Մեկնաբանություն

08.10.2018 14:55


«Թողեք՝ աշխատեն»

«Թողեք՝ աշխատեն»

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին:

ՀՀԿ-ում ճիշտ հակառակ կարծիքի են և գտնում են, որ ոչ մի արտահերթի կարիք չկա, քանզի խորհրդարանը որևէ կերպ չի խոչընդոտում Փաշինյանի կառավարության գործունեությանը:

Մեջտեղում նրանք են, ովքեր դեմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, բայց ողջամիտ չեն համարում նաև արտահերթ ընտրությունների չանցկացումը: Իրարամերժ տեսակետների բախման արանքում գտնվողների համար փոխզիջումայինն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջորդ տարվա մայիսին անցկացնելն է:

Ժամկետների շուրջ տեղի ունեցող բանավեճը կամ պայքարը, մեր կարծիքով, երկրորդական է: Գլխավորն այն է, թե ի՞նչ խնդիր է լուծվում:

Եթե լուծվում է ՀՀԿ-ական քաղաքական մենաշնորհը փաշինյանական (ոչ թե ՔՊ-ական) մենիշխանությամբ փոխարինելու հարցը, ապա արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել ոչ թե դեկտեմբերին, այլ նոյեմբերին կամ անգամ հոկտեմբերին (միայն տեխնիկական ու օրենսդրական որոշ հանգամանքներ կխանգարեն, որպեսզի հենց վաղը հպարտ քաղաքացիները Փաշինյանին հանձնեն խորհրդարանի 81 տոկոսը, այսինքն՝ փաստացի 100 տոկոսը): Իսկ եթե խնդիր է դրված նախկին քաղաքական համակարգը և իշխանական հարաբերությունները վերափոխել առողջ օրգանիզմի, ապա պետք է հանրությունը ոչ թե պաշտպանի այս կամ այն կողմին, այլ դառնա 3-րդ կողմ՝ պաշտպանելով հանրային ու պետական շահը:

3-րդ կողմի խնդիրը պետք է լինի հետևյալը՝ ստիպել կառավարությանը սոցիալ-տնտեսական և օրենսդրական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև ստիպել խորհրդարանին՝ չխոչընդոտել այդ բարեփոխումներին: Եթե որևէ մեկը չի կատարի իր ֆունկցիան, ապա պետք է ազատվել նրանից:

Արտահերթ ընտրություններ, անշուշտ, պետք է լինեն, բայց դրանից առաջ արժե տեսնել, թե ինչի՞ է ունակ կառավարությունը, ինչի՞ է ունակ «Իմ քայլը» դաշինքը, որը Երևանում ունի գերմենաշնորհային դիրք:

Իշխանափոխությունից հետո Փաշինյանի կողմնակիցները շատ էին օգտագործում «Թողեք՝ աշխատեն» ձևակերպումը: Հիմա այդ ձևակերպումը առավել քան ակտուալ է: Պետք է թողնել, որպեսզի աշխատի կառավարությունը, աշխատի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որպեսզի տեսնենք, թե ինչի են նրանք ունակ բացի փողոցային պայքարից:

Եթե կառավարությանը խորհրդարանի տոկոսներն են պետք, ապա այդ տոկոսները Փաշինյանն այսօր ունի: Ճիշտ է, դրանք «թղթով» ամրագրված տոկոսներ չեն, բայց դա տվյալ դեպքում էական չէ: Եթե «թղթով» լիներ, ապա Փաշինյանն այսօր վարչապետ չէր լինի: Այնպես որ, գործելու լեգիտիմ մանդատ Փաշինյանն ունի և ոչինչ նրան չի խանգարում տնտեսական կյանքում փոփոխություններ մտցնել, չգնալ նախորդների պես արտաքին պարտքը ավելացնելու ճանապարհով, լուծել արագաչափերի, նկարահանող սարքերի, կարմիր կետագծերի խնդիրները և այլն:

Եվ ուրեմն, հարկավոր է պատրաստվել արտահերթ ընտրությունների և զուգահեռաբար հետևել, թե ինչպես են աշխատում կառավարությունն ու քաղաքապետարանը:

Փաշինյանը խորհրդարանը պատկերացնում է Երևանի ավագանու մոդելով: Արժե, հետևաբար, հետևել, թե ինչպես են աշխատում 81 տոկոս ձայն ստացած քաղաքապետն ու ավագանին, որոնք ի դեմս ԲՀԿ-ի ու «Լույսի»՝ ունեն մի քանի վախվորած, կոմպլեքսավորված ու «սև» ընդդիմախոսներ: Եթե Երևանում արդյունքները դրական կլինեն, ապա կարելի է արդեն մտածել խորհրդարանում էլ ավագանու մոդելը ներդնելու ուղղությամբ: Իսկ եթե պարզվի, որ Երևանում քաղաքական մենաշնորհը պատուհաս է դարձել երևանցիների գլխին, ապա համապատասխան հետևություններ պետք է արվեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետների և այլ բաների մասով:

Կկարողանա՞ մեր ժողովուրդը դառնալ 3-րդ կողմ՝ արբիտր, թե՞ կդառնա կողմերի ձեռքին գործիք: Հարցը հռետորական է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը