Կարծիք

12.03.2010 15:41


ԺԷԿ-ի «սպռավկային» սպասելով Կուստուրիցա ենք լսում

ԺԷԿ-ի «սպռավկային» սպասելով Կուստուրիցա ենք լսում

Անցած շաբաթվա վերջում «Մոսկվա» կինոթատրոնում հարցուպատասխան էր Կուստուրիցայի հետ: Այն շատ ուրախ անցավ, քանի որ հարց տվողներից շատերը և նրանց հարցերը ոնց որ Կուստուրիցայի ֆիլմերից լինեին: Զուգահեռ մի այլ սյուժե էր ծավալվում Երևանում. ազգիս մի զգալի մասը հետևում էր ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներից մեկի քննարկումներին ֆուտբոլային ֆանատի ջերմեռանդությամբ՝ մոռանալով, կարծես, որ նույն հանձնաժողովն անցած տարիներին արդեն ընդունել է Ցեղասպանության հետ կապված համապատասխան բանաձևեր, և «գոոոոոոլ» գոռալն այս պարագայում ոչ միայն բավականին տարօրինակ էր՝ հաշվի անելով թեմայի ողբերգական լրջությունը, այլև անիմաստ՝ հաշվի առնելով հանձնաժողովի բանաձևերի պատմությունը, և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների այն համատեքստը, որում տեղավորվում է այս տարվա բանաձևը: Չեմ ասի, թե ուրախանալու փոխարեն լացել է պետք, բայց որ «ուռա»-յից առաջ ավելի լավ էր մի քանի անգամ մտածել, հաստատ է: Դառնալով Կուստուրիցային՝ նա իր պատասխանների ժամանակ հասցրեց, անշուշտ, մի քանի ծիսական «կպնոցիներ» ուղղել ամերիկացիների հասցեին, որի շնորհիվ շահեց ինտելեկտուալ լսարանի համակրանքը: Ինտելեկտուալնե՛ր ամբողջ աշխարհի, միացե՜ք՝ եվրոպացի՛, ռո՛ւս, հա՛յ, ամերիկացիները համբուրգեր ուտող են (գերմանացիները՝ սասիսկա, ռուսները՝ բլինչիկ, երևանցիները՝ պիրաժկի): Ինտելեկտուալներ ասեցի, բայց աբիժնիկներ պիտի ասեի, որովհետև այս գերինտելեկտուալ հակաամերիկյան հայհոյանքները ձախողված մեծ տերությունների (ֆրանսիացիներ, ռուսներ) մտավորական միակ արտադրանքն են, որով նրանք դեռ սնում են աշխարհիս կրտսերներին (չհաշված նոր հակասեմականությունը, որը նույնպես մեծ ծավալներով արտադրվում է Փարիզում ու մասամբ Մոսկվայում): Շատ մոդայիկ ու մանավանդ անվտանգ է ապրել մի աշխարհում, որի անվտանգությունը մեծ հաշվով ամերիկացիների ձեռքն է, բայց զզվել քյարթ ամերիկացիներից, յա՜խք:

Այսպիսի տարօրինակ ազգ ենք. սիրում ենք ռուսներին ու ֆրանսիացիներին, զզվում ամերիկացիներից, որոնք «մի տեսակ ոգի չունեն» ու «ազգ չեն», բայց երեխու պես ամեն տարի սպասում ենք, որ ամերիկացիները կասեն՝ հա՛, ձեր պապերը իզուր չեն նահատակվել, էս էլ ձեզ աշխարհի ամենամեծ ԺԷԿ-ից մի հատ «սպռավկա» առ այն, որ սա ցեղասպանություն էր: Չնայած ամերիկացիներին իզուր եմ պաշտպանում: Նրանք և «մանավանդ ու նամանավանդ» նրանց «առաջադեմ» մասը երևի թե իրոք «վիզ են դրել» լրացնել հայ ժողովորդի մեծ բարեկամների շարքը: Հայ ժողովրդի մեծագույն բարեկամներն, ինչպես հայտնի է, արդեն հիշատակված ֆրանսիացիներն են ու ռուսները: Իմ համար, ճիշտն ասած, մեծ հարց է, թե 1915-ի համար թուրքերին պատասխանատվության կանչելուց հետո արդյոք այդ երկուսին էլ դատ ու դատաստան չի՞ հասնում որպես Արևմտյան Հայաստանի ու Հայկական Կիլիկիայի կործանման համահեղինակների (մյուս կողմից էլ գուցե վատ չէր լինի պատասխանատուների ցուցակը բացել հենց մեզանից): Հիմա էլ այդ երկուսը Հայ դատի դրոշակակիրներն են, երկուսն էլ Ցեղասպանությունը ճանաչած, իսկ ֆրանսիացիները նույնիսկ Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկողների շարքում են: Բացի այդ, Մինսկի խումբ էլ կա, ուր երկու մեծ եղբայրներն օրնիբուն աշխատում են հանուն հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման: Շատ լավ կլիներ, որ ամերիկացիներն էլ այդ ակումբի լիարժեք անդամ դառնային: ԵԱՀԿ-ն կա, մնում է՝ Ցեղասպանությունը ճանաչեն: Մի առողջ բնազդ կարծես մինչև հիմա ԱՄՆ-ին պահել է հայ ժողովրդի մեծ բարեկամների շարքը վերջնականապես համալրելուց: Շահողը, թվում է, բազմաչարչար հայ ժողովուրդն է: Դեռ առաջին համաշխարհայինի ժամանակ ամերիկացիները թեև բարեկամ էին, բայց էնքան մեծ չէին, որ հայերի օգնությամբ Ադանան ու Էրզրումը գրավեին բոլոր հայտնի հետևանքներով: Հետո էլ այդ նույն հետևանքները «ճանաչելով»՝ թեթևամիտ հայ մտավորականության սրտերը շահեին: Ճիշտ է, կար Վիլսոնի արբիտրաժը, բայց բանը բանից չանցավ: Այդ ժամանակվանից մինչ այժմ ամերիկացիները պատվավոր դիստանցիա են պահում. խաղեր տալիս են, բայց իրենց սիրալիր գրկի մեջ չեն խեղդում: Այդքանի համար էլ կարելի է շնորհակալ լինել: Եվ առհասարակ որևէ մեծ տերություն, ինչքան հեռու, էնքան լավ, այսինքն՝ նրա ստեղծած բարիքներից կարող ես օգտվել, իսկ նրա քմահաճույքներից՝ խուսափել:

Ամերիկացիների այս հեռավոր բարեկամությունը թերևս շանս է տալիս մեզ դուրս գալ պատանեկությունից և ավելի հասուն տարիքի մեջ մտնել: Կասկած կա, որ մենք այդքան խանդավառությամբ սպասում ենք «ճանաչմանը» ոչ միայն զուտ քաղաքական շահերի պատճառներով (եթե դրանք մինչև վերջ իմաստավորված լինեին, կարելի էր ավելի հանգիստ լինել), այլև հանուն ազգային հոգեբանության որոշ բարդույթների փարատման: ԺԷԿ-ի «սպռավկան» իզուր չհիշատակեցի: Տպավորություն կա, որ մեր ինքնությունը սուր կարիք ունի շարունակական արտաքին լեգիտիմացիայի՝ չունենալով ներքին ինքնահաստատման բավարար հիմքեր: Նույն Շառլ Ազնավուրի դեպքը կարող է վկայել սրա մասին: Ազնավուրը շատ լավ էստրադային երգիչ է, կասկած չկա: Բայց հայ մեծերի շարքին նա դասվում է միայն ու միայն Հայաստանից դուրս իր ճանաչման շնորհիվ: Կամ նույն դուդուկի պատմությունը: Հայաստանում դուդուկն ընկալվում էր որպես գեղական գործիք, որն առանձնակի որևէ պրեստիժ չուներ մեզանում: Բայց բավական էր, որ աշխարհում ճանաչում ստանա, դարձավ մեր ինքնության կարևոր մասը: Դուդուկի «ճանաչումն» աշխարհի կողմից, բնականաբար, ինքնին վատ բան չէ: Բայց այն դառնում է մտահոգիչ փաստ, երբ հասկանում ես, որ արժեքների գնահատման ներքին չափանիշների սանդղակը Հայաստանում բացակայում է կամ թերի է. բերանը բաց սպասում ենք, թե մեր պատմության, մշակույթի ո՛ր տարրը ճանաչում կստանա, որպեսզի մենք էլ դրանով հպարտանանք: Ինձ թվում է՝ նույն մոդելի տարրերը կան Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Կարծես մենք էլ ինչ-որ տեղ կասկած ունենանք և սպասենք մեծ ձյաձյաների խփած «պեչատին»:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը