Մեկնաբանություն

19.12.2018 11:30


Չեն լսվում ձեր «գըմփ»-երը, չեն երևում ձեր «լայվերը»

Չեն լսվում ձեր «գըմփ»-երը, չեն երևում ձեր «լայվերը»

Ադրբեջանական իշխանությունները, փորձագիտական շրջանակները և մամուլը ցնծության մեջ են: Ղարաբաղի հարցում առջընթաց են նկատում և ուրախությամբ հայտնում ՀՀ-ի հետ փոխըմբռնման մասին:

Ալիևը խոսում է Նախիջևանի ուղղությամբ դիրքային առաջխաղացման մասին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանից ձեն-ծպտուն չկա: Չկան «գըմփ-գըմփ-հո՛ւ»-եր, չկան «լայվեր», չկա «դուխով» գրառում, չկան հպարտ քաղաքացիներին ուղղված կոչեր:

Նոր իշխանություններն իրենց կից մամուլով հիմնականում իշխանական կարկանդակի բաշխումներից են խոսում: Կարգին Հայկոն Երևանի բյուջեն է մսխում և ավելացնում գործուղումների ծախսերն ու պարգևավճարները, գիտելիքներով չծանրաբեռնվածները իրար մեջ են բաժանում ԱԺ պաշտոնները, իսկ վարչապետի կինը շվեյցարիաներում է:

Իշխանական լրատվամիջոցներում «մուտիլովկաների» ու էժանագին հոդվածների պակաս չկա: Չկան, սակայն, ամենակարևոր հարցերի պատասխանները: Այդ ի՞նչ է տեղի ունեցել Միլանում Ադրբեջանի արտգործնախարարի ու հայաստանցի իր պաշտոնակցի միջև, որ Մամեդյարովը գոհ է, Մնացականյանը՝ լուռ (ինչպես միշտ), իսկ Փաշինյանը՝ չխոսկան:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն մի աննշան թեմայով «լայվ» մտնող ու համացանցը «պայթեցնող» «ժողովրդի վարչապետը» չի արձագանքում Ալիևին, չի պատմում այն մասին, թե ինչու է Մամեդյարովը գոհ, սելֆիներ չի անում զինվորականի հագուստով և չի ներկայացնում իր անելիքները:

Հիմա ՀԱՊԿ-ի մասով մի քանի հարց:

Ի՞նչ պետք է անի Փաշինյանը, եթե ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները միաբերան պնդեն, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի դերում տեսնում են Բելառուսի ներկայացուցչին: «Վետո՞» է դնելու այդ որոշմանը, թե՞ «վիզը ծուռ» համաձայնելու է: «Վետոյից» հետո չի՞ մտածում հետևանքների մասին: Իսկ «վիզը ծռելուց» հետո մյուս հետևանքների մասին չի՞ մտածում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ցանկացած սցենարի դեպքում ՀՀ-ն տուժում է:

Խաչատուրովի դեմ քայլեր անելով չէ՞ր մտածում հետևանքների մասին, թե՞ մտածելով է դա արել:

Եթե ՀԱՊԿ-ում Փաշինյանի վարքագիծը պայմանավորված է եղել ներքաղաքական գործոններով ու նրա հիվանդագին պատկերացումներով, ապա գործ ունենք առնվազն անհեռատես քաղաքականության հետ: Իսկ եթե ամեն ինչ մտածված է արվել, ապա սա լրիվ այլ գնահատականի է արժանի:

Երևանի պատճառով այժմ ՀԱՊԿ-ը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Սա ուժեղացրել է Ադրբեջանի դիրքերը նույն այդ կառույցում: Հիմա Ադրբեջանը բաց առևտուր է սկսել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ: Երկու դեպքում էլ գինը Ղարաբաղն է:

Լուկաշենկոն մեղադրում է Մոսկվային, որ վերջինս Բաքվի հետ իր հարաբերությունները զոհաբերել է Երևանի հետ ռազմավարական գծին, և դա այն դեպքում, երբ Հայաստանում հակառուսական քաղաքականությունը խորացել է, իսկ Փաշինյանն էլ շարժվում է Բոլթոնի ծրագրով: Մոսկվայում հիմա տեսնում են դա ու որոշում են կայացնում:

Բաքուն առևտուր է սկսել՝ հավասար հեռավորություն պահելով Մոսկվայից ու Վաշինգտոնից, իսկ ահա փաշինյանական Հայաստանը դարձել է յուրայինների ու օտարների մեջ օտար: Ի՞նչ է սա՝ անգրագիտությա՞ն, փորձի պակասի՞, թե՞ դիտավորության հետևանք: Դժվար է ասել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը