Քաղաքական

04.12.2018 17:55


ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրությունների պատրաստվող Հայաստանի խնդրանքով. Ուշակով

ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրությունների պատրաստվող Հայաստանի խնդրանքով. Ուշակով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին, հետաձգվել է՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, որն ընտրությունների է պատրաստվում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը հաշվի առնելով, որը վկայակոչել էր դեկտեմբերի 9-ին ընտրություններով ավարտվող նախընտրական արշավը, որոշեցինք ՀԱՊԿ նիստը [գագաթնաժողովը] չանցկացնել [դեկտեմբերի 6-ին]»,- նշել է նա:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այսպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Խոսելով նոր գլխավոր քարտուղարի թեկնածության մասին՝ նա նշել է, որ «մի քանի տարբերակներ կան»:

Ուշակովը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ հազիվ թե կայանա ՀԱՊԿ նոր գագաթնաժողով:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս անդրադարձել էր այդ թեմային՝ նշելով, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ սակայն տեղի է ունենալու միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը. «ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, եւ ես մասնակցելու եմ այդ նիստին»։

Աղբյուրը՝ News.am

***

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը անդրադառնալով այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով։

Ըստ Եղոյանի, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կիրակի օրվա ելույթից պարզ դարձավ, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է, և պատճառը դաշինքի գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի շուրջ համաձայնության բացակայությունն է:

Ըստ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն առաջարկել է և ինքն էլ համաձայնել է՝ գագաթնաժողով չանել, աշխատանքային կարգով քննարկել լուծումը, որից հետո պատրաստի լուծմամբ գնալ գագաթնաժողովի:

Այս խորագրի վերջին նյութերը