Մեկնաբանություն

22.12.2018 17:50


Ինչու և ինչի դիմաց Նիկոլ Փաշինյանն ազատ արձակեց Մանվել Գրիգորյանին

Ինչու և ինչի դիմաց Նիկոլ Փաշինյանն ազատ արձակեց Մանվել Գրիգորյանին

Մանվել Գրիգորյանը երեկ 25 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Էջմիածնում բողոքի գործողություն է սկսվել Մանվելի դեմ: Բողոքողների մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ Մանվելին բաց են թողել, որպեսզի «պադստավկա» անեն Նիկոլ Փաշինյանին: Վերջինս այսօր հայտարարեց, որ Գրիգորյանի ազատ արձակումն իր համար անակնկալ է եղել: Թե քանի՞ մարդ կհավատա Փաշինյանի այս խոսքերին, թողնենք կոոպերատիվ Գելափի հետազոտությանը և սոցիալ-հոգեբանության մասնագետներին, քանզի դիդակտիկ նյութի պակաս նրանք չեն ունենա:

Հայտնի գաղտնալսումների հրապարակումից, Փաշինյանի մտածողությունից ու նրա վարքագծից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Փաշինյանի համար ոչ միայն անակնկալ չի եղել Մանվելի ազատ արձակումը, այլ նրան ազատ են արձակել Փաշինյանի ցուցմամբ կամ առնվազն նրան տեղյակ պահելուց հետո:

Հարցն այն է, թե ինչու և ինչի դիմաց է Փաշինյանը ազատ արձակել Գրիգորյանին:

Եթե հիշում եք, նախընտրական փուլում Գրիգորյանի անունից հայտարարություն տարածվեց, որ նա պատրաստ է իր սեփականության մի մասը փոխանցել Էջմիածնին: Բնական է, որ նրա այդ հայտարարոթյանը նախորդել է ոչ հրապարակային գործընթաց: Մարդը չի կարող հենց այնպես վեր կենալ ու նվիրատվություն անել պետությանը, ինչպես որ մենք տեսանք Մաքսայինի առաջվա պետ Արմեն Ավետիսյանի դեպքում, երբ նվիրաբերվեց Ծաղկաձորի հյուրանոցը:

Ու քանի որ այդ ամենը տեղի է ունենում ստվերային դաշտում և ընտրողաբար, ուստի առնվազն կասկածներ են առաջանում, որ, օրինակ, նույն Մանվել Գրիգորյանի հետ ինչ-ինչ գործարքների են գնացել իշխանությունները: Իսկ թե ո՞րն է այդ գործարքի առարկան, կարելի է ենթադրություններ անել:

Նիկոլ Փաշինյանը սևեռված է մեկ գործի վրա: Դա Ռոբերտ Քոչարյանի գործն է: Վերջերս մի զինվորական՝ Արշակ Կարապետյանը, որին նիկոլենք ժամանակին համարում էին ապրիլյան պատերազմի զոհերի գլխավոր պատճառներից մեկը, այժմ նշանակվել է Փաշինյանի խորհրդական: Քոչարյանի փաստաբանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ Արշակն այն եզակի մարդկանցից է, որն ակնհայտ սուտ ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ:

Փաստաբան Ալումյանն առնվազն ողջամիտ կասկած հայտնեց, որ տեղի է ունեցել գործարք Արշակ Կարապետյանի ու իշխանությունների միջև՝ «Քոչարյանի դեմ ցուցմունք՝ պաշտոնի դիմաց» տարբերակով: Ու քանի որ նիկոլենց համար այս տարվա «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը, ուստի ապրիլյան պատերազմի զոհերի համար հիմնական մեղավորներից մեկը (ըստ նիկոլենց հայտարարությունների ու գրածների) շատ հանգիստ նշանակվում է Փաշինյանի խորհրդական:

Ի դեպ, շաբաթներ առաջ Մանվելի մասին էլ մի լուր հայտնվեց մամուլում, ըստ որի՝ նրան նիկոլենք գործարք են առաջարկում՝ «Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք՝ ազատության մեջ հայտնվելու դիմաց» տարբերակով: Չենք պնդում, բայց կարող ենք առնվազն կասկածել, որ Մանվելը Արշակի վարքագիծն է դրսևորել: Եթե ոչ, ապա այլ գործարք է կայացել Մանվելի ու իշխանությունների միջև, որը կպարզվի միայն «հերձումից» հետո: Բայց որ նա գործարքի արդյունքում է դուրս եկել, կասկած չկա:

Առվազն տարօրինակ է, որ այս «հակակոռուպցիոն» ու «հակամարտիմեկյան» պայքարի արդյունքում այժմ երկու հոգի են կալանքի տակ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Մայրապետյանը: Վերջինիս տխրահռչակ «գործարար» Սիլվա Համբարձումյանը բաց տեքստով էր իշխանությունների անունից գործարք առաջարկում՝ «Սուտ ցուցմունք Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ ազատության դիմաց» տարբերակով:

Այս ամենը հաշվի առնելով՝ պարզապես ծիծաղելի են սոցիալական ցանցերում ու Էջմիածնի փողոցներում Մանվելի մասով վճիռ կայացրած դատավորի դեմ ուղղված խոսքերն ու Նիկոլ Փաշինյանին «չար» դատավորներից պաշտպանելու փորձերը: Նման բան անողները կա՛մ անմեղսունակ են, կա՛մ ուղղորդվում են:

Կրկնենք՝ Մանվել Գրիգորյանը ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կամ առնվազն նրա գիտությամբ: Ու ոչ մի անակնկալ նրա համար չի եղել:

Հայաստանում դատական համակարգը գործադիրի կրնկի տակ է հայտնվել առավել, քան երբևէ, քանզի նախկինում այսպիսի ճնշման կարիք դատական իշխանության նկատմամբ չկար: Հիմա կա: Ու որպեսզի հիմնավորվի, այսպես կոչված, անցումային արդարադատության անհրաժեշտությունը, շրջանառության մեջ է դրվում «Նիկոլի դեմ է դատական «չար» համակարգը» բլեֆը: Այդ նույն բլեֆային տեխնոլոգիաների օգնությանը մի ժամանակ դիմում էր նաև Սերժ Սարգսյանը: Տեսանք, թե վերջում ինչ եղավ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Եթե նկատել եք, բոլոր իշխանությունների տակ աշխատող Գագիկ Հարությունյանը սուսիկ-փուսիկ նստած է իր տեղում ու նրա դեմ ոչինչ չի անում փաշինյանական «հակակոռուպցիոն» ու «հակամարտիմեկիստ» իշխանությունը: Պատճառը կրկին գործարքն է:

Ասում են, որ հենց Գագիկ Հարությունյանն է նախապատրաստում իշխանության կենտրոնացմանը և սեփականության վերաբաշխմանը ծառայեցվելիք «անցումային արդարադատության» օրենսդրական բազան: Այն Գագիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղված էր Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանը միտված սահմանադրական փոփոխություններով և օրենսդրական բազայի ստեղծմամբ:

«Ով էշ, ես փալան». սա՛ է Հարությունյանի սկզբունքը: Ու թող «հեղափոխականները» կույս չձևացնեն իրենց, թե բա երկրում բան է փոխվել ու նախկին մեթոդները չեն կիրառվելու:

Այս խորագրի վերջին նյութերը