըստ անհրաժեշտության արտախորհրդարանական ուժերի հետ ևս կհանդիպեն:

«Երկու տարբերակ կա. մեկն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է ,որ համաձայնություն ենք ստորագրում, որ վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա և նշեց, որ երկու տարբերակներն էլ իրենց առավելությունները և ռիսկերը ունեն:

Նա ասաց, որ հիմա հնարավոր չէ իրենց հետ կայացրած որևէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը