Մեկնաբանություն

25.10.2018 11:26


Ժողովրդի վարչապետն՝ ընդդեմ սյունեցիների ընտրության

Ժողովրդի վարչապետն՝ ընդդեմ սյունեցիների ընտրության

Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ընտրություններից հետո իրարամերժ տեսակետներ է հայտնել:

Սկզբում նա բացասական գնահատեց ոչ ՔՊԿ-ական թեկնածուի հաղթանակը, հետո մտավ ֆեյսբուքյան ուղիղ եթեր ու ժողովրդի հաղթանակ համարեց Կապանի նոր քաղաքապետի ընտրությունը, իսկ երեկ ԱԺ-ում նա կրկին վերադարձավ իր սկզբնական տեսակետին և Կապանում տեղի ունեցածը գնահատեց որպես հակահեղափոխության ու քրեաօլիգարխիայի հաղթանակ:

Թե ո՞րն է Փաշինյանի վերջնական կարծիքը Կապանում տեղի ունեցած ընտրությունների պահով, դժվար չէ կռահել. նա շատ ծանր է տարել պարտությունը և պատրաստվում է պայքարել իրական հեղափոխություն արած սյունեցիների ու մասնավորապես՝ կապանցիների ընտրության դեմ:

Փաստորեն ստացվում է, որ եթե ՔՊԿ-ական թեկնածուն չի հաղթում որևէ համյանքային ընտրատեղամասում, ապա դա արդեն համարվում է հակահեղափոխության հաղթանակ: Ըստ այդմ՝ հեղափոխության հաղթանակը կլինի այն դեպքում, երբ ամբողջ երկրում՝ օրենսդիր, գործադիր և ՏԻՄ մակարդակներում տոտալ ձևով իշխանության գան Նիկոլ Փաշինյանի դրածոները:

ՀՀԿ-ն նախկինում վերամբարձ նախադասություններ չէր օգտագործում, բայց անում էր նույն բանը՝ խորհրդարանից մինչև գյուղապետարան ապահովելով տոտալ ՀՀԿ-ական գերիշխանություն: Տարբերությունն այն է, որ ՀՀԿ-ն խորհրադարան էր բերում նաև «Ելք» դաշինիքի տիպի ընդդիմադիրների ու թույլ էր տալիս նրանց սրտների ուզածի չափով քննադատել իշխանությանը: Ի վերջո այնքան թույլ տվեցին, որ վերջում ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից ու տեղի ունեցավ հայտնի «Մերժիր Սերժինը»:

Փաշինյանը հիմա ուզում է ապահովագրվել նմանատիպ զարգացումներից (ժողովուրդն ազատ է ընտրության հարցում, եթե քվեարկում է ՔՊԿ-ի կամ անձամբ Փաշինյանի օգտին, հակառակ դեպքում դա կլինի հակահեղափոխություն, ինչը մեր օրերում սարսափելի մեղադրանք է), քանի որ ներսից է տեսել, թե ինչ կարող է լինել, եթե անգամ ձևականորեն որևէ մեկը դուրս գա վերահսկողությունից: Դա է պատճառը, որ արդեն գործող Ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ ռեյտինգային համակարգը, համարվում է լավը, մինչդեռ հեղափոխության օրերին ընտրական օրենսգրքի փոփոխությունը Սերժին մերժելուց հետո կարևորությամբ երկրորդ հարցն էր:

Գործող ընտրական օրենսգրքով «ժողովրդի վարչապետը» ցանկանում է խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում տեսնել ՀՀԿ-ին, իսկ իշխանության կցորդ՝ ԲՀԿ-ին: Դա է պատճառը, որ Ընտրական օրենսգիրքը փոխելու նպատակով Փաշինյանը չի դիմում «ասֆալտին փռելու» կամ ԱԺ շենքը շրջափակելու տարբերակներին: Ի դեպ, նա շատ անկեղծ ասաց այդ մասին, որ գործող օրենսգիրքն իրեն ձեռնտու է: Դա ձեռնտու է նաև ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Ձեռնտու չէ մյուս բոլոր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին:

Հեղափոխությունը ողջունած և հեղափոխությանը աջակցած ուժերին «քցելու» կուլտուրական ձև է ռեյտինգային համակարգով արտահերթ ընտրությունների գնալը:

Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է հաջորդ խորհրդարանում ունենալ ՀՀԿ-ական ընդդիմություն, որպեսզի հեղափոխություն-հակահեղափոխություն արհեստական ու սրտաճմլիկ թեման մշտապես զբաղեցնի «հարգելի հեռուստադիտողի ու հպարտ քաղաքացու» կյանքը: Նաև այն պատճառով է ՀՀԿ-ն Փաշինյանին անհրաժեշտ հաջորդ խորհրդարանում, որպեսզի հնարավոր լինի կառավարության բոլոր ձախողումները մշտապես դուրս գրել հակահեղափոխական «բոբոյի» վրա՝ «Ի՞նչ է, ուզում եք ՀՀԿ-ն հե՞տ գա» ահասարսուռ թեմայի շրջանակներում: Ինչևէ:

Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա այն հիմա ենթարկվելու է կենտրոնական իշխանության ամենաբիրտ ճնշումներին: ՔՊԿ-ական թեկնածուի օգտին չքվեարկած կապանցիներին մեղադրանք է առաջադրվել քաղաքական ղեկավարության մակարդակով, որ նրանք քրեաօլիգարխիկ ընտրություն են կատարել: Կապանիցները գիտեն, որ դա այդպես չէ, բայց դա Փաշինյանին չի հետաքրքրում: Նրան սարսափեցնում է այն, որ Սյունիքում կան իրականում հպարտ քաղաքացիներ, և որ այնտեղ չեն աշխատում «դուխով» գլխարկների ու «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի պարզունակ տեխնոլոգիաները:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: ԱԺ-ում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հունան Պողոսյանի նշանակման ու Սյունիքում նրա անելիքների մասին, նորանշանակ մարզպետին այնպիսի ֆունկցիաներ վերագրեց, որ օրենսդրորեն չի կարող ունենալ մարզպետը: Փաշինյանը Պողոսյանին փաստացի նշանակել է սյունիքյան մարզպետ, դատավոր, դատախազ, ոստիկան ու մաքսավոր: Նման ֆունկցիաներ չի ունեցել անգամ տխրահռչակ Լիսկան:

Վարչապետն ասում է, թե սեպը սեպով է ուզում հանել: Դա նշանակում է, որ Սյունիքում ոչ թե մարզպետ է նշանակվել, այլ սուպերբդեշխ: Պատմությունից հայտնի է, թե ինչ իրական նպատակ են հետապնդում և ինչով են ավարտվում նմանատիպ «հակահեղափոխական» պայքարները:

Սյունեցիները լուրջ փորձության առաջ են կանգնած:

Այս խորագրի վերջին նյութերը