Աշխարհ

15.11.2018 16:52


Ադրբեջանում էկզորցիզմի ծեսի ժամանակ տղամարդու են մահվան հասցրել․ նռնենու ճյուղերով հարվածել են

Ադրբեջանում էկզորցիզմի ծեսի ժամանակ տղամարդու են մահվան հասցրել․ նռնենու ճյուղերով հարվածել են

Երիտասարդ տղամարդուն մահվան են հասցրել նռնենու ճյուղերով հարվածելով՝ ցանկանալով նրա միջից չար ոգիներին վանել։ Զոհվածի ընտանիքն ընտրել է բուժման այդ յուրօրինակ ձևը՝ նրա մոտ հոգեկան խնդիրներ նկատելով։ Գործի առթիվ ձերբակալվել է վեց մարդ։

Հետաքննության վարկածը

Զոհված Մուրադ Սոլթանովը 25 տարեկան էր, հոգեկան խախտումներ ուներ, որոնք ուղեկցվում էին նոպաներով։ Զոհվածի հայրը որոշել է, որ պատճառը նրա մեջ մտած չար ոգիներն են։ Քաղաքներից մեկում նա մարդկանց է գտել, որոնք իբր զբաղվում էին չար ոգիներին վանելով, և վճարել է «բուժման» համար։ Դիվահալածության (էկզորցիզմի) ծեսը կայանում էր նռնենու ճյուղերով հիվանդին ծեծելու մեջ։ Այն տևել է մի քանի ժամ, ծեծի հետևանքով երիտասարդը մահացել է։

Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել 126.3 (ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը մահվան է բերել) և 138.2.-1 (օրենքով արգելված բուժման մեթոդների կիրառումը, որը մահվան է հասցրել) հոդվածներով։

Ձերբակալվածները պնդում են, որ պարզապես ժողովրդական մեթոդ են կիրառել. «Մենք նրան ավելի վաղ էլ էինք այդպես բուժում, սակայն վերջին սեանսի ժամանակ Սոլթանովն անսպասելիորեն մահացել է»։

Հասարակության արձագանքը. ոչ միայն դեմ

Սոցցանցերի օգտատերերի մեծ մասին ցնցել էր կատարվածը.

«Ինչպիսի՜ խավարամտություն, կարծես 21-րդ դարում չլինենք»

«Սարսափելի բան է։ Լավ է՝ գոնե վհուկներին խարույկի վրա չեն այրում»

«Ի՞նչ գործի է թաղայինը և քաղաքային իշխանություններն՝ իմանալով, որ քաղաքում ոմանք դրանով են զբաղվում։ Երևի կաշառք տալիս են եղել, և ամեն ինչ հանգիստ է եղել, բայց հանկարծ անսպասելիորեն մարդ է մահացել, և ամեն ինչ փչացրել է»։

Սակայն գտնվեցին նաև մարդիկ, որոնք պաշտպանում են նման մեթոդների կիրառումը.

«Իրականում այդ ճյուղերը փոքր փայտեր են, որոնցով զուտ խորհրդանշական կերպով հարվածում են դիվահարին։ Դրանցով եթե ողջ օրն էլ հարվածես, հնարավոր չէ սպանել։ Մարդիկ լավ կյանքից չէ, որ այդպիսի պրակտիկայի են դիմում։ Պաշտոնական բժշկությունը չի կարող բուժում կատարել և բացատրել, թե ինչու են հանկարծ հոգեպես առողջ մարդու մոտ նոպաներ սկսվում։ Ժողովրդական բուժումը պարզապես Ղուրանի ընթերցումն է։ Ոչ մի դեղ կամ քիմիա։ Մահվան դեպքեր հնարավոր են, երբ չար ոգուն չի հաջողվում վանել»։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը