Քաղաքական

24.12.2018 14:04


«Մանվել Գրիգորյանն, ազատության մեջ մնալով, կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովի». դատախազ

«Մանվել Գրիգորյանն, ազատության մեջ մնալով, կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովի». դատախազ

«Մենք դրա հիմքերն ու անհրաժեշտությունը տեսնում ենք, որ այդ ակտի օրինականությունը ստուգվի` որքան հնարավոր է արագ»,-այսօր հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

Դատախազը կրկին նշեց, որ այսօր բողոք են տանում Վերաքննիչ դատարան՝ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշամ դեմ:

Ցուցարարների հարցին, թե «հնարավո՞ր է, որ դատարանը հանրային ճնշման դեպքում ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն կարող հանդուրժել Նոր տարուն Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ գտնվելը», դատախազը պատասխանեց. «Պետք է մի բան հասկանանք՝ սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ, բայց այ նիստն արագ նշանակել, քննություն իրականացնել, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այո՛, հնչեղ գործերով կա այսպիսի մոտեցում, և, եթե նկատեցիք, մենք էլ մեր նախատեսված հնգօրյա ժամկետից շատ վաղ՝ մեկօրյա ժամկետում տանում ենք վերաքննիչ բողոք»։

«Ազատություն» հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանն ազատության մեջ մնալով չի? խոչընդոտի նախաքննությանը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Մենք տեսնում ենք այդ հիմքերը, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ մնալով կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովի, մենք այդ կանխատեսումները հիմնավորում ենք, դրա համար էլ գնում ենք, իսկ գործի տվյալների մասին, կարծում եմ, առաջիկայում, երբ որ կավարտվի նախաքննությունը հրապարակային կներկայացնենք»։

Այս խորագրի վերջին նյութերը