Տնտեսական

23.11.2018 16:59


Կոկորդիլոսաբուծարան հիմնելու թույլտվություն բնապահպանության նախարարությունը չի տվել

Կոկորդիլոսաբուծարան հիմնելու թույլտվություն բնապահպանության նախարարությունը չի տվել

Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու համար գործարարը բնապահպանության նախարարություն չի դիմել։ Այսօր լրագրողների ու բնապահպանների հետ հանդիպմանը հայտնեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։

«Մեզ չի ներկայացվել որևէ նախագիծ, իսկ եթե դա լինելու է, ենթադրենք, զբոսայգի, դա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթաց է, և չի կարող սկսել առանց այդ փորձաքննական գործընթացն անցնելու»,–ասաց Էրիկ Գրիգորյանը` չբացառելով, որ ծրագիրը նախաձեռնող գործարարը հնարավոր է` տեղյակ չէ օրենքի այդ պահանջին։

Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ, քանի որ գործարար նախագծի մասին առաջինը հայտարարել էր Արարատի մարզպետը, իրենք մարզպետին տեղեկացրել են օրենքի պահանջ պարտադիր գործընթացի մասին։

Հիշեցնենք` սեպտեմբերին, Արարատի մարզպետն, իր գործունեության 100 օրն ամփոփելիս, հայտնել էր, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան:

««Արմոտ» ՍՊԸ-ն այս համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում է ունեցել բնակիչների հետ և ներկայացրել ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են կատարելու, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Ներդրողը Տանզանիայից է, ով հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»,-ասել էր մարզպետը` հավելելով, որ ծրագրի շրջանակներում կստեղծվեն նաև հանգստի գոտիներ, ատրակցիոններ, սննդի կետեր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծրագրի հեղինակ գործարարը հայ է, ծննդով Շիրակի մարզից, ով աշխատել է Տանզանիայում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը