Տնտեսական

21.12.2018 18:01


Մայրաքաղաքի տոնածառը ոչ թե 71 մլն դրամ է արժեցել, այլ՝ 85 միլիոն 32 հազար դրամ

Մայրաքաղաքի տոնածառը ոչ թե 71 մլն դրամ է արժեցել, այլ՝ 85 միլիոն 32 հազար դրամ

Երևանի ավագանու արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը հայտնեց, որ Երևանի ավագանին որոշել է որպես նվիրատվություն ընդունել «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված 85 միլիոն 32 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով:

Նշենք, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ 35մ բարձրությամբ՝ իր համապատասխան լույսերով և զարդարանքով՝ 85 միլիոն 32 հազար ՀՀ դրամով: Այն ձեռք է բերվել Երևանի 2800-ամյակի մշակութային միջոցառումների շրջանակում հոբելյանական տարվա տարեմուտը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Պարզաբանելով տոնածառի գնման գործընթացը՝ Արթուր Մկրտչյանը նշեց, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամի կողմից հարցում է կատարվել տարբեր կազմակերպությունների, չինական կազմակերպություններն ասել են, որ օգոստոս ամսից ավելի շուտ չեն կարող տոնածառը տրամադրել, ԱՄՆ-ից 25 մետրանոց տոնածառ են առաջարկել, իսկ ռուսական երեք կազմակերպություններից երկուսը հրաժարվել են տրամադրել տոնածառի «մոնտաժումը», միայն մեկ ընկերություն է հարմար գներով տոնածառ տվել, այդ ընկերության տոնածառն էլ ՌԴ-ից բերվել է և այսօր գտնվում է Հանրապետության հրապարակում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ տեղեկացրեց, որ Երևանի գլխավոր տոնածառն արժի 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերն ամբողջությամբ՝ 36 միլիոն 500 հազար դրամ, իսկ խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ: Իսկ տոնածառի մոնտաժումն արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը