Մեկնաբանություն

25.10.2018 14:10


Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տնտեսական տեսլականը. Ամուլսարի փորձաքարը

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տնտեսական տեսլականը. Ամուլսարի փորձաքարը

Երեկ ԱԺ-ում քվեարկվում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ չընտրվելու, ավելի ճիշտ՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Անակնկալներ, ինչպես սպասվում էր, չեղան:

«Չընտրվող» վարչապետի պաշտոնակատարը առիթն օգտագործեց և խոսեց տնտեսական թեմաներով: Մասնավորապես անդրադարձ եղավ հանքարդյունաբերությանը:

Փաշինյանը ճիշտ էր, երբ նշում էր, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը պետք է լինի ոչ թե ընդերքի շահագործումը, այլ բարձր տեխնոլոգիական ոլորտը, բայց դա առայժմ թեզիսների մակարդակի վրա է: Քանի դեռ տնտեսության այլ ճյուղերը (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, IT, թեթև արդյունաբերություն և այլն) չեն զարգացել, հանքարդյունաբերությունից հրաժարվելը վտանգավոր կլինի մեր երկրի համար ու կհարվածի ազգային անվտանգությանը, քանզի այս փուլում դա է իրականությունը:

Այո՛, պետք է զարգացնել մանր ու միջին բիզնեսը և համապատասխան հարկային քաղաքականություն վարել, բայց քանդել այս պահին եղածն ու հույսը դնել դեռ չձևավորվածի վրա, վտանգավոր է: Պետք է, հետևաբար, կարգուկանոն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում ու զուգահեռաբար զարգացնել տնտեսության մյուս ճյուղերը, քանզի բյուջետային լարվածության պայմաններում այլ տարբերակ չկա:

Գործադիր իշխանությունը պետք է ունենա տեսլականներ, որոնց մասին խոսում էր վարչապետը, բայց պետք է նաև իրականությունից չկտրվի ու տուրք չտա, այսպես կոչված, մոդայիկ և պոպուլիստական մոտեցումներին:

Բնության պահպանությունը շատ կարևոր հարց է, բայց այստեղ ոչ թե սիրողական և ընտրովի մոտեցումները պետք է գերիշխող լինեն, այլ ՀՀ-ի տնտեսական շահը, պրոֆեսիոնալիզմը, մեր քաղաքացիների բարեկեցությունը, ներդրումային միջավայրի բարելավումը և արտաքին ներդրողների համար կանխատեսելի ու հուսալի լինելու հանգամանքը:

Գանք կոնկրետ խնդրին՝ Ամուլսարի հանքին: Փաշինյանը ճիշտ է նկատում, որ եթե պարզվի՝ հանքի շահագործումը վնասում է Սևանի ու հանքի հարակից ջրերին, ապա այն չպետք է շահագործվի: Իսկ եթե չկա նման խնդիր (ի դեպ, փորձագիտական որևէ գնահատական չկա, որ հանքը վնասում է ջրերին, այլ ճիշտ հակառակը՝ կան բազմաթիվ հետազոտություններ այն մասին, որ պահպանվել են բոլոր միջազգային ստանդարտները և հանքն անվնաս է), ապա պետք է հնարավորություն տալ «Լիդիան Արմենիային», որը հայկական միակ կազմակերպությունն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում, իրականացնել աշխատանքներ:

Ամուլսարի հանքը ոչ թե ծանր ժառանգություն է և բեռ, այլ օրինակելի հանքավայր, որին պետք է ձգտեն հավասարվել մյուսները:

Հասկանալի է, որ վարչապետի վրա կա, այսպես կոչված, ճնշում, բայց ինչպես ցույց տվեց պրակտիկան, այդ ճնշումն ունի բարձր ձայն, բայց ոչ զանգվածային բնույթ: Բոլորի, այդ թվում կառավարության համար էլ պարզ է դարձել, որ խնդիրը բնապահպանական չէ, այլ առնչվում է չերևացող գործընթացներին: 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դեռևս ամիսներ առաջ էր խոսել ու որոշակի ակնարկներ արել այդ թեմայով:

Հիմա հազարավոր աշխատակիցներ սպասում են կառավարության որոշմանը, որպեսզի կարողանան իրենց ընտանիքները պահել: Սպասում են նաև մեր միջազգային գործընկերները, որպեսզի հասկանան, թե ո՞ր ուղղությամբ է գնում հայկական տնտեսությունը՝ իռացիոնալ պահանջների՞, թե՞ ռացիոնալ որոշումների:

Հանքի աշխատանքի արդյունքում ՀՀ բյուջեն կստանա այնքան գումար, որքան ամբողջ փոքր բիզնեսն է վճարում: Խոսքը տարեկան շուրջ 50 միլիոն դալարի մասին է: Այսինքն՝ երբ խոսվում է փոքր բիզնեսին հարկային արտոնություններ տրամադրելու մասին, կա դրա գործնական լուծումը: Հանքի աշխատանքի արդյունքում կարելի է հարկային արձակուրդ տրամադրել փոքր բիզնեսին, քանզի «Լիդիան Արմենիայի» վճարած հարկերը հնարավորություն կտան բյուջեին խուսափել հարկային մուտքերի պակասեցումից, որը ենթադրաբար կարող էր առաջանալ փոքր բիզնեսին հարկային արձակուրդ տալու դեպքում:

Հեղափոխական տեխնոլոգիաներն արդյունավետ էին նախորդ ռեժիմը մերժելու համար, բայց դրանք կարող են կործանարար լինել մեր երկրի տնտեսության համար:

Փաշինյանը պետք է որոշում կայացնի: Ամուլսարը յուրօրինակ փորձաքար է դառնում այս կառավարության համար:

Եթե բնապահպանական խնդիրներ չկան, ապա հանքը պետք է շահագործվի: Մեր երկրի ու տնտեսության շահը դա է պահանջում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը