Մեկնաբանություն

29.10.2018 15:27


Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանն անուղղակիորեն պայմանավորվեցին

Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանն անուղղակիորեն պայմանավորվեցին

Եվ այսպես, Ընտրական նոր օրենսգիրքը չընդունվեց: Չհերիքեց մեկ ձայն:

Կլոունադա

Խորհրդարանում ցածրակարգ թատրոն էր բեմադրված: Ամեն մեկն իր ֆունկցիան ուներ: Մեկը պետք է կողմ արտահայտվեր փոփոխությանը այն նույն բառերով, ինչ բառերով որ մինչև հեղափոխությունը պաշտպանում էր ռեյտինգային համակարգը: Մյուսը պետք է լալահառաչ տեքստ ասեր, երրորդը պետք է կուրծք ծեծեր, չորրորդը պետք է սրտաճմլիկ բաներ ասեր այն մասին, թե ինչպես է հերոսաբար դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը (ՀՀԿ ղեկավարի հաճախորդ լինելու կոմպլեքսը միշտ կհետապնդի այդ պիոներիկին ու նա միշտ կփորձի ապացուցել, որ ինքը մաքուր է, բայց չի ստացվի): Բոլորը կատարեցին իրենց ֆունկցիաները և գնացին տներով:

Բոցաշունչ ճառերն ու պաթետիկ ելույթներն այդ թատրոնը գավառական մակարդակի էին դարձնում: Կեղծիքն ու ցինիզմն այնքան շատ էին, որ սրտխառնոց էին առաջացնում: Դրանք եթե պատգամավոր չաշխատեն, կարող են հանգիստ նկարահանվել հայկական հեռուստասերիալներում, քանզի իրենց անմակարդակությամբ չեն զիջում հայկական սերիալներում վխտացող դերասաններից շատերին, որոնցից մեկն, ի դեպ, քաղաքական կարիերայի թռիչքաձև աճ արձանագրեց օրերս:

Նրանք, ովքեր դեմ էին քարոզում ռեյտինգային համակարգին, իրականում կողմ էին, որպեսզի ռեյտինգայինը մնա: Միակ անկեղծն այդ թատրոնում ՀՀԿ-ն էր, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է ՀՀԿ-ից:

Բանն այն է, որ ՀՀԿ-ում շատ լավ գիտեն, որ հաջորդ խորհրդարանում հայտնվելու իրենց միակ շանսը ռեյտինգային ընտրակարգի պահպանումն է: ՀՀԿ-ում գիտեն ու դեմ են արտահայտվում փոփոխությանը: Իսկ ահա մյուս ուժերը՝ սկսած Նիկոլ Փաշինյանի թիմից, վերջացրած Գագիկ Ծառուկյանի թիմով, կողմ են ռեյտինգայինին, բայց ժանրի կանոններից ելնելով, ցույց են տալիս, թե իբր դեմ են, բայց ... տապալում են Ընտրական նոր օրենսգրքի քվեարկությունը:

Փաշինյանի, Սարգսյանի ու Ծառուկյանի շահերը համընկան

Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իրեն ձեռնտու է ռեյտինգային ընտրակարգը, բայց մինչև վերջ չի «բացվում», թե ինչու է ձեռնտու: Փորձենք լրացնել այդ բացը:

Ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է Փաշինյանին, որովհետև դրա միջոցով ՔՊԿ-ն կամ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում կարող է քաղաքական մենաշնորհ ձևավորել, քանզի այդ ընտրակարգը կարված է իշխանության վրա՝ անկախ, թե ով է իշխանությունը: Բացի այդ՝ ռեյտինգայինը ձեռնտու է Փաշինյանին, որովհետև այդ ընտրակարգով ապագա խորհրդարանում հայտնվելու մեծ շանսեր են ստանում Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն ու Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն:

Փաշինյանին ձեռնտու է ապագա խորհրդարանում ունենալ ընդդիմություն՝ ի դեմս ՀՀԿ-ի, որին որպես «բոբո» ներկայացնելով՝ հնարավոր կլինի հանրային ուշադրությունը միառժամանակ զբաղեցնել ու շեղել բուն խնդիրներից: Դե իսկ ԲՀԿ-ն կցված է Փաշինյանին ճիշտ այն նույն ձևով, ինչ ձևով որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո կցվել էր Սերժ Սարգսյանին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը բավարար ջանքեր չներդրեց Ընտրական նոր օրենսգիրքն ընդունելու համար՝ կարող ենք ասել, որ ականատեսը դարձանք Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև անուղղակի պայմանավորվածությանը:

Արժե հատուկ ընդգծել, որ նոր օրենսգրքի ընդունումը տապալելով կառավարությունն անուղղակիորեն «քցեց» հեղափոխությանը ողջունած կամ աջակցած ուժերին, քանզի նրանք ռեյտինգային ընտրակարգով դժվարություններ կունենան հաջորդ խորհրդարանում հայտնվելու:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Փաշինյանը կուզենա, որ այս ուժը մասնակցի ու տապալվի ԱԺ ընտրություններում, որպեսզի կարողանա հետագայում միջամտել ՀՅԴ-ի ներքին գործերին, այդ թվում՝ ղեկավար մարմնի ընտրությանը:

Ի՞նչ եղավ «ժողովրդի քվեարկության» հետ

Տեղին է հիշեցնելը, որ ապրիլյան օրերին Ընտրական օրենսգիրքը Նիկոլ Փաշինյանի կողմից, այսպես ասած, ժողովրդական քվեարկության էր դրվել: Հիշեցնենք դրանք.

1. Սերժ Սարգսյանի հրաժարական,

2. «ժողովրդի վարչապետի» ընտրություն,

3. նոր ընտրական օրենսգրքի ընդունում (նորի հիմքում պետք է ընկած լիներ ռեյտինգայինից հրաժարումը և համամասնական ընտրակարգի ընդունումը), կուսակցոթյունների մասին և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ,

4. երրորդ կետում նշված օրենսդրական փոփոխություններից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Փաշինյանը հետևողական էր վերը նշված 4 կետերից 3-ի հարցում՝ Սարգսյանի հեռացում, վարչապետի պաշտոնի ստանձնում և արտահերթ ընտրությունների կազմակերպում, բայց Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում որևէ ջանք չգործադրեց, քանզի 4 կետերից երեքի իրագործումը իր քաղաքական շահերից էր բխում, իսկ ահա մյուս կետի՝ օրենսգրքի փոփոխության իրագործումը չէր բխում իր շահերից:

Հիմա, իհարկե, հազար ու մի պատճառ կբերեն և հազար ու մի մեղավոր կներկայացնեն օրենսգրքի տապալման համար, բայց դա արդեն նախատեսված է հպարտ քաղաքացիների, այլ ոչ թե սովորական քաղաքացիների համար:

Փաստն այն է, որ երբ անձամբ Փաշինյանին ինչ-որ բան պետք է լինում, նա կոչ է անում իր կողմնակիցներին փողոց դուրս գալ, ոստիկանությանը կոչ է անում ասֆալտին փռել կամ պատին ծեփել, բայց Ընտրական օրենսգրքի ընդունման հարցում նա իրեն պահեց ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ «սիրո և հանդուրժողականության» ռեժիմում: Արդյունքում՝ այն, ինչ որոշել էր «ժողովուրդը» հրապարակում, չիրագործվեց:

Կարևորը՝ «դուխո՛վ»: Գըմփ-գըմփ-հո՛ւ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ընտրական նոր օրենսգրքի ստեղծմամբ զբաղվող Դանիել Իոաննիսյանը նաև Փաշինյանին է մեղադրում քվեարկության տապալման հարցում:

Մեր օրերի այս «Շվոնդերը» ծպտուն չէր հանում հոկտեմբերի 2-ին ու դրանից առաջ, երբ քարոզվում էր, որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, բայց հիմա սկսել է քննադատել օրենսգրքի տապալումն ու մեղադրել Փաշինյանին, թե բա ինչու արտահերթ ընտրությունները գարնանը չարվեց, որ ամեն ինչ նորմալ հասցվեր:

Դանիելը երևի սեփական դեմքը փրկելու և դրսի գրանտատուներին հաշվետվություն տալու խնդիր ունի, քանզի ստացվում է, որ ժամավաճառությամբ ու թղթակերությամբ է զբաղվել այս ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը