Խմբագրական

19.10.2018 10:45


Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Պետություն ունեցող ազգերը տարբերվում են չունեցողներից:

Պետությունը մարդկանց խումբը դարձնում է ժողովուրդ, հետո՝ ազգ:

Պետությունը խալխից հասարակություն կերտելու միակ գործիքն է:

Պետությունը ազգի կամ ազգերի համախմբման ու ինքնակազմակերպման ամենաբարձր ձևն է: Այլ բան դեռ չի մտածվել:

Ամբոխի բանաձևը. հեղափոխություն՝ հանուն ինքնաստրկացման

Սոկրատից, Պլատոնից ու Արիստոտելից այս կողմ փլիսոփայական միտքը պետության տեսակի, պետություն-հասարակություն, հասարակություն-մարդ, պետություն-մարդ հարաբերությունների մասին վեճից բացի այլ՝ ավելի բարձր մակարդակի վեճ չի ծնել:

Տարբեր ազգեր տարբեր որակի պետություններ են ստեղծել: Եթե որակական ցուցանիշների առումով գնահատենք, թե որ պետությունը ինչ մակարդակի վրա է, ապա կարելի է ասել, որ շատերն այդ առումով դեռ դպրոցահասակ էլ չեն:

Ֆրանսիացի պատմաբան ու սոցիոլոգ Գյուստավ Լը Բոնը ամենաբարձր կարգի էր համարում անգլո-սաքսոնական ժողովուրդների ստեղծած պետությունները: Նրանց հետևում էին կոնտինենտալ Եվրոպայի ու լատինական ժողովուրդների ստեղծածները:

Ըստ Լը Բոնի՝ որքան մեծ է ամբոխի դերակատարումը պետության ստեղծման ու պետական կառավարման գործում, այնքան ցածր է տվյալ պետության որակը և այնքան քաղաքակրթական ցածր աստիճանի վրա է գտնվում տվյալ ժողովուրդը:

Ամբոխը ռացիոնալ մտքի ու փաստարկների փոխարեն գերադասում է մոլորության մեջ ընկնել ու տրվել պատրանքների, ինչը հուշում է, որ ամբոխի իշխանությունը չի կարող առաջընթաց ապահովել:

Լը Բոնը պնդում էր, որ ամբոխի դոմինանտությունը հետ է շպրտում տվյալ պետությունն ու գցում ժողովրդի որակը: Նա խնդիրը տեսնում էր կրթության ու պատմական անցյալի մեջ: Որքան ցածր է ժողովրդի քաղաքական գիտակցությունը ու որքան արատավոր են անցյալից եկող ավանդույթները, այնքան տառապում է ժողովուրդն ու ծանր գին վճարում: Չեն փրկում անգամ հեղափոխությունները: Ավելին՝ հեղափոխությունները խորացնում են խնդիրները, քանզի ցածր գիտակցությունը և անցյալից եկող ավանդույթներն իրենց մշտապես զգացնել են տալիս:

Լը բոնը համոզված էր, որ ամեն մի ազգի անցյալը կառավարում է ներկան ու կանխորոշում ապագան, և ահագին ժամանակ է պետք, որպեսզի տեղի ունենա մոդերնիզացիա: Հեղափոխություններն, ըստ Լը Բոնի, կարճաժամկետում կարող են բերել կտրուկ փոփոխության, բայց հետագայում ամեն ինչ վերադարձնում են ի շրջանս յուր և չեն նպաստում մոդերնիզացիային՝ առնվազն տեսանելի ապագայում:

Ֆրանսիացի գիտնականը պատմահամեմատական մեթոդով ապացուցում էր, որ ամբոխներն իրականում պահպանողական են և, դուրս գալով բռնապետության դեմ, կերտում են մի նոր՝ շատ ավելի մեծ բռնապետություն և ինքնաստրկացվում:

Մերիտոկրատիա՞, թե՞ օխլոկրատիա

Ամբոխի վրա հիմնված կառավարումը դեռևս հին ժամանակների մտածողներն էին ցածր գնահատում ու մերժում: Օխլոկրատիան՝ ամբոխի կառավարումը, համարվում է ամենացածրակարգ կառավարման համակարգը, որը շատ արագ վերածվում է տիրանիայի՝ բռնապետության:

Օխլոկրատիան կարող է հանգեցնել քաոսի, որը սկզբում կարող է կառավարելի լինել ամբոխի դիրիժորի կողմից, սակայն հետագայում սեփականաշնորհվել այլ դեմագոգների ու պոպուլիստների կողմից և շարժվել ճիշտ հակառակ ուղղությամբ: Ամբոխի համակրանքն ու հակակրանքը կայուն չեն և կարող են ցանկացած պահի ալիքի տակ առնել դրա դիրիժորին ու գտնել նոր կուռքեր:

Առաջադեմ պետություններ ստեղծած ազգերը գնացին ռացիոնալ բյուրոկրատիաներ ստեղծելու ճանապարհով՝ մինչև այդ սովորելով ուրիշների ու սեփական սխալների վրա:

Մաքս Վեբերի փիլիսոփայությունը ժամանակակից Արևմուտքի հիմքն է, իսկ այդ հիմքում հենց ռացիոնալ բյուրոկրատիան է՝ մերիտոկրատիայի, այսինքն՝ արժանավորների սկզբունքով:

Տեղի ունեցած հեղափոխությունները, ռեֆորմացիաները, ռեստավրացիաները, լուսավորչական գործընթացները, պատերազմները, ընտրությունները, տնտեսական հարաբերությունները և այլ գործընթացները կրթել են առաջադեմ ազգերին ու նրանք կարողացել են ժամանակակից պետություններ ստեղծել: Ժամանակակից պետությունները ստեղծվել են փիլիսոփաների ստեղծած աշխարհի ու կուտակած փորձի համադրությամբ:

Հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում, ցավոք, անմասն է մնացել այդպիսի գործընթացներից և բացակայել է պետությանը վերաբերող շատ կարևոր դասերից: Ու հիմա մենք ստիպված ենք ուրիշների վաղուց անցածը նոր-նոր անցնել, այն էլ՝ ինտերնետային 21-րդ դարում, այն էլ՝ այլոց սխալները կրկնելով: Մինչդեռ հեծանիվ պետք չէ հորինել: Անհրաժեշտ է վերցնել համաշխարհային փորձն ու տեղայնացնել:

Մյուս ազգերից շատերն իրենց կռիվը տվել պրծել են, իսկ մենք նոր-նոր ենք մեր կռիվը տալիս ու դեռ տալու ենք: Ու որպեսզի այդ ընթացքում հարվածներ չստանանք, պետք է ուրիշների սխալների վրա սովորենք և ուրիշների սխալներից հետևություններ անենք:

Որպես ազգ ունենք շատ ազգերի ունեցածից էլ հին անձնագիր, բայց որպես պետական ազգ՝ դեռևս նախադպրոցական տարիքում ենք: Սա ոչ թե պետք է մեզ կոմպլեքսավորի, այլ ստիպի լրջանալ ու մտածելով շարժվել: Խնդիրն այն է, որ մենք շատ հաճախ ոչ միայն չենք ուզում ուրիշների փորձն օգտագործել, այլ նաև տեղյակ չենք այդ փորձից:

Որտե՞ղ ենք մենք

Հայ ժողովուրդը հարյուրամյակներով պետություն չի ունեցել, ինչն իր կնիքն է թողել մեր այսօրվա պետության վրա: Լը Բոնի մոդելով՝ անցյալը տնօրինում է մեր ներկան ու կանխորոշում ապագան:

Եթե կայացած պետություններին համարենք բարձր դասարանցիներ կամ բուհական տարիքի հասածներ, ապա պետք է արձանագրենք, որ ՀՀ-ն դեռևս մանկապարտեզում է: Դրանից վատ զգալ պետք չէ: Պետք է այդ փաստն ընդունել ի գիտություն ու քայլեր անել հասուն տարիքի պետական ազգերին հասնելու համար:

88-ի շարժման արդյունքում մենք վերականգնեցինք մեր երկրի անկախությունը և հայտ ներկայացրեցինք ազգերի բարձրագույն խմբում հայտնվելու համար:

Շարժման էներգետիկան այնքան բարձր էր, որ կարողացանք առաջին անգամ տարածքային պլյուսով պատերազմի արդյունք գրանցել:

Ղարաբաղյան պատերազմը հաղթեցինք, բայց տանուլ տվեցինք պետականաստեղծ աշխատանքում, պարտվեցինք ինքներս մեզ ու ներքին կյանքում դարձանք ամուլ, որովհետև մեր ժողովրդին քաղաքական ու պետական ազգ դարձնելու ֆունկցիան քաղաքական էլիտան (իշխանական ու ընդդիմադիր հատվածները) չիրականացրեց:

#ԽԵԼՔՈՎ

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կամ ինչպես ընդունված է ասել՝ «թավշյա հեղափոխությունը», շատերի մոտ հույս է արթնացրել, որ նորմալ պետություն կդառնանք:

Ժամանակն, իհարկե, ամեն ինչ ցույց կտա և ամեն ինչ իր տեղը կդնի, ինչպես միշտ, բայց մինչև այդ արժե նկատել, որ մենք այս տարվա ապրիլին այնքան «դուխ» ունեցանք, որպեսզի մերժենք նախկինը, բայց այնքան խելք չունեցանք, որպեսզի նախկինի կրկնությունը կամ դրա տարատեսակը թույլ չտայինք կրկնվելու:

Ամեն մեկն իր «ես»-ը հանձնեց մեկ մարդու ու հիմա հրաշքի է սպասում: Մի՞թե կարելի է այդքան անպատասխանատու լինել: Բայց դե ոչինչ, կմեծանանք, դպրոց կգնանք ու կսովորենք, որ հրաշքները միայն հեքիաթներում են լինում, որ կախարդական փայտիկը միայն բարի փերիի ձեռքում է լինում, որ ստրկության ձևի փոփոխությունից ստրկությունը չի փոխվում, որ մինչև ռացիոնալ-էգոիստական «ես»-ով չառաջնորդվես, հանրային «մենքն» առաջընթաց չի ապրի, որ մինչև պետական ազգ չդառնաս, նորմալ պետություն չես ունենալու և դեռ մի բան էլ կանգնելու ես այն կորցնելու վտանգի առաջ, որ ...

Ոչինչ, ժամանակն իր տեղը կդնի ամեն ինչ ու մենք կսովորենք, որ հեղափոխությունը, միգուցե, կարելի է անել «դուխով», բայց պետությունը պետք է կառուցել ու զարգացնել ԽԵԼՔՈՎ:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոիմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը