Մեկնաբանություն

19.12.2018 10:16


Ինչու է ոգևորված Ալիևը և ինչու Լուկաշենկոն խոսեց 5 շրջանների մասին

Ինչու է ոգևորված Ալիևը և ինչու Լուկաշենկոն խոսեց 5 շրջանների մասին

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցով պետք է բանակցեն Ղարաբաղի իշխանությունները և ցույց է տալիս, թե իբր չի բանակցում Ադրբեջանի հետ, այդուհանդերձ բանակցային գործընթաց կա, այն էլ՝ ինտենսիվ:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի իմացությամբ ու հանձնարարությամբ է բանակցում Ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Իսկ թե ինչ սկզբունքների ու ծրագրի շրջանակներում, գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ Փաշինյանի պատկերացումները Ղարաբաղի հարցով ձևավորվել են տերպետրոսյանական փուլային լուծման տարբերակի շրջանակներում, այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն իր տեղը զիջում է, այսպես կոչված, խաղաղությանը:

Փաշինյանը, այսպես ասած, կոմպլեքսավորվում ու վախենում է հայտարարել, որ ինքը բանակցում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում, բայց բոլոր ինդիկատորները կան պնդելու համար, որ հենց այդ բանաձևն է դրված ներկայիս բանակցությունների հիմքում: Թերևս դա է պատճառը, որ Ալիևը դարձել է «խաղաղասեր» ու խնդրի լուծման հարցում լավատես:

Ալիևի մոտ «խաղաղասիրությունը» և լավատեսությունը հատկապես ավելացել են ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցից հետո:

Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի հարցով գրեթե նույն պահին «թվիթ» են անում: Փաշինյանը խոսում է խաղաղությունից, իսկ Ալիևը՝ առաջընթացից, ինչպես նաև հայտարարում, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել խնդրի լուծման համար:

Լավատես է դարձել նաև Մամեդյարովը:

Երկար ժամանակահատվածից հետո մենք Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման: Ըստ «Interfax»-ի այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ 2018-ի աշխատանքների արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ:

«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր։ Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների։

2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է»,-ասել է Մամեդյարովը:

Դատելով ամենից՝ Ղարաբաղի հարցում ոչ ֆորմալ ձևով ակտիվ մոդերատորի դեր է ստանձնել Բոլթոնը: ԱՄՆ նպատակը Իրանի դեմ գործողություններն են, և այդ հարցում նրանց համար ռազմավարական նշանակություն է ստացել Ադրբեջանը: Վերջինս իր ֆունկցիայի համար գին է պահանջել Ղարաբաղի մասով:

Բոլթոնը Երևանում հենց դրանից էր խոսում, իսկ Փաշինյանը չբացառեց, որ կարող է Իրանի հետ սահմանը փակվել:

Ռուսաստանին, բնականաբար, այս ամենը դուր չի գալիս: Իրանին՝ նույնպես: Հենց դրանով է նաև պայմանավորված այն, որ Իրանն ու ՌԴ-ն շատ սառն արձագանքեցին ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

Իրանը միայն ընտրություններից մի քանի օր անց արտգործնախարարության ներկայացուցչի շուրթերով «չոր» շնորհավորանք ուղարկեց, իսկ ռուսները ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի շուրթերով անդրադարձան ընտրություններին, այն էլ՝ դիվանագիտական կսմիթների միջոցով:

Փաշինյանը շնորհավորանք չստացավ ՀԱՊԿ անդամ որևէ պետությունից, իսկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն պարզապես «փչացրեց» Փաշինյանին՝ մանրամասներ ներկայացնելով իրենց զրույցից ու հիշելով 5 շրջանների հանձնման մասին:

Լուկաշենկոն շրջանների մասին հիշել էր Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու կոնտեքստում: Նրա խոսքն ավելի շատ ուղղված էր Պուտինին: Վերջինիս նա կշտամբում էր, որ եթե ժամանակին շատ սեղմեին ՀՀ-ին, ապա կարելի էր 5 շրջանների գնով Բաքվին ներգրավել ռուսական նախագծերում: Ռուսները դա չարեցին ու հիմա Ղարաբաղի շրջանների գնով Բաքուն կարող է հայտնվել արդեն ամերիկյան նախագծերի մեջ:

«Եթե ՀՀ-ն պետք է գնար զիջումների, ապա ավելի լավ չէ՞ր լինի դա արվեր ռուսական մոդերատորությամբ, այլ ոչ թե ամերիկացիների: Միևնույն է՝ Երևանը չգնահատեց Մոսկվայի վարքագիծը՝ շարունակելով հակառուսական քաղաքականությունն ու խնդիրներ առաջացնելով ՀԱՊԿ-ում». սա՛ էր Լուկաշենկոյի ասածի իմաստը:

Թե երբ և ինչով կավարտվի Փաշինյանի «խաղաղասիրությունը», այլ վերլուծության թեմա է: Մեկ բան հստակ է՝ Ղարաբաղի խնդրի ցանկացած լուծում, որը կհարվածի մեր ռազմավարական դիրքերին ու կվնասի մեր անվտանգությանը, անմիջապես իր դրսևորումը կստանա ներքին կյանքում: Այդպես է եղել 1998-ին, այպես կլինի նաև հիմա:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված շնորհավորանքի թեմային, հայտարարել է, որ շնորհավորանքները հնչում են այն բանից հետո, երբ նշանակում է լինում:

Տեղին է հիշեցնելը, որ նախկինում այդպես չի եղել, ու ՀՀ ԿԸՀ-ի հայտարարությանն անմիջապես հետևել է շնորհավորանքը:

ՌԴ-ն այժմ ցույց է տալիս, որ փաշինյանական Հայաստանի հետ ունի «չոր» արարողակարգային հարաբերություն, ինչը միջպետական հարաբերությունների մակարդակի իջեցում է նշանակում:

Ի դեպ, Ղարաբաղի խնդրի հարցով միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայից ևս ուշացավ շնորհավորանքը: Մակրոնը միայն ընտրություններից մեկ շաբաթ անց շնորհավորեց Փաշինյանին, ինչը ցույց է տալիս, որ Ֆրանսիան ՌԴ-ի պես ոգևորված չէ Բոլթոնի պլանով թե՛ Իրանի, թե՛ Ղարաբաղի մասերով, ինչպես նաև ոգևորված չէ՝ այդ պլանի իրագործման մեջ Փաշինյանի դերակատարմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը