Մեկնաբանություն

11.12.2018 15:30


Կալիգուլայի ձին ու Նիկոլի շունը

Կալիգուլայի ձին ու Նիկոլի շունը

Այս խորհրդարանը ձևավորվել է մեկ մարդու անվան տակ ու մեկ մարդու համար: Նիկոլ Փաշինյանը կարող էր անգամ իր «Չալո» կամ «Քայլո» անունով շանը գրել «Իմ քայլի» ցուցակում ու դարձնել պատգամավոր այնպես, ինչպես Կալիգուլան էր իր ձիուն դարձրել սենատոր:

Դեկտեմբերի 9-ի քվեարկության արդյունքում պատգամավոր դարձածներն, ի դեպ, «Չալոյից» շատ չեն տարբերվում՝ հրաման ստանալուն պես «հաչում» են (երբեմն կարող են նաև առանց հրամանի «հաչալ»), Գյումրիից սկած քայլել են Փաշինյանի հետ, հրապարակի հարթակում են կանգնել կամ էլ փողոց փակել: Եվ ամենակարևորը՝ կարողանում են «գըմփ-գըմփ-հո՛ւ» անել:

Ինձ համար սա կոմեդիա կլիներ, եթե ապրելիս լինեի հեռավոր մի երկրում ու զուտ լրահոսով տեղեկանայի այս ամենի մասին, բայց քանի որ այստեղ եմ ապրում ու չեմ պատրաստվում հեռավոր երկրի բնակիչ դառնալ, ուստի չեմ կարող չանհանգստանալ իմ ընտանիքի ու մեր երկրի համար: Սա տրագիկոմեդիա է:

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցածը աֆղանական ընտրություններ էր հիշեցնում (այնտեղ ամերիկյան ներխուժումից հետո պատգամավոր էին ընտրում՝ անգամ դեմքով չճանաչելով նրան), քանզի «Իմ քայլին» ձայն տվողների գրեթե 100 տոկոսը չի ճանաչում այդ դաշինքի ցուցակով պատգամավորների գրեթե 100 տոկոսին: Իրենք Նիկոլին են քվեարկել ու չեն խորացել, որ ԱԺ-ում լինելու են «Չալոյից» չտարբերվող օրենսդիրներ: Իսկ դա վտանգավոր է:

Խորհրդարան անցած մյուս «կլասիկ» ու «ոչ կլասիկ» ուժերը «Իմ քայլի» կցորդներն են: Ավելի վատ կցորդներ, քան ունենում էինք ՀՀԿ իշխանության տարիներին: Ու ցավալին այն է, որ պետբյուջեի վրա սրանք շատ թանկ են նստելու, քանզի լրացուցիչ կոճակ սեղմողներ են հայտնվել 350 հազար ճռռացողի հաշվին ապրելու համար:

Խորհրդարանական համակարգ կոչվածի պայմաններում խորհրդարանի դերը զրոյացած է: Փաստորեն, Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչին ձգտում էր Սերժ Սարգսյանը՝ ունենալ ամբողջությամբ կամակատար ԱԺ: Սարգսյանը համարյա հասել էր իր նպատակին, բայց հարվածը ստացվեց անսպասելիորեն ու անսպասելի տեղից (տեղի ունեցավ հաճախորդների բունտ ու ոտքի ելած ժողովուրդը խառնեց բոլոր պայմանավորվածությունները):

Թե ինչ կլինի Փաշինյանի խորհրդարանի հետ, դժվար չէ գլխի ընկնել: Մեկ մարդու վարկանիշից կախված խորհրդարանի ճակատագիրը կանխորոշված է: Կլինի մեկ մարդու վարկանիշը, կլինի խորհրդարանը: Չի լինի վարկանիշը, խորհրդարանը կհայտնվի ցնցումների մեջ ու կսկսվի բրոունյան շարժումը:

Ապաքաղաքական խորհրդարանի պայմաններում բնական է, որ քաղաքական գործընթացները տեղի են ունենալու ԱԺ պատերից դուրս: Իսկ առայժմ պատերի ներսում գզվռտոց է, քանզի սոված, հիմնականում անգրագետ, առավելապես անհայրենիք ու առերևույթ անկուշտ երիտասարդ զանգվածի առջև բացվել են իշխանության դռները:

Հին շմայսներին փոխարինելու են գալիս նոր շմայսները, որոնք հներից տարբերվում են այն բանով, որ չեն ներկայացնում ոչ մի հանրային շերտ, այլ ներկայացնում են ընդամենը մեկ մարդու և կատարելու են մեկ մարդու հրահանգը: Ինչպես որ «Չալո» անունով շունը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը