Մեկնաբանություն

12.11.2018 15:21


Հեղափոխությունից «քծվածները»

Հեղափոխությունից «քծվածները»

Շուտով մեզանում հայտնվելու են հեղափոխությունից «քցվածքներ»: Այսպես ասած՝ հեղափոխական լոգոտիպում պատկերված կոշիկի տակ հայտնվածներ: Նրանց քանակը բավական շատ է լինելու:

«Քցվածներ» արդեն իսկ կան: Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններից հետո «քցվածների» քանակական ցուցանիշները կտրուկ աճ կարձանագրեն:

«Քցվածներին» կարելի է բաժանել մի քանի խմբի՝

1) ապրիլ-մայիսին հեղափոխությանն անկեղծորեն աջակցած, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից հարթակից հեռացվածներ,

2) հեղափոխությունը ողջունած, արդյունքներից օգտվելու ներքին հույս փայփայած, բայց հետագայում «ֆուկ» եղածներ,

3) հեղափոխությանը չաջակցած, բայց հետագայում հեղափոխության «տնփեսայի» կարգավիճակի ձգտածներ, բայց այդպես էլ մերժվածներ (առանց հուշելու էլ կարելի էր գլխի ընկնել, բայց «նա վսյակի» հուշենք, որ նկատի ունենք «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին. Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը կուզենային, որ իրենց վերցնի Նիկոլ Փաշինյանը որպես «պասաժիր», բայց չվերցրեց ու իրենք ստիպված ընկան դեգերումների մեջ),

4) Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը ողջունածներ, հակահեղափոխական ու սև չերևալու կոմպլեքսներ ունեցածներ, ժողովրդի վարչապետին քծնածներ, հեղափոխության մասին գիրք գրածներ ու Նիկոլի բոլոր նախաձեռնություններին ծափահարածներ. սրանք բոլորը հիմա «ռեյտինգային» ընտրակարգով չեն անցնելու խորհրդարան, ինչպես նաև դուրս են թռնելու քաղաքական դաշտից,

5) Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի պատգամավորական ցուցակում հայտնվելու երազանք ունեցած, բայց երազախափ եղածներ. սրանք հիմա հանգրվանում են այլ ուժերի ցուցակներում,

6) մարդիկ, որոնք մտնում են Նիկոլ Փաշինյանի նշած 800 հազար թամբալի կազմի մեջ և որոնք հույս ունեին, որ ընդամենը Նիկոլի հետ քայլելով ու «գըմփ-գըմփ-հո՛ւ» անելով կարող են պատգամավոր կամ նախարար դառնալ ու չաշխատել, բայց չդարձան նախարար ու չեն դառնա պատգամավոր, քանզի դարձածների ու դարձողների մեծ մասն էլ էր Նիկոլի հետ քայլել ու «գըմփ-գըմփ-հո՛ւ» արել. ինչպես ասում են՝ տեղերը սահմանափակ են:

«Քցվածների» այլ տեսակներ էլ կան, բայց հիմնականները սրանք են ու լայն հանրությանը չեն հետաքրքրում նրանց ճակատագրերը: Հետաքրքրողն այլ հարց է:

«Քցվածության» առումով կարևորն այն է, որ ժողովուրդը «չքցվի»:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը