Լրահոս

15.12.2018 13:51


«Ոչ» ասեք անգամ հաճելի ծանոթուհուն. ԱԱԾ

«Ոչ» ասեք անգամ հաճելի ծանոթուհուն. ԱԱԾ

ԱԱԾ–ն զգուշացնում է՝ եթե դուք հայտնվել եք այլ երկրի հատուկ ծառայության թիրախում, ապա ամեն միջոց կօգտագործվի, որպեսզի դուք ընկնեք նրանց ծուղակը։

«Սովորեք կտրուկ ոչ ասել»,–խորհուրդ է տալիս ԱԱԾ ներկայացուցիչ Արմեն Քինակցյանը՝ բացատրելով, եթե ձեզ արտերկրում զոռով ինչ–որ բան են տալիս, նետեք եւ հեռացեք առանց բացատրության։ Երբեք դրամապանակը ցույց մի տվեք, զգուշացեք նաեւ հաճելի մարդու հետ ծանոթությունից, քանի որ «մեղրային թակարդը» կարող է շատ դառը լինել։

Արմեն Քինակցյանը ներկայացնում է ծուղակները, որոնց դեպքում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին այնպիսի վտանգավոր իրավիճակում է հայտնվում, որ անկախ իր կամքից հետագայում ստիպված է լինում աշխատել ի վնաս հայրենիքի։ Ընդ որում, երրորդ երկրում կարելի է ընկնել Թուրքիայի կամ Ադրբեջանի գործակալների թակարդը։

Հավաքագրվող–թեկնածուին կարող են հյութ կամ ջուր հյուրասիրել՝ կասկածելի խառնուրդով, վիճաբանության մեջ ներքաշել՝ իբր վարձակալած մեքենան կարգին վիճակում չի վերադարձվում, ռեստորանում մեծ հաշիվ ներկայացնել, մեղադրել գողության մեջ եւ այլն։ Դրանից հետո, ԱԱԾ–ականը զգուշացնում է, հայտնվում է մի «բարի կամեցող», որը օգնում է ձեզ ՝ լավության ակնկալիքով։

Եթե արտերկրում ոստիկանությունը հրաժարվում է օգնել ձեզ, ապա պետք է դիմել ՀՀ հյուպատոսություն։ Եթե Հայաստանն այնտեղ չունի ներկայացուցիչ, ինչպես Թուրքիայում, ապա «գոռգոռալը» հենց այս դեպքերի համար է։ Պահանջեք ոստիկանապետին, ցույց տվեք, որ գիտեք ձեր իրավունքները,–խորհուրդ է տալիս ԱԱԾ–ականը։

Բացի այդ մի ստորագրեք փաստաթղթի տակ, որը չեք կարդացել՝ նույնիսկ եթե, ըստ առաջարկողի, քաղցկեղով հիվանդ երեխային օգնելու նպատակով է։

Ու եթե այս զգուշացումներից հետո էլ հայտնվել եք ծուղակում, ապա խորհուրդ է տրվում վերադառնալ Հայաստան եւ անպայման բացահայտվել ԱԱԾ–ում։ Հայաստանի անվտանգության ծառայությունը խոստանում է՝ գաղտնիությունը պահպանվում է, կարող եք ազատվել նաեւ քրեական պատասխանատվությունից։

Հակառակ դեպքում ԱԱԾ-ն մի օր կբացահայտի։

1993թ–ից ի վեր քսան հոգի արդեն դատապարտվել է հակառակորդ պետության համար «աշխատելու» համար։

Իսկ ինչ ծուղակներ են օգտագործում այլ երկրի հատուկ ծառայությունները հենց Հայաստանում ՀՀ քաղաքացուն հավաքագրելու համար։ Այս մասին պարոն Քինակցյանը լրագրողներին չի ասի. «Ես ոնց ասեմ,–ծիծաղում է,–դա մեր գաղտնիքն է»։

Չնայած մի ծուղակը բացահայտ է. «Եթե համացանցով կարելի է ամուսնանալ ,ապա կարելի է նաեւ հավաքագրել»,-ասում է նա։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը