Կարծիք

10.03.2010 16:54


Ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ Օբաման ու Քլինթոնը թաղեն Ցեղասպանության բանաձևը

Ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ  Օբաման ու Քլինթոնը թաղեն Ցեղասպանության բանաձևը

Բավարար չէր, որ Միացյալ  Նահանգների նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը դրժել էին Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու իրենց  նախընտրական խոստումը, անցյալ շաբաթ նրանք էլ ավելի նվաստացան, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նա և Նախագահը դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչու են նրանք շրջվել այս հարցի մասին իրենց նախկին մոտեցումներից, Քլինթոնը անվրդով պատասխանեց. «Կարծում եմ, որ հանգամանքները փոխվել են մի շատ կարևոր ձևով ... Մենք չենք գտնում, որ Կոնգրեսի կողմից իրականացված որևէ գործողություն տեղին է և դեմ ենք հանդես գալիս»: Նա ավելացրեց, որ վարչակազմը չի կարծում, որ սույն բանաձևը «կքվեարկվի կամ պետք է քվեարկվի» Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Ինչպե՞ս կարող էին միանգամից փոխվել 95 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության փաստերը: Իրականում ոչինչ էլ չէր փոխվել, բացառությամբ պետքարտուղար Քլինթոնի բարոյական չափանիշները, ենթադրելով, որ նա նախկինում նման չափանիշներ ունեցել է:

Ամոթալի է, որ Օբամայի  վարչակազմը տեղի է տալիս երրորդ աշխարհի  երկրի սպառնալիքներին, որն ԱՄՆ-ի  կարիքն ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ը՝ նրա: Ինչպես նախորդ շաբաթ հայտարարեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. □Թուրքիան' Միացյալ Նահանգների Կոնգրեսում քվեի կամ վետոյի իրավունք չունի□: Ոչ էլ Միացյալ Նահանգների նախագահն ու պետքարտուղարը նման իրավունք ունեն Կոնգրեսի հուշագրական բանաձևերի պարագայում:

Սպիտակ տան ներկայացուցիչն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Հանձնաժողովում բանաձևի քվեարկության նախօրեին Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները  հեռախոսազրույց են ունեցել: Դրանից անմիջապես  հետո Հիլարի Քլինթոնը' Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին նախազգուշացրեց, որ. «Կոնգրեսի հետագա գործողությունները կարող են խոչընդոտելՀայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Սակայն, զարմանալի է, որ Քլինթոնը ինքն իրեն գլխավոր դատավոր է նշանակել' որոշելու, թե որն է Հայաստանի գերագույն շահը, անգամ, երբ ամերկահայերն ու Հայաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ  ողջունում են Ցեղասպանության բանաձևի ընդունումը: Իսկապես, Հիլարի Քլինթոնը ծիծաղելի վիճակում է դրել իրեն, որ նա հայերից ավելի քաջատեղյակ է, թե ինչն է նրանց համար լավ և ինչը' վատ:

Ամիսներ շարունակ հաստատելով, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան, և դրանք այլ հարցի հետ շաղկապված չեն, Հիլարի Քլինթոնն այժմ պնդում է, որ Արձանագրություններն ուղի կհարթեն մի հանձնաժողովի ստեղծման համար, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության փաստերի ուսումնասիրությամբ: «Չեմ կարծում, թե որևէ այլ երկիր պետք է որոշի ինչպես լուծել երկու երկրների միջև գոյություն ունեցող խնդիրները»,- հայտարարեց նա: Հաստատվեցին հայ ընդդիմախոսների վատթարագույն մտավախություններն Արձանագրությունների վերաբերյալ: Անկասկած, Պետքարտուղարը կարծում է, որ Արձանագրությունների վավերացումը կկանխի Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը այլ երկրների կողմից: Սա հենց այն է, ինչը շարունակ հայտարարում էր թուրքական կողմը՝ ի մտահոգություն հայերի մեծամասնության: Հետաքրքիր է, որ անցյալ շաբաթ նմանօրինակ մի հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, զարմանք հայտնելով, որ Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին հայտնվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի օրակարգում: Թուրք ղեկավարներն ի սկզբանե նպատակադրվել էին խոչընդոտել այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը, ձգձգելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:

Պատահական չէր, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում համարյա բոլոր կոնգրեսականները, ովքեր դեմ էին արտահայտվել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը, կեղծ պատրվակներ էին առաջ քաշում, որ իրենց հակադրությունը պայմանավորված էր իբր հայ-թուրքական հաշտեցում ապահովող Արձանագրություններին չվնասելու մղումներով: Չնայած իրենց քաղցրախոս հռետորությանը, նրանք ովքեր բանաձևին դեմ արտահայտվեցին, միաժամանակ պաշտպանելով Արձանագրությունները, իրականում զույգ հարցերում էլ գործում էին հայության շահերի դեմ: Համենայն դեպս, Արձանագրություններն այժմ մեռած ու թաղված են, Թուրքիայի կողմից դրանց վավերացման մերժման շնորհիվ, բացառւթյամբ, եթե Հայաստանն ընդուներ կողմնակի նախապայմանները:

Չնայած ամերիկահայ ընտրողները չեն կարող «իրենց հաշիվները  մաքրել» նախագահ Օբամայի հետ, քանզի այս տարվա նոյեմբերին նրա թեկնածությունը քվեարկության չի դրվում, սակայն բանաձևին դեմ հանդես եկած քսաներկու կոնգրեսականներից տասնութինը դրվելու է: Ամերիկահայերը պետք է հնարավոր ամեն ինչ անեն կանխելու բոլոր նրանց վերընտրությունը, ովքեր մարտի 4-ին դեմ են քվեարկել Ցեղասպանության բանաձևին. Ռասս Քարնահան, Ջերալդ Քոննոլլի, Մայքլ Մաքմահոն, Մայք Ռոսս, Բրեդ Միլլեր, Դեվիդ Սքոթ, Գրեգորի Միքս, Իլեանա Ռոս-Լեյտինեն, Ռոն Փոլ, Ջեֆֆ Ֆլեյկ, Մայք Փենս, Ջոե Վիլսոն, Քոննի Մաք, Ջեֆֆ Ֆորտենբերրի, Մայքլ ՄքՔոլ, Թեդ Փո, Բոբ Ինգլիս և Դեն Բարտոն: Բիլլ Դելահանթը և Ջոն Թաները հեռանում են Կոնգրեսից, Գրեշեմ Բարրետը պայքարելու է նահանգապետի պաշտոնի համար, իսկ Ջոն Բուզմանը ԱՄՆ-ի Սենատի թեկնածու է: Վերջին երկուսի դեմ պետք է պայքարել նրանց նոր պաշտոնների քարոզարշավների ընթացքում:

Բացի այդ, ամերիկահայերը պետք է քարոզարշավ սկսեն ընդդեմ կոնգրեսականներ Սթիվ Քոհենի, Էդ Վիթֆիլդի և Քեյ Գրենջերի' Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին նրանց համատեղ նամակ հղելու համար, որով կոչ էին անում դեմ քվեարկել Ցեղասպանության բանաձևին: Նրանք երեքն էլ Կոնգրեսի թուրքական խմբակցության անդամներ են:

Մյուս մեղավորները ամերիկյան գլխավոր պաշտպանական հինգ ընկերությունների՝ Lockheed Martin Corp., Boeing Co., Raytheon Co., United Technologies Corp. և Northrop Grumman Corp նախագահներն են: Նրանք համատեղ նամակ էին հղել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին, կոչ անելով մերժել Հայոց ցեղասպանության բանաձևը, որպեսզի վտանգի չենթարկեն իրենց ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ: Այս հինգ նախագահների արարքը ոչ միայն անբարո քայլ է, որով նրանք իրենց շահույթը' արյունոտ դրամը վեր են դասում մարդու իրավունքներից, այլև անտեսում են այն փաստը, որ Թուրքիան չի կարող հրաժարվել նրանց ընկերությունների գնումներից, քանի որ դա առաջին հերթին կթուլացնի հենց Թուրքիային: Ամերիկահայերը պետք է պայքարեն այս ընկերությունների դեմ' բողոքի ցույցեր կազմակերպելով նրանց գլխավոր գրասենյակների և գործարանների առջև: Այդ ընկերություններում աշխատողները պետք է իրենց զայրույթն արտահայտեն իրենց ղեկավարների նկատմամբ: Բաժնետերերն այս ընկերությունների հաջորդ տարեկան ժողովին պետք է իրենց մտահոգությունն արտահայտեն ու ձգտեն այս հինգ նախագահների պաշտոնանկությանը: Բողոքի նման արշավ պետք է իրականացնել նաև ընդդեմ Aerospace Industries Association-ի, որը ներկայացնում է 270 անդամ-ընկերությունների: AIA-ն իր հերթին առանձին նամակ էր հղել Կոնգրեսին' ընդդեմ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման:

Այն կոնգրեսականներն ու ընկերությունները, ովքեր հանդես են եկել ընդդեմ մարտի 4-ի բանաձևի, պետք է շատ թանկ գին վճարեն իրենց անբարոյական արարքի համար: Նրանց բացասական քվեների և նամակների անտեսումը կխրախուսի նրանց կրկին հանդես գալու ընդդեմ բանաձևի, երբ այն ներկայացվի Կոնգրեսի լիագումար նիստին: Եթե ամերիկահայերին հաջողվի այս անպատիվ անձանցից որևէ մեկին նոյեմբերին պարտության մատնել, ապա մյուսներին դաս կլինի, որ Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելով նրանք կարող են խաչ քաշել իրենց քաղաքական գործունեության վրա: Հետագայում նման քվե տալուց առաջ նրանք ավելի երկար կմտածեն:

Ամերիկահայերը չպետք է թույլ տան որ նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնն իրենց կամքը պարտադրեն Միացյալ Նահանգների Կոնգրեսին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկացիների մեծամասնությունը հիասթափված է Օբամայի վարչակարգի քաղաքականության ձախողմամբ և խոստումները չկատարելուց, ամբողջ երկրում ընտրված բոլոր պաշտոնյաները լրջորեն մտահոգված են իրենց վերընտրությամբ: Ամենահարմար պահն է պահանջներ ներկայացնել քաղաքական գործիչներին և պատժել նրանց, ովքեր չեն համագործակցում: Ամերիկահայերը պետք է կապ հաստատեն իրենց ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր ընտրատարածքում, ամբողջ երկրով մեկ, անգամ ամենահեռավոր շրջաններում և հայտնեն նրանց, որ Ցեղասպանության բանաձևին չաջակցելու դեպքում, նրանք նոյեմբերին կզրկվեն հայ ընտրողների քվեներից: Քաղաքական գործիչներն ավելի շուտ կլսեն իրենց ընտրողներին, քան' նախագահ Օբամային, քանզի նա է իրենց պաշտոնների վտանգման հիմնական պատճառը: Ուստի, վերջին հաշվով բանաձևի ճակատագիրը գտնվում է ամերիկահայերի ձեռքում: Եթե նրանք տոկունություն հանդես բերեն և բավարար քանակությամp աջակիցներ ձեռք բերեն կոնգրեսականների շրջանում, ապա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին այլ բան չի մնա անելու, քան բանաձևը ներկայացնել լիագումար նիստին' անկախ այն բանից, թե վարչակազմն ինչ կթելադրի նրան: Հակառակ դեպքում, շատ այլ հարցերով բորբոքված ընտրողները կարող են դուրս գցել պաշտոնատար անձանց, վտանգելով նաև խոսնակի նրա պաշտոնը:

Ամերիկահայերը չպետք է մոռանան իրենց խորին  երախտագիտությունը

հայտնել հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և այն քսաներկու մյուս կոնգրեսականներին, ովքեր մարտի 4-ին քվեարկեցին հօգուտ բանաձևի: Նրանք են. Գարի Աքքերման, Էնի Ֆալեոմավեգա, Դոնալդ Փեյն, Բրեդ Շերման, Էլիոթ Էնկել,Դայան Ուոթսոն, Ալբիո Սայրես, Ջին Գրին, Լին Ուոլսի, Բարբարա Լի, Շելլի Բերքլի, Ժոզեֆ Քրոուլի, Ջիմ Կոստա, Քիթ Էլլիսոն, Գաբրիել Ջիֆֆորդս, Քրիսթոֆեր Սմիթ, Գաս Բիլիրակիս, Դանա Ռորաբախեր, Դոնալդ Մանզուլլո, Էդվարդ Ռոյս, Էլթոն Գալլեգլի և Ռոն Քլեյն: Հայկական համայնքը պետք է խանդավառությամբ աջակցի նրանց վերընտրությանը: 

Թուրքական որոշ շրջանակներ իրենք իրենց մխիթարում են նրանով, որ բանաձևն ընդունվել է ընդամենը մեկ ձայնի առավելությամբ: Սակայն, քանի որ Ներկայացուցիչների պալատի անդամները, ովքեր դեմ էին քվեարկել բանաձևին այլ պատճառներով, պարզորոշ հայտարարել էին, որ կասկածի տակ չեն առնում Հայոց ցեղասպանության իրողությունը, ուստի քվեարկությունը կարող էր լինել 45-0, և ոչ թե' 23-22: Ցեղասպանության ճանաչման տեսակետից սա խոշոր հաղթանակ է վասն ճշմարտության, և կարևոր պարտություն՝ թուրք ժխտողների ու նրանց հովանավորողների համար: Չպետք է զարմանալ, եթե մոտ ապագայում թուրք ղեկավարները չեղյալ համարեն իրենց ձախողված լոբբիստական ընկերությունների բազմամիլիոնանոց պայմանագրերը:    

Հարութ  Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյանի  

Այս խորագրի վերջին նյութերը