Մեկնաբանություն

22.11.2018 14:52


Ինչպես աշխատացնել 800 հազար «թամբալին»

Ինչպես աշխատացնել 800 հազար «թամբալին»

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դեկտեմբերի 9-ին ակնկալում է ՀՀ քաղաքացիների քվեն, որպեսզի քաղաքական հեղափոխությունից հետո նաև տնտեսական հեղափոխություն լինի:

Թեև տնտեսությունը սիրում է կայունություն, այլ ոչ թե հեղափոխականություն, բայց հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ կարող ենք հասկանալ, թե ինչու է ամեն ինչից առաջ դրվում «հեղափոխություն» բառը:

Կարևորը, տվյալ դեպքում, բովանդակությունն է: Այսինքն՝ կարևորն այն է, թե ինչ բովանդակություն է դրվում «տնտեսական հեղափոխության» մեջ:

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տնտեսական տեսլականը

Քաղաքական հեղափոխության ժամանակ ամեն ինչ հստակ էր, պարզ ու նույնիսկ՝ պարզունակ:

Փաշինյանը սկզբում առաջարկեց մերժել Սերժին, իսկ հետո, երբ տեսավ, որ իր իսկ համար անսպասելիորեն ահագին մարդ է հավաքվել, առաջարկեց մերժելուց հետո իրեն վարչապետ նշանակել:

Եթե նա հենց սկզբում, այսինքն՝ Գյումրիում հայտարարեր, որ քայլարշավը սկսում է, որպեսզի վարչապետ դառնա, ապա հայրաքաղաքից Երևան կհասներ իր թիմակիցների ու «Չալո» անունը ստացած շան ուղեկցությամբ, և հասնելուց հետո իր շուրջը հավաքվածների քանակային աճ հազիվ թե տեղի ունենար: Ասել է թե՝ ճիշտ ալգորիթմը գործի հաջողության գլխավոր բանալին է:

Տեսե՛ք, ապրիլ-մայիսյան օրերին քաղաքացուց պահանջվում էր դուրս գալ տանից ու փակել փողոցը, պարբերաբար «գըմփ-գըմփ-հո՛ւ» անել, դատարկ «կաստրյուլային» շերեփով հարվածել, գոռալ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» ու վերջում էլ գոռալ «Նիկո՛լ, վարչապե՛տ»:

Իշխանությունը վերցնելն ամենահեշտ բանն էր: Դժվարն այն պահելն ու երկիրը զարգացնելն է, որպեսզի հետո մեկ ուրիշը քեզ «գըմփ-գըմփ-հո՛ւ» չանի:

Ամենամեծ խնդիրը տնտեսություն զարգացնելն է, մարդկանց բարեկեցությունն ապահովելը և որպես գլխավոր արդյունք՝ մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելը:

Փաշինյանն ասել է, որ ինքը «իզմերի» կողմնակից չէ: Հետևաբար դժվար է գնահատել, թե նա ի՞նչ մոդել է պատկերացնում ու ինչպե՞ս է փորձելու տնտեսություն զարգացնել: Ոչխար պահելու, մոշ հավաքելու, տաքսի քշելու կոչերը մարդկանց մի մասի համար կարող են ուղենիշ դառնալ և իրոք որոշակի բարեկեցություն ապահովել, բայց չեն կարող հիմք հանդիսանալ բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական երկրի վերածվելու համար, ինչի մասին Փաշինյանն, ի դեպ, պարբերաբար խոսում է՝ հակադրելով իր պատկերացրած այդ տնտեսությունը ներկայիս տնտեսական համակարգին:

Տնտեսական քաղաքականությունը և հակակոռուպցիոն պայքարը

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը տնտեսական քաղաքականությունը փոխարինել է հակակոռուպցիոն պայքարով, իսկ հակակոռուպցիոն պայքարը՝ «մասկի-շուներով» ու ներքաղաքական խաղերով:

Հակակոռուպցիոն պայքարն, իհարկե, լավ բան է, բայց դա տնտեսական քաղաքականության փոխարինիչ չէ: Դա իրավապահների գործն է, ընդ որում՝ առանց ընտրովի ու հեռախոսային արդարադատության կիրառման:

Կյանքը դեկտեմբերի 9-ից հետո

Դեկտեմբերի 9-ից հետո Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, կդառնա վարչապետ՝ այս տարվա մեջ արդեն 3 անգամ չդառնալուց ու 1 անգամ դառնալուց հետո:

Ակնկալվում է, որ մենք կունենանք նոր վարչապետ՝ նոր Նիկոլ Փաշինյան, ով «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ի փոխարեն նախընտրում է՝

ա. հանգիստ ու մասնագիտական մթնոլորտում քննարկումները,

բ. ռացիոնալ որոշումներ ընդունելը,

գ. ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու մյուս «Ծ»-երը ներքաղաքական գործիք չդարձնելը,

դ. հանրությանը համախմբելը, այլ ոչ թե հակադրություններ սերմանելը և այդպես շարունակ:

Դեկտեմբերի 9-ից հետո, երբ բաղձալի իշխանությունն արդեն ամբողջությամբ նվաճված կլինի, վերջապես պետք է զբաղվել տնտեսությամբ, բայց հարցն այն է, թե ինչպես: Այդ «ինչպես»-ի մասին պետք է հստակ խոսի Փաշինյանը 12-օրյա քարոզարշավի ժամանակ կամ դրանից առաջ, քանզի նա արդեն քարոզարշավի մեջ է:

Հասկանալի է, որ քայլերթն ու հանրահավաքն այդ ամենի համար այնքան էլ լավագույն ֆորմատը չեն, բայց քայլելուց հետո, երբ կգա հանգիստ նստելու ժամանակը, արժե ասել, թե ինչն ինչով է փոխվելու, ինչպես է փոխվելու և ինչ կադրերով է այդ ամենն արվելու:

Փաշինյանը վրդովված պնդում էր, որ մեզանում 350 հազար մարդ ճռռում է, որպեսզի պահի 800 հազարին: Մի կողմ թողնելով թվային անճշտությունները՝ կուզենայինք նախըտրական փուլում հայեցակարգային ու ծրագրային մոտեցման մասին լսել, թե ինչպես է, օրինակ, Փաշինյանը պատրաստվում աշխատացնել իր ասած 800 հազար «թամբալին»: Միայն միկրոբիզնեսին հարկերից ազատելով հարցը, բնականաբար, չի լուծվելու:

Գլխավոր քաղաքական խնդիրը երկրում համերաշխության մթնոլորտը վերականգնելն է, որից հետո տնտեսական ծրագրերը և հայեցակարգերը կյանքի կոչելը կհեշտանա:

Հնարավոր չէ հարթակից ասֆալտին փռելու կոչեր հնչեցնել, իսկ մյուս կողմից ակնկալել ներդրումներ ու բիզնեսի աշխուժացում:

Ասֆալտին փռվողները հաստատ այն 350 հազարի մեջ են մտնում: Հնարավոր չէ պոպուլիստական նպատակներով նրանց վնասելն ու միաժամանակ ծեփելուց հաճույք ստացող 800 հազարին «թամբալ» համարելը: Այդպիսի վարքագծով կարելի է երկու շերտի հետ հարաբերություններն էլ վատացնել ու ստանալ լավագույն դեպքում զրո տնտեսական արդյունք:

Մի խոսքով, «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ից պետք է անցնել լուրջ գործի: Եթե, իհարկե, դրա ցանկությունն ու կարողությունը կա:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը