Մեկնաբանություն

26.11.2018 00:32


Անմեղ հարցեր մեղավոր թեմաներով

Անմեղ հարցեր մեղավոր թեմաներով

Նիկոլ Փաշինյանն ընտրական գործընթացներին մասնակցում է 2007 թվականից: Սկզբում նա գլխավորում էր «Իմպիչմենտ» դաշինքը, հետո հայտնվեց ՀԱԿ ցուցակում (2012թ.)՝ մինչև այդ ակտիվ դերակատարում ստանձնելով 2008-ին նախագահի թեկնածու առաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում:

Խորհրդարան անցնելուն պես Փաշինյանը փաստացի դադարեցրեց իր անդամությունը ՀԱԿ-ում և որոշ ժամանակ անց հիմնադրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

2016-ին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել է Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններին (երկու տեղում էլ ՔՊԿ-ն չանցավ անցողիկ շեմը):

2017-ի խորհրդարանական ընտրություններին Փաշինյանը մասնակցեց «Ելք» դաշինքի ցուցակում: «Ելքը» մասնակցեց նաև 2017-ի Երևանի ավագանու ընտրություններին:

Այս բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ֆինանսական առումով մշտապես աչքի են ընկել համեստ հնարավորություններով: Օրինակ՝ եթե 2017-ի Երևանի ընտրությունների ժամանակ «Ելքը» բնակչության հետ հանդիպումների համար որպես բեմահարթակ օգտագործում էր ավտոտնակների տանիքները (Նիկոլ Փաշինյանը բարձրանում էր ավտոտնակների տանիքներին ու բարձրախոսը ձեռքին երգում էր կամ էլ ելույթներ ունենում), ապա Երևանի այս տարվա հետհեղափոխական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիմը բավական թանկարժեք արշավ էր անցկացնում և կարիք չուներ ավտոտնակների տանիքների վրա բարձրանալու:

Մեկ այլ օրինակ: 2016-ին ՔՊԿ-ն Գյումրիում այն աստիճանի թիմ չուներ և այն աստիճանի ֆինանսապես թույլ էր, որ Փաշինյանն անձամբ էր փակցնում քարոզչական թերթիկները Գյումրիի փողոցների «տրուբաների» վրա. ՔՊԿ-ի ստացած քվեները Գյումրիում տատանվում էին 1 տոկոսի շրջակայքում:

Ասելս այն է, որ հիմա Փաշինյանը նախորդ տարվա համեմատ բավական ճոխ քարոզարշավային գործընթաց է իրականացնում: Ճոխությունը նախևառաջ վերաբերում է ֆինանսական կողմին: Ճոխ էին հետմայիսյան ավագանու ընտրությունները, ճոխ է նաև հիմա:

Հետաքրքիր է, թե որտեղի՞ց այդպես միանգամից ֆինանսական հնարավորություն ստեղծվեց «Իմ քայլը» դաշինքի համար և ինչպե՞ս Փաշինյանն սկսեց իշխանություն եղած ժամանակ ՀՀԿ-ի ոճի քարոզչական «ռազմախ» վերցնել: Որտեղի՞ց պաստառների, քարոզչանյութերի, մեծ ու շատ գրասենյակների և այլ գործողությունների համար ծախսվող ոչ քիչ գումարները: Կարծում եմ՝ արժե ՀՀ հպարտ քաղաքացիներին տեղյակ պահել այդ մասին:

Նոր իշխանությունները խոսում են նախկինում թալանածը կոպեկ-կոպեկ հետ բերելու մասին: Լավ կլիներ նաև, որ կոպեկ առ կոպեկ ներկայացվեր, թե ինչպես է գոյացել «Իմ քայլի» նախընտրական բյուջեն:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը