Կարծիք

12.03.2010 15:54


Քաղաքական ընտրապայքարում սեռային առանձնահատկու- թյունները. կին թեկնածուի ընկալման յուրահատկությունները

Քաղաքական ընտրապայքարում սեռային առանձնահատկու- թյունները. կին թեկնածուի ընկալման յուրահատկությունները

Յուրաքանչյուր հասարակական-պատմական ժամանակաշրջան մշակում է իրեն բնորոշ քաղաքական մշակույթ, որի փոփոխության ժամանակ տեղի է ունենում բոլոր արժեքների, նորմերի եւ դրույթների, մարդկանց աշխարհաճանաչման ողջ համակարգի վերանայում:

Հայաստանի քաղաքական մշակույթում տղամարդկանց եւ կանանց դերակատարման տարբերություններն ու առանձնահատկությունները բավականին տեսանելի եւ «մակերեսային» են: Կանանց բոլոր տեսակի «շարժումներն» ու ակտիվությունը հնարավոր է փոքր-ինչ փոխեն կանանց դերի կարեւորումը քաղաքականության մեջ եւ մի շարք «էլիտար» բնագավառներում, սակայն, բացի սոցիալական, արտաքին խնդիրներից եւ այդ միջամտություններից, հասարակության մեջ կան որոշակի հոգեբանական լծակներ, որոնք սահմանափակում են կին թեկնածուի ընկալումը որեւէ բարձր դիրքում եւ աննպաստ մթնոլորտ ու դաշտ են ստեղծում:

Կանայք հաճախ թերարժեք են իրենց զգում տղամարդկանց համեմատությամբ, քանի որ նրանց կյանքը հիմնվում է տղամարդկանցից տնտեսական, քաղաքական և հոգեբանական, սոցիալական կախվածության վրա: Բոլոր ժամանակներում ի սկզբանե դաստիարակությամբ խարսխվում են տղամարդու «գերիշխանության» եւ «առավելության» գաղափարները, այսինքն' հոգեկանի բոլոր շերտերում' անգիտակցականում, ենթագիտակցականում եւ գիտակցականում եղած լրատվությունը հայելային պատկերով գոյություն ունի որպես իրականություն: Կանաց դերի վերաբերյալ արժեքների, մշակույթի փոփոխմանն ուղղված որեւէ ակտիվություն (օրինակ' Ֆեմինիստական շարժումը) միտված է դեռեւս միայն գիտակցական ոլորտում առաջացնել, խարսխել որոշակի առաջընթաց: Այսինքն, տրամաբանական փաստեր, որոշակի օրինաչափություններ եւ գաղափարներ, սկզբունքներ (օրինակ' հավասարության) օգտագործելով' հնարավոր է դեռեւս միայն գիտակցական մակարդակում ակնկալել որոշակի հանդուրժողականություն եւ տեղաշարժ: Իսկ լավ ենք պատկերացնում, թե ինչ դեր եւ կարեւորություն ունի ենթագիտակցականի բովանդակությունը, պաշարը' ցանկացած երեւույթի դրսեւորման եւ արժեհամակարգի առավել հաստատունություն ապահովման համար: Ավելորդ չէ նշել, որ անգիտակցական եւ ենթագիտակցական վերաբերմունքը խնդրին' կնոջ եւ տղամարդու դերային եւ սպասելիքների տարբերություններին, գրեթե նույնն է եւ նույնը կլինի երկու սեռերի մոտ, քանզի դաստիարակությամբ մոտեցումն է փոխանցվում ու երբեմն կամ ավելի հաճախ կանայք էլ նույնչափ անհանդուրժող են կանանց «առաջընթացին»' հատկապես քաղաքականության մեջ, որքան տղամարդիկ:

Սոցիալական համակարգերը իրենց տղամարդկային տիրապետությամբ ստիպում են կանանց զգալ իրենցից կախված եւ չկայացած: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարմիններում, որտեղ կանանց մասնակցությունը շատ է' իրավունքների պաշտպանության, սոցիալական ոլորտներում, աշխատանքն առավել արդյունավետ է եւ ավելի հումանիստական: Սոցիալական ոլորտի շատ խնդիրներ առավել գործնական-կատարողական բնույթ են ստանում եւ լուծվում են ի օգուտ սահմանափակ հնարավորություններով սոցիալական խմբերի: Առհասարակ, տարբեր ոլորտների միջեւ էլ խնդիրների լուծմանն ուղղված գործունեության մեջ կանայք հակված են փոխզիջումային տարբերակների: Այն տեսակետներն են շրջանառվում, որ ոչ թե պիտի լինի ժողովրդավարություն եւ նոր միայն կանանց մասնակցությունը դառնա իրական կամ ավելին, այլ եվրոպական զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ տեղի է ունենում հակառակը, կանանց մասնակցությունն է նպաստում ավելի ժողովրդավարացմանը:

Տղամարդկանց կերպարը ստեղծող եւ կնոջ կերպարին «ընկճող» հատկանիշները, օրինակ' ուժը, քաջությունը, անկախությունը, հաջողակությունը, սեռական ազատությունը, իր կողակցին ընտրելու «իրավունք»' ժամանակի մեջ «կարիքն ունեն» այնպիսի հոմանիշների կամ համապատասխանաբար փոխհատուցող հատկանիշների, որոնք կարծես, կնոջ կերպարը մոտեցնում են այն գործառույթներին, որը եղել է տղամարդու մենաշնորհային ոլորտ: Թեպետ կինը հասկանում է, որ «հավասարությունը» նրան հիմք է տալիս ոչ թե ընդօրինակելու տղամարդկանց չափորոշիչները, այլ հաստատելու կանացի արժեքները եւ հայացքները' ընթացող քաղաքական գործընթացների մեջ: Սակայն մի բան է տեսությունը, մեկ այլ բան են այս հարցի շուրջ հասարակության մեջ վերաբերմունքներն ու պատկերացումները: Դիտարկելով ներկայում մեր քաղաքականության մեջ երկար տարիներ «գոյություն» ունեցող կանանց, կարող ենք միանշանակ համաձայնել, որ ամեն դեպքում նման ոլորտում խրախուսվում է ոչ թե կնոջ յուրահատկություններով փոխլրացման դերը, այլ տղամարդկային հատկանիշների ընդօրինակումը: Տարածված է նաեւ (հատկապես տղամարդկանց մեջ) այն պատկերացումը, որ հատկանիշները, որոնք ցանկալի եւ հատուկ են տղամարդ քաղաքական գործչին, ոչ միայն պարտադիր պիտի լինեն դեպի քաղաքականություն գնացող կնոջը, այլ նույն այդ հատկանիշներով նա պիտի գերազանցի տղամարդուն, որպեսզի «թույլատրվի, ընկալվի» այդ ոլորտում:

Քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների շարքում հասարակության մեջ կարծրատիպային մոտեցումների առկայությունն է: «Կին վերադաս» բարդույթը կարծես օրինաչափություն է. առհասարակ, կա տարածված անհանդուրժողականություն նույն պաշտոնի, հավասար դիրքերի դեպքում, կամ նույն հարթության վրա համագործակցության մեջ տղամարդկային «արժանապատվությունը» համահավասար չի ընդունում կնոջ դիրքը եւ դերը: Որքան հասարակությունը «բարդութավորված» է, այնքան շատ է հոգեբանական պաշտպանական որոշ մեխանիզմների գործածումը, իսկ որքան շատ են դրանք գործածվում, այնքան սուբյեկտիվ են պատկերացումներն ու դիրքորոշումները: Եթե, օրինակ, մեր հասարակության մեջ կանանց բավականին մեծ զանգված չի աշխատում (տնային տնտեսուհի), կին-տղամարդ թեկնածուների մրցապայքարում, նույն վարկանիշի դեպքում էլ չի ընտրի կին թեկնածուին, քանի որ գործում է հոգեբանական արտացոլման մեխանիզմը: Այս մեխանիզմի դեպքում կին ընտրողը վստահություն չի տածում կին թեկնածուի նկատմամբ, քանզի ինքն իր բնույթով եւ կենսակերպով բոլորովին այլ ակտիվություն, հետաքրքրություններ ու առաջնահերթություններ ունի կյանքում, իր «ուժեղ մասը» իր «տղամարդն է», եւ լուրջ քաղաքական ոլորտը զուգահեռ է տանում սեփական ընտանիքի տիպի (մոդելի) հետ: Նույն մեխանիզմի գործածումը հատուկ է տղամարդկանց այն շերտին, որոնք որպես կին-կերպար' ի դեմս իրենց կանանց, ընկերուհիների, որոնք ավելի պասիվ ոճ եւ դերակատարում ունեն, ոչ մի կերպ իրենց ընկալումներում չունեն կին քաղաքական գործչի կերպարը:

Հոգեբանական մեկ այլ երեւույթ' քաղաքականության մեջ կնոջ դիրքի եւ կին թեկնածուի նկատմամբ վերաբերմունքի խնդիրը համարելով առաջադիմական երեւույթ, այս համատեքստում քննարկվող հարցերի ժամանակ մարդիկ արտահայտվում են. կարճ պատասխանների դեպքում' «դրական», իսկ քննարկումներին' ընդհակառակը: Օրինակ' ռուսական սոցիոլոգիական հետազոտությունների Լեւադա կենտրոնի կողմից կատարված «Կանայք քաղաքականության մեջ» հարցման արդյունքները դիտարկելով' կարող ենք տեսնել բավականին բարձր ցուցանիշ: Այսպես. «Կողմ ե՞ք քաղաքականության մեջ կնոջ մասնակցությանը» հարցին 2008-ի փետրվարին 68%-ը պատասխանել է այո, իսկ 23%-ը' ոչ: Միեւնույն ժամանակ ծանոթանալով ռուսական մի շարք վերլուծական եւ բիզնես կենտրոնների կողմից անցկացված ինտերնետային ֆորումների բովանդակությանը, մասնակիցների մեծամասնությունը ոչ միայն դրական չեն վերաբերվում, այլ նաեւ տալիս են համապատասխան մեկնաբանություններ «հարցի անհեթեթության» հետ կապված: Բացի դրանից, քննարկումների մեջ կարելի է առանձնացնել ընկալման հետաքրքրաշարժ կողմ (ասպեկտ). քաղաքականության մեջ կնոջը դիտարկում են բացասական համատեքստում, քանի որ կանայք հուզական են, թույլ են, անհետեւողական, անկանխատեսելի եւ միաժամանակ «բարձունք» են, որ կեղտոտ քաղաքականությանն անհարիր են, եւ որ կինը կորցնում է իր էությունը եւ «դառնում» տղամարդ:

Barbara Lee Family Foundation հետազոտական կենտրոնը պարզել է, թե ինչպես են ամերիկացիներն ընկալում կին քաղաքական գործչին: Այսպես, ամերիկացի ընտրողը երկու գործոն է դիտարկում' կնոջ հմայքը, գրավչությունը եւ նրա ձեռքբերումները մասնագիտական ոլորտում: Եվ եթե, օրինակ' կինը մասնագիտական մեծ հաջողություններ ունի, բայց ընտրողին դուր չի գալիս, վերջինս նրա օգտին չի քվեարկի: Մինչդեռ վերաբերմունքը տղամարդ գործչին բոլորովին այլ է. ընտրողը չի առանձնացնում քաղաքական գործչի «անձը» եւ «մասնագիտական որակները»:

Կարևորագույն պատճառներից մեկը, որ չի խրախուսվում քաղաքականության մեջ կնոջ օգտին քվեարկելը, և որն այս կամ այն չափով ընկալում են շարքային քաղաքացուց մինչեւ բարձր դիրք ունեցող պաշտոնյան' դա մեր տիպի հասարակության մեջ «հարցեր լուծելու յուրահատուկ մշակույթն» է, որը բացառում է կնոջ հետ նման գործարքների գնալը: Գոյություն ունեն որոշակի օղակներ, շերտեր եւ այնպիսի երեւույթներ, որոնք որոշակիորեն «անբաժանելի» մաս են կազմում, կամ «յուրահատուկ շղթա» են «պետություն» կոչվող համակարգում' կոռուպցիա, գորշ կարդինալ, ոստիկանություն, օրենքով գողեր, օլիգարխներ: Դրա համար այն երկրներում եւ այն մարմիններում, որտեղ կա կնոջ ներկայություն, կոռուպցիայի եւ սոցիալական արդարության երեւույթներն այլ մակարդակ ունեն:

Գոյություն ունեցող դերային հակադրությունը, որի վրա կարող է հիմնվել տղամարդու «առավելության» կամ տղամարդու կերպարի ընդգծումը' տարբեր տեսակի հասարակություններում եւ մշակույթներում կարող է ունենալ իր առանձնահատկությունները, «հանդուրժողականության աստիճանը» դեպի «թույլ սեռը», սակայն, գլխավորապես, միեւնույն է' այն գոյություն ունի, եւ «առասպել» է կարծել, որ կգա ժամանակ, որ կինը եւ տղամարդը հավասարապես կդիտվեն եւ կընդգրկվեն միևնույն գործունեության մեջ' պահանջվող միեւնույն հատկանիշներով:

Քաղաքականության մեջ պիտի օգտագործվեն կնոջ առանձնահատկությունները եւ փոխլրացման սկզբունքով ավելի նպաստավոր (օպտիմալ) գործունեություն ծավալվի, այլ ոչ թե կինը հավասարաչափ պայքարի մեջ մտնի տղամարդու հետ' հաշվի առնելով նույն հատկանիշները, եւ նույն համատեքստում: Իրական արդյունքներ եւ գործունեություն կունենանք, եթե կինը (ինքն էլ հասկանա) իր կանացի առավելություններով հանդերձ' մրցապայքարի մեջ ոչ թե ընդօրինակի, այլ հանդես գա ուրույն դիրքորոշմամբ ու դերով:

Քաղաքական ընտրապայքարում և, առհասարակ, հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումն է փոխել պետք, ոչ թե տղամարդուն եւ կնոջը փորձել հավասարեցնել:

Արմինե Ղազարյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

հայկական կենտրոնի փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը