Հարցազրույց

Հոկտեմբեր 24, 2018 16:06

Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ

Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ
Իր վերջին հարցազրույցներում Հայաստանի երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու առաջիկա հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցերին: Բայց, բնականաբար, ամեն ինչ չի ավարտվում զուտ ներքաղաքական անցուդարձով: Կան բազմաթիվ այլ խնդիրներ ու հարցեր, որոնք էլ մեծապես պայմանավորում են այդ անցուդարձի բովանդակությունը, ուղղվածությունն ու ակտիվությունը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցն սկսեցինք Արցախի խնդրին վերաբերող հարցերից, ինչը, կարծում ենք, միանգամայն ընկալելի է:
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
-Պարոն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տեւական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնելու վտանգը: Չենք խոսում արդեն ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ տարածքների վերաբերյալ հայտարարության մասին:
-Մինչեւ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, խաղաղություն չի լինելու: Անհրաժեշտ է խաղաղ կարգավորման վերաբերյալ փաթեթային համընդգրկուն համաձայնություն, դրա հետ մեկտեղ փաթեթի տարբեր էլեմենտներ կարող են լուծում ստանալ փուլերով:
Կարծում եմ՝ դեսպանը խաղաղություն բառի տակ այնուամենայնիվ նկատի ունի կարգավորման ավելի լայն կոնտեքստ: Գնացող ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իր անձնական կարծիքը չէ: Դա լինելու է նաեւ նրան հաջորդող դեսպանի կարծիքը, եւ դա ԱՄՆ պետքարտուղարության կարծիքն է:
Ավելին ասեմ՝ դա բոլոր համանախագահողների կարծիքն է, որ որոշ տարածքներ բանակցությունների առարկա են: Սա է իրականությունը: Համենայն դեպս Մինսկի խմբի համանախագահների կարծիքը տարածքների վերաբերյալ միշտ եղել է այս կոնտեքստի մեջ:
Ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանությունը դրա մեջ է, եւ կարծում եմ, որ դա իշխանությունների համար այն մարտահրավերն է լինելու, որի նկատմամբ իրենց դիրքորոշումը պետք է հստակեցնեն:
Պատերազմի վերսկսման վտանգը միշտ եղել է, կա եւ լինելու է: Եվ ամենից մեծ խնդիրը մենք ունենալու ենք այն ժամանակ, երբ սկսենք մտածել, թե այդ վտանգը գոյություն չունի կամ նվազել է: Նման մոտեցումն անպայման կբերի ավելի թույլ ջանքերի՝ առաջին գիծն ամուր պահելու, բանակի մարտունակությունն ապահովելու ուղղությամբ:
Այսօր, երբ զինադադարն ամրապնդված չէ որեւէ լուրջ վերահսկման մեխանիզմով, զինադադարի պահպանման ամենից մեծ երաշխիքը ուժերի բալանսն է: Որեւէ բաղադրիչի թուլացումը կարող է լուրջ վտանգ դառնալ՝ մարտական գործողությունների վերսկսման տեսանկյունից: Սա եւս ակներեւ է:
-Սակայն մեր հանրության տիրապետող դիրքորոշումն այն է, որ մենք զիջելու տարածք չունենք:
-Հանրային ընկալումն իրոք այնպիսին է, որ որեւէ տարածք պետք չէ զիջել:
Նշանակում է իշխանությունները պետք է կա՛մ ամբողջությամբ վերանայեն բանակցային գործընթացը, կա՛մ բանաձեւ գտնեն, որը նաեւ ընկալելի կլինի մեր հանրության համար: Սրա հետ մեկտեղ անշուշտ կրեն պատասխանատվություն հետեւանքների համար:
-Փաշինյանը կարծեք հենց վերանայման փորձից էլ սկսեց, բայց հետո, այսպես ասեմ՝ փոքրիկ ալիքներով սկսեցին նահանջել այդ դիրքորոշումից:
-Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձեւով:
Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում: Եվ բանակցություններում Արցախի առանձնացված ռեսուրսը բնականաբար շատ ավելի նվազ է, քան հայկական կողմի միասնական ռեսուրսը:
Միեւնույն է, Հայաստանը չի կարող խուսափել Արցախի համար պատասխանատվությունից, հատկապես անվտանգության ոլորտում: Բոլորը գիտեն Հայաստանի ներգրավվածության աստիճանը:
Բայց երբ որ դու բանակցային գործընթացի կարեւորագույն հարցի՝ կարգավիճակի, խնդրի կարգավորման բանաձեւի վերաբերյալ ասում ես՝ մենք համաձայն ենք ամեն ինչին, ինչին համաձայն կլինի Ղարաբաղը, դու այդ բանաձեւը կարգավորելու քո ռեսուրսը հենց ինքդ ես չեզոքացնում: Եվ ի վերջո անպայման ստանալու ես մի բանաձեւ, որին չի կարողանալու համաձայնել Արցախը եւ ստիպված մերժելու ես նաեւ դու, եւ ավելի մեծ խնդիր ես ստանալու:
Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ. վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին, Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին:
Վերադառնալով առկա իրողություններին, կարծում եմ, նոր իշխանությունները, նախ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում:
-Այսինքն, ձեր տպավորությամբ օրվա իշխանությունն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում չունի՞ հստակ դիրքորոշում:
-Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողել, բայց համենայն դեպս չեմ տեսել հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ:
Ավելի շատ խոսվում է զինադադարի ամրապնդման մասին, ինչը շատ լավ է, եթե հաջողվի հասնել: Զինադադարի ամրապնդման մասով խոսքը միշտ պետք է լինի այն մեխանիզմների մասին, որոնք հնարավորություն կտան անկախ դիտորդների կողմից գնահատել խախտման դեպքերը: Դա լուրջ զսպող հանգամանք կլինի: Եվ հայկական կողմը միշտ ձգտել է դրան, ադրբեջանական կողմը միշտ մերժել է այդ հնարավորությունը:
-Փաշինյանը հայտարարեց, որ Դուշանբեում զինադադարի պահպանման մասով Ալիեւի հետ պայմանավորվածություն է եղել, օրերս էլ նշեց, որ նաեւ օպերատիվ կապ է ապահովված ադրբեջանական կողմի հետ:
-Եթե հիմա ադրբեջանական կողմը համաձայնել է պահպանել հրադադարը, շատ լավ է: Բայց կասկածներ ունեմ, որ եթե նրանք համաձայնել են, ապա ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով: Ու այս հարցերը, կարծում եմ, առաջիկայում դեռ կծագեն:
Քանի դեռ շփման գծում կրակում են նույն ինտենսիվությամբ:
ՊԵՏՔ Է ՁԳՏԵԼ ՈՐՈՇԱԿԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ
-Պարոն նախագահ, Հայաստանի համար կարեւոր շատ հարցեր հանգում են մեր տարածաշրջանում դիտարկվող զարգացումներին, վերաբերեն դրանք ԱՄՆ-Իրան հարաբերություններում թարմացված լարվածությանը, ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը թե Սիրիայի հետ կապված անցուդարձին: Դուք ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում, եւ պետության ղեկավարի ձեր փորձառությունն ի՞նչ է հուշում՝ դրանց արդյունավետ դիմակայելու տեսանկյունից:
-Վիճակը տարածաշրջանում այսօր շատ ավելի բարդ է, քան իմ պաշտոնավարման շրջանում էր: Սա ակնհայտ է: Այն ժամանակ Թուրքիան շատ ավելի կանխատեսելի էր, քանի որ ձգտում էր անդամակցել Եվրամիությանը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված էին, բայց ոչ այս աստիճանի: Բացի դրանից, ավելացել է Սիրիայի իրավիճակի գործոնը:
Այսինքն՝ կան մի շարք նոր գործոններ, որոնք միայն բարդացրել են իրավիճակը: Ի լրումն, այս ամենը տեղի է ունենում ուժային կենտրոնների՝ Արեւմուտքի, Ռուսաստանի գլոբալ հակամարտության խորապատկերում: Շատ ավելի դժվար է հիմա կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն իրականացնել, քանի որ այդ դաշտը չափազանց փոքրանում է:
Մոտեցումներից մեկը՝ ընդհանրապես մեկուսանալ այդ ամենից, չփորձել որեւէ դերակատարություն ունենալ այդ գործընթացներում: Մյուս մոտեցումը՝ այս բարդ վիճակում այնուամենայնիվ փորձել եզրեր գտնել՝ որոշակի դերակատարության համար: Դա ենթադրում է շատ մեծ դիվանագիտական վարպետություն:
Կգտնի՞ այսօրվա իշխանությունը այդ հնարավորությունը, պատրա՞ստ է գնալ դրան, կա՞ այդ դիվանագիտական փորձը, գիտե՞ն՝ ինչ պիտի անել, թե՞ ոչ: Դժվարանում եմ ասել, որովհետեւ հրապարակային ձեւով որեւէ կերպ իրենք դեռ չեն արտահայտվել այս հարցերի շուրջ: Վիճակն իսկապես բարդ է, եւ եթե լուծումներ չգտնեն, ես որեւէ մեկին չեմ մեղադրի:
Բայց համարում եմ, որ ամենից վատ տարբերակը կլինի՝ ընդհանրապես չփորձել որեւէ դերակատարում ունենալ, որովհետեւ այդ դեպքում դու տարածաշրջանում զարգացող իրադարձությունների պասիվ օբյեկտ ես լինելու:
Ինչ վերաբերում է առկա մարտահրավերներին, ապա ես կգումարեի նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը, ինչը շատ մեծ խնդիրներ կարող է առաջացնել՝ Ռուսաստանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված: Սա չափազանց լուրջ մարտահրավեր է լինելու: Եվ, եթե դիտարկում ենք ընդհանուր հնարավոր վտանգները, ապա սա միշտ պետք է աչքի առաջ ունենանք:
-Դա միայն իշխանությունների՞ խնդիրն է, թե՞ ընդհանուր քաղաքական դաշտի, այսպես ասեմ՝ քաղաքական միտքը պետք է ներգրավվի:
-Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն: Միգուցե սա այն դեպքն է, երբ արժե որոշակի շրջանակներում քննարկումներ ունենալ, եւ դրանց ընթացքում, հնարավոր է, որոշ գաղափարներ ծագեն, որոնք կարող են ուղեցույց լինել պրակտիկ քաղաքականությունն իրականացնելիս:
ԴԱ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՄԻԱՅՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ
-Պարոն Քոչարյան, վերադառնալով մեր իրողություններին, նկատենք, որ միայն վերջին կես տարվա ընթացքում երրորդ անգամ կառավարություն ու նախարարներ են փոխվում կամ փոխվելու: Ու սա էլ դեռ վերջը չէ, եթե նկատի ունենանք ԱԺ արտահերթ ընտրությունները, որից հետո էլի կառավարություն է ձեւավորվելու: Կադրային նման հոսքը ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, մի խոսքով, մանավանդ որ եկող տարվա բյուջեն էլ կարծես հենց եկող տարի կարող է ընդունվել:
-Միայն խառնաշփոթի կհանգեցնի:
Իմ փորձով կարող եմ ասել, որ ամենից արդյունավետը եղել են 2000-2008 թվականները, երբ կառավարության շատ կայուն կազմ ենք ունեցել: Եվ նախարարների մեծ մասը աշխատել է 7-8 տարի, փորձ կուտակելով: Ես տեսել եմ, որ պաշտոնավարման երկրորդ-երրորդ տարում էին նրանք հասնում իրենց արդյունավետության գագաթին։
Ամենից կարեւորը՝ արդյունավետությունն ապահովվել է բարեփոխումների ընթացքում հետեւողական լինելու շնորհիվ: Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող ես կես տարում իրականացնել: Որեւէ ոլորտում լուրջ բարեփոխումները ժամանակ են պահանջում, ամենաքիչը 3 տարի։
Հիմա պատկերացրեք, եթե ամեն տարի կամ տարին երկու անգամ նախարար է փոխվում, եւ ամեն մի գործիչ այդ պաշտոնին գալիս է իր մոտեցումներով, ընդ որում, նրանց մեծ մասը այսօր այդ փորձը չունի, ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե որտեղ են հայտնվել եւ ինչ է պետք անել, ինչը միանգամայն բնական է:
Արդյունք չեմ սպասում, քանի որ նման կարգի հաճախակի փոփոխությունները չեն կարող արդյունավետ կառավարման մասին խոսել, չեն կարող խթանել արդյունավետությունը: Այստեղ ես մեծ խնդիր եմ տեսնում:
Մենք նաեւ այլ խնդիրներ կունենանք, որովհետեւ ունենալու ենք նոր ԱԺ, որքան պատկերացնում եմ՝ նաեւ անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց այնտեղ բարեփոխումների օրենսդրական ձեւակերպումը հաստատ դանդաղելու է, կամ դրա որակն է հարցականի տակ ընկնելու: Ժամանակ է պետք, որ սովորեն, որոշումներ կայացնելու տեխնոլոգիային սկսեն տիրապետել:
ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ
-Իշխանությունը՝ ի դեմս վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի, հայտարարում է, որ կոռուպցիան հաղթահարված է, օլիգարխներ չկան, մենաշնորհներ չկան: Մի՞թե այդքանը քիչ է 5-6 ամսվա համար:
-Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան: Եթե 5 ամսում հնարավոր է այդ բոլոր երեւույթները հաղթահարել հայտարարություններով, սա նշանակում է՝ այս կառավարությունն ինչ ուզի, կարող է անել՝ հայտարարելով: Ակնհայտ է խիստ պարզունակ պատկերացումը բարդագույն երեւույթների եւ դրանց դեմ պայքարի ձեւերի մասին:
Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում:
Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար:
Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։
-Դե, եթե վատ աշխատեր, կազատեիք աշխատանքից:
-Այո: Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ:
Ու, եթե դուք տեսնում եք՝ այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա: Պետք է ասել` այդպիսի օրինակները շատ են:
ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՆԱՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ
-Գործող իշխանությունը, որն, ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրություններով կվերարտադրվի, կարծեք առանձնապես չի շտապում լեռնահանքային արդյունաբերության ոլորտի խնդիրներին լուծում տալ (Ամուլսարի հետ կապված պատմությունը, Ալավերդու պղնձաձուլարանի, թե մեկ այլ հարց): Այս ամենին հետեւելով, այնպիսի զգացողություն կա, որ այս ոլորտը կարծես այլեւս մեր երկրին պետք չէ:
-Ինչ վերաբերում է լեռնահանքային ոլորտին, ապա այն Հայաստանում կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը մեր արդյունաբերական պոտենցիալի լուրջ մասն է կազմում:
Իմ տպավորությամբ՝ այսօրվա կառավարությունը թերագնահատում է այդ ոլորտի նշանակությունը տնտեսության համար եւ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ այդ ոլորտն ունենում է ընդհանուր տնտեսության վրա, որն ազդում է նաեւ երկրի արտաքին առեւտրատնտեսական հաշվեկշռի վրա:
Գոյություն չունի որեւէ տնտեսական գործունեություն, որ չունենա բնապահպանական հետեւանքներ: Հարցը հանգում է երկրում կիրառվող բնապահպանական ստանդարտներին, եւ այն բանին, թե ինչպես է պետությունը վերահսկում այդ ստանդարտների պահպանումը:
Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է այն, ինչ կատարվում է «Լիդիան» ընկերության ներդրումային ծրագրի, Ամուլսարի հետ կապված: Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը:
Եթե բնապահպանական խնդիրներ կան, ապա այդ ընկերության գործունեությունը պետք է դադարեցներ պետությո՛ւնը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ՝ ճանապարհ փակելով: Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում:
Պետք է նոր փորձաքննություններ նշանակի, մասնագիտական եզրակացություններ եւ այլն, բայց ոչ թե թույլ տա այդ ընկերության աշխատանքների արգելափակումն այս ճանապարհով:
Ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել:
Ես տվյալ դեպքում հավանական եմ համարում, որ բնապահպանները տեղ ունեն դժգոհելու, որ համոզմունք ունեն, որ ինչ-որ սխալ բան է կատարվել: Բայց իրենք պետք է փորձեն ազդել կառավարության վրա, որպեսզի օրինական ճանապարհով լուծվի այդ հարցը:
Հիմա որեւէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որեւէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որեւէ ներդրումների համար:
-Կան մարդիկ, որ ակնկալում են, թե՝ ահա, հեղափոխությունը եղավ եւ ներդրումների տեղատարափ է լինելու: Հիմա էլ ասում են, այ, ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն, դրանից հետո ներդրումները կհոսեն: Կհոսե՞ն:
-Տեսեք, այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Բայց ներդրողի համար հեղափոխությունը բրենդ չէ, ներդրողի համար հեղափոխությունը վտանգ է:
Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության եւ հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն եւ ռիսկեր են: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից: Եվ այդ առումով վրացիները, Սահակաշվիլու ժամանակ, շատ արագ այդ բառերը մի կողմ դրեցին, սկսեցին բարեփոխումներից խոսել: Նրանք այս ամենը շատ արագ հասկացան:
ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՀԵ՞Տ...
-Չեմ զարմանա, եթե հայտնվեն մեկնաբաններ, որ ասեն, թե մեզ պե՞տք են այդ ձեռնարկությունները, ներդրումները... Մանավանդ որ կան տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց մասին հաճախ է խոսվում:
-Ես հիշում եմ 1989-90 թվականները: Այն ժամանակ, ժողովրդին փողոց հանելով, փակեցինք ատոմակայանը, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը, որի վրա էր կառուցված քաղաքի տնտեսական ողնաշարը, Ալավերդու պղնձաձուլարանը...
Ի՞նչ կատարվեց. Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին փակվեցին Հայաստանի ողնաշարային արդյունաբերական ձեռնարկությունները: Այն ժամանակ մենք ի՞նչ ստացանք: Ստացանք տնտեսության խորը անկում, ստացանք էներգետիկ ճգնաժամ, որը չէինք ունենա, եթե ատոմակայանը չփակեինք: Դա արհեստական ստեղծված էներգետիկ ճգնաժամ էր: Եվ ժողովուրդն էր անում: Այդ ժողովրդին ուղղորդողներ կային, բայց ուղղորդողներից որեւէ մեկը նաեւ պատմական պատասխանատվության առաջ չկանգնեց արածի համար: Այնինչ Հայաստանի խորը անկումը, «մութ ու ցուրտ տարիները» պայմանավորված էին հենց այդ քայլերով:
Հիմա մի՞թե մենք այդ պատմական, մեր գլխին ջարդված օրինակից հետեւություններ չենք անում...
Մտածել, որ բարձր տեխնոլոգիաները կփոխարինեն այս արդյունաբերությանը, չի ստացվելու: Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Բայց ամբողջ երկիրը չի՛ կարող զբաղվել բարձր տեխնոլոգիաներով:
Այո, պետք են բարձր կամ տեղեկատվական տեխնոլոգիաները: Եվ, ի դեպ, բարձր տեխնոլոգիաները, որպես գերակա ուղղություն հայտարարվել են իմ պաշտոնավարման շրջանում: Հիշեցնեմ, որ հռչակավոր Թումո կենտրոնի համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում դեռ 2000 թվականի սկզբին: Եվ դեռ այդ ժամանակ են Հայաստան եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, նույն «Սինոփսիսը»:
Բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ: Ու մի՞թե մենք հետ ենք գնում դեպի 1989-90 թվականներ, երբ ասում էին՝ «ջերմուկ» ու ծիրան ծախելով մենք ժողովուրդ ենք պահելու: Եվ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից` բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու:
Տնտեսական քաղաքականության հստակ ձեւակերպում պետք է լինի: Կառավարությունը դեռ չի շտապում դա անել եւ պարզ էլ չէ՝ երբ է անելու: Անհրաժեշտ է պարզ ու հասկանալի՝ հարկային քաղաքականություն, առնվազն մեկ ներդրումային ցիկլի չափով խաղի կանոնների պահպանում: Չափազանց կարեւոր է ներդրումների պաշտպանվածությունը: Տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը: Սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որ անկյունաքարային նշանակություն ունի, եւ որի վրա կառուցված է արեւմտյան տնտեսական համակարգը: Կարեւոր է բանկային համակարգի կայունությունը, բանկային գաղտնիքը...
-Բայց կա՞ Հայաստանում հիմա բանկային գաղտնիք:
-Ես մեծ խնդիր եմ տեսնում նաեւ այստեղ: Իմ տպավորությամբ այն խաթարված է: Հրապարակում հայտարարում են, թե ով ինչ գումար ունի հաշիվների վրա: Բանկային համակարգի համար դրանից մեծ վնաս դժվար է երեւակայել:
Կարծում եմ, դա անում են հեղափոխական պատկերացումներից ելնելով, բայց բավարար չափով չեն պատկերացնում, թե ինչ կարգի վնասների դա կարող է հանգեցնել:
-Նախօրեին գլխավոր ճանապարհ փակողը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ասում էր, որ դա լավ բան չէ, առավել եւս, որ հիմա կառավարությունը լսում է մարդկանց, ու դրա կարիքը չկա:
-Հիմա ստիպված ասելու է, որ լավ բան չէ: Բայց ճանապարհ փակողը մտածելու է՝ դու քո հարցերը լուծեցիր ճանապարհ փակելով, հիմա, որ հերթը մեզ հասավ՝ ճանապարհ փակելը լավ բա՞ն չի: Որովհետեւ այդ մշակույթն եք ներդրել, որ ճանապարհ փակելով կարելի է հարցեր լուծել: Կարող է, դրանք արդարացի հարցեր ու պահանջներ են: Խնդիրն այն է, որ դա հարցեր լուծելու ճանապարհ չէ: Դա երկրի տնտեսությունը քայքայելու ճանապարհն է:
-Հիմա ի՞նչ, պարոն Քոչարյան, գնում ենք դեպի «դատարկ սառնարաննե՞ր»:
-Չէի ցանկանա հոռետես լինել, բայց եթե այսպես շարունակվի, ապա՝ այո: Կրկնում եմ՝ եթե այսպես շարունակվի, եթե մոտեցումները չփոխվեն, եթե կառավարությունը իր դերակատարությունը չվերագնահատի:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Աղբյուրը՝ armworld.am

Այս խորագրի վերջին նյութերը

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դեկտեմբեր 08, 2018 10:29 Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո՛, ճնշում է եղել։
«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

Դեկտեմբեր 07, 2018 12:24 «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։
«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

Դեկտեմբեր 05, 2018 15:55 «Նույն կերպ Սերժի Սարգսյանի ղեկավարման մեծամասնության օրոք է եղել»։
Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Նոյեմբեր 22, 2018 13:16 Վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունենում։
Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան

Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 21, 2018 09:54 Պայքարը ընդամենը իշխանության լծակներին տիրանալու համար է։
Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Նոյեմբեր 14, 2018 16:11 «Սամվել Մայրապետյանի հանդեպ խտրական վերաբերմունք կա»:
Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Նոյեմբեր 12, 2018 17:12 Խոսել են Հայաստանից և Ղարաբաղից։
Ռոբերտ Քոչարյան․ «Իշխանության մենաշնորհը հանգեցնում է լճացման և բարոյազրկման»

Ռոբերտ Քոչարյան․ «Իշխանության մենաշնորհը հանգեցնում է լճացման և բարոյազրկման»

Հոկտեմբեր 29, 2018 13:32 «Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ»։
Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ

Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ

Հոկտեմբեր 24, 2018 16:06 Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն:
Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Հոկտեմբեր 20, 2018 11:33 Սա չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության և կայուն երկիր ներկայացնելուն:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Հոկտեմբեր 15, 2018 13:55 Ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:
Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն (տեսանյութ)

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն (տեսանյութ)

Հոկտեմբեր 12, 2018 09:34 Ժերեմի Դելվերը պատմել է՝ ինչպես «Հայկական վալս»-ը գրավեց հազարավոր սրտեր։
ԱԳ նախարար․ «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին» (տեսանյութ)

ԱԳ նախարար․ «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին» (տեսանյութ)

Սեպտեմբեր 17, 2018 14:31 «Ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում»։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է աղմկահարույց ձայնագրմանը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է աղմկահարույց ձայնագրմանը (տեսանյութ)

Սեպտեմբեր 12, 2018 17:25 ՀՀ երկրորդ նախագահը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը որակում է որպես հանցագործություն։