Մեկնաբանություն

29.11.2018 10:30


Պայքար ընդդիմություն «աշխատելու» համար

Պայքար ընդդիմություն «աշխատելու» համար

Շատ տարօրինակ ընտրություններ են տեղի ունենում մեզ մոտ:

Եթե նախկինում ընդդիմադիրները կամ այսպես ասենք՝ իշխանությունից դուրս գտնվող ուժերը հայտարարում էին, որ պայքարում են իշխանություն դառնալու համար, ապա այժմ, բացի «Իմ քայլը» դաշինքից, բոլորը հայտարարում են, որ իրենք ամենալավ ընդդիմությունը կդառնան: Նույնիսկ ԲՀԿ-ն, որը նախկինում միշտ ավանդաբար հայտարարում էր, որ ձգտում է «50%+1»-ի, այժմ անհարմարության աստիճանի իջեցրել է իր ցանկությունների նշաձողը և ամեն կերպ փորձում է հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին:

Իշխանություն վերցնելու հայտ են ներկայացնում «Սասնա ծռերը», բայց ոչ թե հիմա, այլ 2 տարի անց, սակայն հանդիպելով Փաշինյանի կոշտ քննադատությանը՝ անմիջապես հետ քաշվեցին ու Ժիրայր Սեֆիլյանի բերանով հայտարարեցին, որ իրենք խնդիր չունեն «Իմ քայլի» հետ և իրենց գլխավոր առաքելությունը ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի դեմ պայքարն է:

Մասնագիտական աչքի համար տեսանելի է, որ «ծռերի» գլխավոր թիրախը Փաշինյանն է, որովհետև սեֆիլյանենք նրան համարում են հեղափոխությունը գլխավորած պատահական մարդ, որը իրենց բանտերում լինելու պատճառով է, որ կարողացել է հարթակը զբաղեցնել, բայց գոնե այս ընտրություններում նրանք ռիսկ չեն անում հակադրվել «Իմ քայլին»:

ՀՅԴ-ն ավելի շատ ներքին պայքարների մեջ է, քան ընտրապայքարի: Այս ընտրություններում ՀՅԴ-ի ասելիքն ու անելիքը չկա: Մի քիչ ընդդիմություն, մի քիչ իշխանություն լինելը հեղափոխական մթնոլորտում հնարավոր չէ:

Միակ ուժը, որը կոշտ ձևով քննադատում է Նիկոլ Փաշինյանին, դա ՀՀԿ-ն է, որը շատ լավ գիտի, որ պայքարում է ԱԺ-ում հայտնվելու, այլ ոչ թե իշխանությանը վերատիրանալու համար: Նրանք այդպես էլ հայտարարում են, որ ակնկալում են քվե, որպեսզի հակակշռեն Փաշինյանի իշխանությանը:

Մյուս կուսակցությունների խնդիրն այն է, որ ցույց տան, թե ինչքան լավ ընդդիմություն իրենք կլինեն Փաշինյանի իշխանությանը: Իսկ դա ծիծաղելի ու անհասկանալի է դարձնում այդ կուսակցությունների առաքելությունը:

Այսպիսով, բացի ՀՀԿ-ից, որը իրական ընդդիմություն է Փաշինյանին, բայց լուծում է զուտ գոյատևման խնդիր, մյուսները ոչ թե ընդդիմանում են «Իմ քայլին», այլ ուզում են Փաշինյանին կից ընդդիմություն «աշխատել»: Ընդամենը:

Այսպիսով, ընտրությունները տեղի են ունենում նախապես հայտնի ելքով, ինչը նաև օբյեկտիվ պետք է համարել, քանի որ մարդկային զանգվածների ներգրավմամբ իշխանափոխությունից հետո այլ բան սպասելը հակաքաղաքագիտական է: Ինտրիգն այն է, թե որքան «կխփի» «Իմ քայլը»:

Եթե ելնում ենք այն կանխավարկածից, որ «Իմ քայլը» դեկտեմբերի 9-ից հետո կվերցնի իշխանությունը, ապա իրական ընդդիմությունը կձևավորվի խորհրդարանի պատերից դուրս, քանզի արտահերթին մասնակցող ուժերը նման ֆունկցիա չեն կարող ու չեն ուզում կատարել:

ՀՀԿ-ն հանրային ընկալման մեջ գոնե տեսանելի ապագայում չի կարող լինել որպես այլընտրանք «Իմ քայլին», իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցողները կոմպլեքսավորված ու վախվորած են իրական ընդդիմություն դառնալու հայտ ներկայացնելու համար: Այնպիսի ընդդիմության, որը իշխանություն վերցնելու նպատակ է դնում, այլ ոչ թե Նիկոլին կից ընդդիմություն «աշխատելու»:

Միայն դեկտեմբերի 9-ից հետո կսկսվի քաղաքական նոր դաշտի ձևավորման գործընթացը: Մի շատ կարճ շրջան կառաջանա ընդդիմադիր դաշտի վակուում, ինչը բնության օրենքների համաձայն անպայման կլցվի: Ու շատ կարևոր է, որ այն լցվի առողջ միավորով:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը