Մեկնաբանություն

23.10.2018 12:56


Ո՞րն է բարիկադներն ապամոնտաժելու գինը և ո՞վ է դրա շահառուն

Ո՞րն է բարիկադներն ապամոնտաժելու գինը և ո՞վ է դրա շահառուն

Եթե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մթնոլորտը միտումնավոր էլեկտրականացվեց, դաշտը բաժանվեց «սևի» ու «սպիտակի», հնչեցին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, հակահեղափոխականներին արմատախիլ անելու կոչեր, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը կտրուկ փոխվել է:

Ինքն էր բարիկադներ կառուցել և հիմա ինքն էլ դրանք ապամոնտաժելու կոչեր է անում:

Ապաբարիկադավորման մեկնարկը տրվեց Գագիկ Ծառուկյանի հետ գործարք-համաձայնագրի ստորագրմամբ և թափ հավաքեց Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումից հետո:

Բարիկադներն ապամոնտաժելու գինն այն է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը (հատկապես՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն) փաստացի աջակցում են Փաշինյանին, որպեսզի նա վարչապետ վերընտրվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իսկ փոխարենը ստանում են ապագա խորհրդարանում հայտնվելու հնարավորություն: Ասել է թե՝ ՔՊ-ն, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն (մասամբ նաև՝ ՀՅԴ-ն) համատեղ են գործում, պարզապես ամեն մեկն իր դերակատարումն է ստանձնել՝ հանրության առաջ հանդես գալով «բարի» ու «չար» քննիչի կարգավիճակով:

Երևանում «խփված» 81 տոկոսը Փաշինյանին հնարավորություն է տալիս ԱԺ ընտրությունների ժամանակ լեգիտիմ տարբերակով վերցնել օրենսդիր մարմնի 2/3-ը: Մնացածը նույնիսկ օրենսդրորեն պետք է այլ ուժերինը լինի: Հիմա այդ 1/3«բազառներն» են և ՀՀԿ-ն շատ ճկուն ձևով մտել է կառավարության սցենարի մեջ:

Բարիկադներն ապամոնտաժելն ունի նաև պրակտիկ մեկ այլ նպատակ:

Բանն այն է, որ կադրային հարցերում Փաշինյանի մոտ «էն գլխից» կային խնդիրներ: Պետական կառավարումը նրան հիմա ստիպում է դուրս գալ հեղափոխական էյֆորիայից ու կադրային բացը լրացնել ոչ թե «գըմփ-գըմփ-հո՛ւ» անողների շրջանակից, այլ նախկիններից, որոնց «գըմփ-գըմփ-հո՛ւ» անել են տալիս՝ հեղափոխական «անտուռաժը» պահպանելու նպատակով: Այսինքն՝ երբ խոսվում է հեղափոխական էյֆորիան անցնել-չանցնելու մասին, պետք է արձանագրել, որ այն վաղուց անցել է վարչապետի մոտ և նա հիմա բացառապես իշխանության ամրապնդման պրակտիկ խնդիրներ է լուծում՝ հենվելով դեռևս էյֆորիայի մեջ գտնվող զանգվածների վրա:

Արտահերթից հետո արդեն լրիվ այլ պատկեր կլինի, ինչի արդյունքում փողոցի դատարկ վակուումը լցնելու գործընթաց կսկսվի: Իսկ թե ով կլցնի այդ վակուումը և ինչ կոդերով, այլ հոդվածի թեմա է:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը