Քաղաքական

13.12.2018 17:32


Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում

Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու: Այս մասին գրում է ria.ru-ն՝ Նազարբաևի մամուլի ծառայությանը հղումով:

Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները:

«Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ»,-ասել է Նազարբաևը:

Իր խոսքում Ղազախստանի նախագահը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են աջակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Զասի առաջարկված թեկնածությանը:

«Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղզստանի Հանրապետությունն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ը: Վստահ եմ՝ ձեր հանդիպումները լավ են անցել»,-ասել է Նազարբաևը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Աղբյուրը՝ Tert.am

***

Factor.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն, անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարի այս դիրքրոշմանը, ընդամենը նշել է․ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով»։

Այս խորագրի վերջին նյութերը