Աշխարհ

06.12.2018 21:09


Քննարկվում է Ախալցիխեի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու հարցը

Քննարկվում է Ախալցիխեի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու հարցը

Ախալցիխեի սակրեբուլոն (շրջանային ժողով) քննարկում է քաղաքի փողոցներից մեկն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու հարցը։

Նման հարցով դեռևս նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունն էր դիմել Ախալցիխեի շրջանային ժողովին։

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ դա կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի անվան հավերժացմանը:

«Ալիք մեդիան» զրուցել է Ախալցիխեի սակրեբուլոյի ղեկավար Գելա Նոզաձեի հետ, պարզելու, թե ինչ փուլում է փողոցի անվանակոչման գործընթացը:

Նոզաձեի խոսքերով, փողոցի անվանակոչման հարցը բարձրացվել է սակրեբուլոյում, թեև նախընտրական շրջանում իրենք խուսափում էին, որպեսզի հարցը քաղաքական բնույթ չստանար:

«Նախընտրական շրջանում որևէ հստակ որոշում չենք կայացրել, խուսափում էինք, որպեսզի հարցը քաղաքական բնույթ չստանար, սակայն այժմ այդ հարցը սակրեբուլոյում քննարկվում է: Ցավոք, Ախալցիխեում բոլոր փողոցներն արդեն ունեն իրենց համապատասխան անվանումը, մենք չենք կարող անվանափոխել, սակայն, քաղաքում կան նոր թաղամասեր, մտածում ենք, հենց այդ նոր փողոցներից մեկն էլ կոչել Ազնավուրի անունով»,-ասել է Գելա Նոզաձեն՝ հավելելով, որ վերջնական որոշումը սակրեբուլոյինն է:

Հիշեցնենք, որ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի՝ արմատներով Էրզրումցի հայրը ծնվել է Ախալցիխեում։

2005 թվականին Ախալցիխեի սակրեբուլոն Ազնավուրին շնորհել է պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցել է Ախալցիխեի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի ընթացքում բացվեց նրա անվան աստղը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը