Կարծիք

Հունվար 01, 2019 03:00

Ո՞րն է Արցախի հարցի արդարացի լուծումը

Ո՞րն է Արցախի հարցի արդարացի լուծումը

Ավելի քան 30 տարի է անցել Արցախյան շարժումից։ Պատահական էր արդյոք 1988թ․ Արցախի հարցի «պայթյունը»։ Իհարկե՝ ոչ։ Արցախի հարցը ժամանակակից եզրույթով ասած՝ «սառեցված հակամարտություն» էր դեռևս 1921 թվականից։ Հիշում եմ իմ ողջ պատանեկության, երիտասարդության տարիներին, քաղաքական, ազգային տարբեր զրույցներ, որոնց ժամանակ անհնար էր շրջանցել Արցախի հարցը։ Իհարկե, արծարծվում էին կորսված Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հարցերը նույնպես, բայց Արցախի հարցում մեծ հույսեր կային, որ վերջապես ԽՍՀՄ ղեկավարությունը կշտկի 1921թ․ Ստալինի գործած «սխալը»։ Կարծեմ 1980 թվականին էր, երբ փիլիսոփայության մինիմումի քննության համար Սուրեն Ավետիսյանի դասախոսությունների ունկնդիր էի։ Բացի հիմնական առարկայից, Սուրեն Ավետիսյանն անդրադառնում էր նաև տարբեր ազգային խնդիրներին։ Մեկ անգամ էլ մեր հորդորով, շեղվելով հիմնական թեմայից, խոսեց Արցախի հարցի իր պատկերացումների մասին։ Փորձեմ համարյա բառացի ներկայացնել նրա խոսքերը․ «Ի՞նչ եք ուզում։ Ուզում եք, որ Արցախը միանա Հայաստանի՞ն։ Իսկ որտեղից ե՞ք դիտարկում այդ հարցի կարգավորումը։ Երևանի՞ց։ Եկեք հարցը դիտարկենք Մոսկվայից։ Եթե Մոսկվայից եք դիտարկում, ապա ո՞րն է Հայաստանը, ո՞րն է Ադրբեջանը, ո՞րն է Արցախը։ Բոլորն էլ իմն են, ինչ նշանակություն ունի, թե որը որի կազմում է։․․․Եկեք երկրորդ անգամ նայենք Մոսկվայից․ հարցը միայն Արցախը չէ։ Բազմաթիվ նման խնդիրներ կան․ երկու Օսեթիաներ՝ Վրաստանի և ՌՍՖՍՀ-ի կազմերում, Կենտրոնական Ասիայում պատմական, տաջիկական և տաջիկներով բնակեցված հողերը միացված են Ուզբեկստանին, իսկ ուզբեկներով բնակեցվածները՝ Կիրգիզիային, լեհական հողերը Ուկրաինային, գերմանականը ՝ Լեհաստանին և այսպես շարունակ։ Այնպես որ, սիրելիներս, միայն Արցախի հարցը չէ։․․․Եկեք երրորդ անգամ նայենք Մոսկվայից․ գիտեք, հիանալի է, որ այդ բոլոր խնդիրները գոյություն ունեն»։

Եվ իհարկե, ԽՍՀՄ-ի թուլացումը բերեց այդ որոշ հարցերի ապասառեցմանը, այդ թվում և Արցախի հարցի։ Չեմ ուզում քննարկման թեմա դարձնել՝ Արցախյան շարժումը հրահրված էր արդյոք Կենտրոնի որոշակի շրջանակների կողմից, թե՞ ոչ։ Կարծում եմ սկզբնական շրջանում՝ այո, քանի որ հնարավոր չէր նույն Արցախում ստորագրություններ հավաքել Հայաստանին միանալու պահանջով, առանց ԽՍՀՄ ամենատես և ամենազոր ՊԱԿ-ի առնվազն հատուկ «չնկատելու» պարագայում։ Չեմ ուզում նաև քննարկման թեմա դարձնել, թե ինչ կլիներ, եթե Արցախյան շարժումը չլիներ։ Այստեղ, կախված Արցախի հիմնահարցի նկատմամբ վերաբերմունքից, ենթադրությունների վրա կարելի է կառուցել ամենաերջանիկ Հայաստանից մինչև Հայաստանի կործանման սցենարներ։ Ես կարծում եմ, որ հնարավոր չէր խուսափել Արցախի հիմնահարցից, թեկուզ ընդունենք, որ այն ի սկզբանե որոգայթ էր, Հայաստանին կախվածության մեջ պահելու համար։ Ինչևէ Արցախյան շարժումը, որը սկսվեց «Լենին- Պարտիա-Գորբաչով», շարունակվեց «պայքար-պայքար մինչ վերջ» վանկարկումներով, 1989թ․ դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ Արցախը Հայաստանի ԽՍՀ-ին միավորելու որոշմամբ (որն ի դեպ ամրագրվեց 1990թ. օգոստոսի 23–ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրով․ «․․․հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա․․․»), 1991թ․սեպտեմբերի 10-ին Արցախի անկախության հռչակմամբ, նույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի անկախության հանրաքվեով, հետո պատերազմ և վերջապես ավարտվեց 1994թ․ մայիսի 5-ին հրադադարով։ Արդյունքում կորսված դաշտային Ղարաբաղ՝ մի կողմից, մյուս կողմից՝ ազատագրված Արցախ՝ շրջակա, նույնպես ազատագրված տարածքներով։ Թվում էր, թե գրանցված հաջողությունը քայլ առ քայլ կամրապնդվի, մի կողմից տնտեսական և ռազմական զարգացումներով, մյուս կողմից՝ ժողովրդագրական աճով՝ ընդհանուր Հայաստանում (Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն)։ Սակայն փոխանակ այս ուղղությամբ մտածելու, հենց սկզբից, կարծես չհավատալով ռազմական հաջողություններին և սեփական ուժերին, ՀՀ տարբեր իշխանությունների, քաղաքական, հասարակական գործիչների կողմից սկսվեց և այժմ էլ կարծես շարունակվում է Արցախի հարցի, այսպես կոչված, «խաղաղ կարգավորման» մասին մտավարժանքները։ Կարծում եմ այս հարցում հիմնական դեր ունեցան երկու հոգեբանական գործոններ։ Առաջինը, ինչպես նշեցի հոգեբանորեն հաջողությանը պատրաստ չլինելն էր և ներքին, սարսափին հասնող «ակնածանքը», այսպես կոչված, միջազգային հանրության նկատմամբ։ Այս կղերա-խորհրդային մտածողությունը, որ ի վերջո «միջազգային հանրությունը» մեզ կստիպի հանձնել Արցախը, որ մենք թույլ ենք և «լավ ապրելու» համար պետք է զիջումների գնանք, դարերով ներարկվել է։

Ամեն ինչ սկսվեց, թերևս 1991թ․ ՀՀ ԳԽ-ի փակ նիստից, որտեղ արցախյան ալիքի վրա իշխանության եկած, դեռևս ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատգամավորներին փորձում էր համոզել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դրան հետևեց 1992թ․ «Կոմսոմոլսկայա Պրավդայի» հարցազրույցը․

«Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»: Հետո 1997թ․ «Պատերազմ թե՞ խաղաղություն» հոդվածը և այսպես շարունակ։ Շատ ուռա-հայրենասերներ Լևոն Տեր-Պետրոսյանին պիտակավորում են «դավաճան», «ծախված» և այլ ածականներով։ Կտրականապես համաձայն չեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը տիպիկ հայ պահպանողական մտածողության կրողներից է։ ԽՍՀՄ տարիներին, ինչպես հայրենասեր մտավորական, նա անկեղծորեն մտածում էր Արցախը ՀԽՍՀ-ին միավորելու մասին, իհարկե Մոսկվայի միջոցով։ Ստացվելու դեպքում, հավանաբար մտածում էր, որ իր անունը կմնա հայոց պատմության մեջ։ Իսկ արդեն անկախ Հայաստանում մի կողմից իշխանության գայթակղությունը, այն պահելու ցանկությունը, փառասիրությունն ու «միջազգային հանրության» և նրա պահանջների նկատմամբ երկյուղածությունը, մյուս կողմից ավանդական անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, բերեցին արցախյան հարցում պարտվողական տրամադրություններին, որոնք էլ ամրագրվեցին միջազգային փաստաթղթերում և Մինսկի խմբի փաթեթային կամ փուլային առաջարկություններում (նկատի ունեմ հայկական կողմից միակողմանի զիջումները և նախկին ԼՂՀ-ի ապագայի մասին մշուշոտ ձևակերպումները)։ ԵՎ «միջազգային հանրությունը», և գերտերությունները, և անգամ դաշնակիցները ճնշում են զիջումների պատրաստ կողմին։

Երկրորդ պատճառն ըստ իս, էլի հայկական ավանդական «գոյատևման», այն է՝ «լավ ապրելու» հոգեբանությունն է (Սերգո ջան, լավ չես ապրելու)։ Եվ այդ «լավ ապրելու», նույնն է թե «որտեղ հաց՝ այնտեղ կաց» հոգեբանությունն էր նաև, որ այս տարիների ընթացքում փոխանակ տնտեսությունն ու զինված ուժերը զարգացնելու, մի կողմից թալանվեց ԽՍՀՄ-ից ժառանգած հարստությունը, և երկիրը թաղվեց կոռուպցիայի մեջ, որի արդյունքում էլ առաջնագիծը պաշտպանվում էր պահածոների ժանգոտված, թիթեղյա բանկաներով և 80-ականների զենքերով, մյուս կողմից՝ արտագաղթ: Հիշում եմ տարիներ առաջ Բելգիայում հանդիպեցի մի խումբ փախստականների հետ։ Զրուցում էինք, թե ինչու՞ են եկել, սկսեցին հայհոյել և Հայաստանը (երկիր չի), և իշխանություններին (հանցագործներ), և Արցախը (խի՞ պիտի էրեխուս բերնից կտրեն, տանեն Ղարաբաղ): Էլ չեմ խոսում այս տարիների ընթացքում բանակում տիրող բարքերի մասին, երեկվա և այսօրվա պաշտոնյաների և նրանց սիրասուն զավակների տարբեր պատճառաբանություններով զինվորական ծառայությունից խուսափելու մասին։

Ինչևէ, 1998թ․ իշխանափոխությունից հետո սկսվեցին նոր բանակցություններ՝ է՛լ անհասկանալի «ընդհանուր պետության», է՛լ մշուշապատ «մադրիդյան սկզբունքների» շուրջ և այլն։ 2008թ․ էլ «նորացված մադրիդյան սկզբունքներ», այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վերադարձ Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերին, նկատի ունեմ Կիսելյովին տված հարցազրույցը․ («Մենք պատրաստ էինք հանձնելու 7 շրջանները»): Մինչ մենք հույսներս դրել էինք «միջազգային հանրության» և «ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի» ոչինչ չասող բանաձևի վրա, ողջ հրադադարն Ադրբեջանն օգտագործեց սպառազինվելու համար, որի արդյունքն էր 2016թ․ ապրիլյան պատերազմը։ Ապրիլյան պատերազմը մի կողմից ցույց տվեց, որ դեռևս մենք պատրաստ ենք դիմագրավելու ժամանակակից զենքերով զինված հակառակորդին, մյուս կողմից բացահայտեց մեր, թերևս շատերին հայտնի, բայց չբարձրաձայնվող թույլ կողմերը։

Ի դեպ, այս տարիների ընթացքում բացի իշխանություններից, Հայաստանի տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչներ Արցախի հարցում ունեցել են ոչինչ չասող, անորոշ, ընդհանուր, հռչակագրային, պատասխանատվությունից խուսափող տեսակետներ․ «Արցախի հարցի արդարացի լուծում», «հայանպաստ լուծում», «փոխզիջումային լուծում», «Արցախի հարցի լուծում, բացառապես Մինսկի խմբի առաջարկների շրջանակներում», «Արցախի վերադարձ բանակցությունների սեղանին»․ «Արցախի հարցը պետք է լուծեն արցախցիները» և այլն։ Ի դեպ, վերջին ձևակերպումը բավականին տարածված է։ Այդպես արտահայտվողներին միշտ ուզում եմ հարցնել․ «Իսկ Սյունիքի, Լոռվա հարցերն էլ սյունեցիների՞ և լոռեցիների՞ գործն է»։ Գիտակցում են արդյոք «զիջումների» կամ «փոխզիջումների» պատրաստ մեր պետական, քաղաքական, հասարակական գործիչները, որ այսպես կոչված «բարի կամքով» կամ «միջազգային հանրության» ճնշման տակ ցանկացած զիջում, բերելու է զիջումների շղթայական ռեակցիայի, ընհուպ մինչև Ալիևի հայտարարած Երևանի։ Ցանկացած, թեկուզ փոքր զիջման դեպքում, զիջող կողմն արդեն հոգեբանորեն պարտված է, դիմադրողականությունն ընկած և հետագա զիջումները կամավոր կանի, թե պատերազմով, արդեն տեխնիկայի հարց է։ Կամ գիտակցում են արդյո՞ք, որ «միջազգային հանրություն» որպես այդպիսի կուռ կառույց գոյություն չունի։ Միջազգային հանրությունը լի է հակասություններով, միմյանց նկատմամբ թշնամանքով, և եթե որևէ հարցով նա համաձայնության է գալիս, օրինակ այսպես կոչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության, նշանակում է այն արդյունք է հայկական ապաշնորհ, ողորմելի դիվանագիտության։ Իսկ թե ինչպիսի «խաղարարար» նախաձեռնություններ են ունեցել տարբեր հասարակական գործիչներ, սկսած Գեորգի Վանյանով, որոնք խաղաղասիրություն ասելով՝ պատկերացրել են քծնանք և զիջում, զիջում մինչև վերջ։ Այն դեպքում, որ որևէ ադրբեջանցի քաղաքական, հասարակական, նաև վտարանդի գործիչ երբևէ չի արտահայտվել Արցախի անկախության օգտին։ Հետո էլ ասում ենք, թե աշխարհը մեր դեմ է։

Համարենք՝ այն, ինչ վերը շարադրեցի, նախաբանն էր։ Այժմ ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ է մտածում Արցախի հարցի մասին անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Եթե ժամանակագրորեն դիտարկենք նրա տեսակետները, ապա դրանք անընդհատ փոփոխվել են․ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական դաշնակից լինելուց (2007 թ. Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված «Այլընտրանք» դաշինքի գաղափարական հիմքում ՀՀ Սահմանադրությունն ու Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» ծրագրային հոդվածն էին- 2008թ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում էր, թերևս Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաթունդ կողմնակիցը) մինչ 2016թ․ հուլիսի հանրահավաքում Սասնա ծռերին աջակցող ելույթը, ուր անողոք քննադատության է ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանին Արցախի հարցում զիջումների համար։

Ինչպես այս ելույթից հետո, այնպես էլ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի Արցախի հարցում կոշտ դիրքորոշումից անկեղծ ոգևորված էի։ Եթե սրան ավելացնենք նաև հեղափոխության օրերի երիտասարդության անկեղծ ոգևորությունն ու համարձակությունը, ես մտածում էի, որ սա հիանալի հնարավորություն է ստեղծում Արցախի հարցում «ռեսթարթ» անելու և հանրության ոգևորությունն ուղղելու նաև այդ ուղղությամբ։ Սակայն հետագա զարգացումներն ինձ համար շատ հարցեր են առաջացրել։ Նախ մտահոգիչ էր (ներեցեք բառի համար) օգոստոսի 17-ի Նիկոլ Փաշինյանի ելույթի Արցախի մասին հատվածը, մոտավորապես․ «Արցախի հարցը այստեղ, ժողովրդով պետք է որոշենք»։ Անհասկանալի ձևակերպում։ Նախ արդյո՞ք հրապարակում հավաքվածները ողջ ժողովուրդն են, երկրորդ՝ արդյո՞ք ժողովուրդը դեռևս 1988թ․, նաև Արցախն ու Հայաստանը 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումով, և վերջապես Արցախն իր 1991թ․ անկախության հանրաքվեով չի որոշել։ Հաջորդ մտահոգությունը, չզարմանաք, Դուշանբեում Փաշինյան-Ալիև վերելակային պայմանավորվածությունն էր, որի արդյունքում, իսկապես առաջնագծում համեմատական անդորր է։ Այդ ինչպե՞ս եղավ, որ տարբեր բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածություններն Ադրբեջանն անվերջ խախտում էր, հանկարծ․․․ Հետո ՔՊ ականավոր գործիչ, երկրապահ Սասուն Միքայելյանի հայտնի ելույթը, մոտավորապես․ « ․․Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյանը»։ Հետո Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների արդյունքներով Մնացականյանի հայտարարությունը, էլի մոտավորապես․ «Քննարկեցինք ամենակարևորը՝ մարդկանց անվտանգության հարցը»։ Հետո նույն Մամեդյարովի գրառումն, էլի մոտավորապես․ «Հուսով ենք շուտով համաձայնության հասնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն շնորհելու շուրջ»։ Սրան հետևեց ՔՊ անդամ Արարատ Միրզոյանի «հուժկու անդրադարձը», մոտավորապես․ «Իսկ արցախցիներին հարցրե՞լ եք»։ Անհանգստացած եմ նաև, ինչպես 2008թ․, այնպես էլ այսօր, առայժմ սոցցանցերում նկատվող հակաարցախյան (նկատի ունեմ արցախցիների դեմ) հռետորաբանությունից։

Երբեք չեմ հավատացել դավադրությունների տեսություններին և առայժմ ձեռնպահ եմ մնում չարագուշակություններ անելուց, սակայն ուզում եմ այս հարցերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանից հստակ պատասխաններ լսել։ Այլևս չեմ ուզում լսել անորոշ, խուսափողական պատասխաններ․ «հասնել այնպիսի լուծման, որ բոլոր կողմերին բավարարի», «Արցախի հարցն արցախցիները պետք է որոշեն», «Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին», և երբեք՝ չարաբաստիկ «միջազգային խաղարարներ»։ Հստակ ասելով՝ նկատի ունեմ, արդյո՞ք մինչև Արցախի անկախ, շեշտում եմ՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակի ճանաչումը, լինելու՞ են զիջումներ, թե՞ ոչ։ Այո, ինքս նկարագրեցի, թե կոնկրետ արցախյան հարցում ինչ ծանր ժառանգություն է մնացել։ Այո, այդ ամենի համար մեղավոր են նախկինները, բայց անձամբ Նիկոլ Փաշինյանը վերցրել է պատասխանատվություն և մեծ պատասխանատվություն հենց Արցախի հարցում։ Եվ որևէ արդարացում, այն է՝ մեղքը գցել նախկինների վրա, նրան չի ազատում պատասխանատվությունից։ Խաղաղասեր-ընդդիմախոսները կհակաճառեն․ չէ՞ որ Ադրբեջանը և մարդկային ռեսուրսներով, և տնտեսապես, և ռազմական առումով մեզ գերազանցում է։ Չէ՞ որ նրա թիկունքին են Թուրքիան և ողջ թուրքական աշխարհը և այլն։ Այդ նույն փաստարկները բերվում էին նաև 80-90-ականներին։ Ճիշտ է, մենք վատնել ենք հրադադարի ընձեռած 24 տարիները, բայց համոզված եմ, որ համախմբվելու և նպատակ դնելու դեպքում, այսօր էլ ուշ չի։

Վերջաբան Արցախի հարցը միայն պատմական արդարության վերականգնման հարց չէ, այն միայն արցախցիների կյանքի և ինքնորոշման իրավունքի հարց չէ։ Արցախի հարցը ողջ հայության, Հայաստանի ոչ միայն ապագայի, այլև արժանապատվության հարցն է։ Կարող են տարբեր միջազգային ատյաններում բանաձևեր ընդունել Ադրբեջանի, այպես կոչված, տարածքային ամբողջականության օգտին, Հայաստանին համարել ագրեսոր, զիջումների դիմաց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խոստանալ միլիարդավոր դոլարների վարկեր, շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Բայց․․․ բայց եթե ողջ աշխարհի, այդ թվում «միջազգային հանրության», գերտերությունների, մեր հակառակորդների կողմից մեր նկատմամբ որոշակի հարգանք կա, այն, համոզված եմ, պայմանավորված է միայն ու միայնարցախյան հաջողություններով։ Կկորցնենք այդ հաջողությունները՝ կկորցնենք ողջ Հայաստանը և «միջազգային հանրության» կողմից կարժանանանք միայն արհամարհանքի և խղճահարության։

Գիտակցու՞մ է արդյոք այս ամենն Արցախյան շարժման ոգևորությունը և պայքարը չտեսած, այսօրվա առաջադեմ երիտասարդ իշխանությունը, թե՞ համարում է, որ ․․․

Ավետիք Իշխանյան

Աղբյուրը՝ Հետք

Այս խորագրի վերջին նյութերը

Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում այնքան էլ ամեն ինչ չէ, որ որոշում է ժողովուրդը

Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում այնքան էլ ամեն ինչ չէ, որ որոշում է ժողովուրդը

Հունվար 16, 2019 09:03 Մինչ օրս գերգաղտնի պահված այդ օրինագիծը որևէ կերպ չի ներկայացվել հանրային լայն քննարկման։
Նիկոլը Դե Գոլը չէ, Արցախն էլ Ալժիր չէ

Նիկոլը Դե Գոլը չէ, Արցախն էլ Ալժիր չէ

Հունվար 16, 2019 01:37 Ժամանակին Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին։
Իշխանության տեխնոլոգիան կամ ինչո՞ւ ԲՀԿ և ոչ թե ԼՀ

Իշխանության տեխնոլոգիան կամ ինչո՞ւ ԲՀԿ և ոչ թե ԼՀ

Հունվար 15, 2019 19:27 Այսօրվա քաղաքական գործընթացները դիտարկել նույն տրամաբանության համատեքստում։
Հետաքրքիր է՝ ճանապարհ փակելու լիազորություն ինչպե՞ս են ստանում

Հետաքրքիր է՝ ճանապարհ փակելու լիազորություն ինչպե՞ս են ստանում

Հունվար 15, 2019 17:33 Ստացվում է, որ Ամուլսարի ճանապարհը փակողների՝ փակելու լիցենզիան ջեբերը դրած է։
«Ցանկացած ոլորտում բարեխիղճ գործելաոճը հանգեցնում է հասարակական վստահության»

«Ցանկացած ոլորտում բարեխիղճ գործելաոճը հանգեցնում է հասարակական վստահության»

Հունվար 15, 2019 15:08 Որտե՞ղ է մնում հասարակական բարեխիղճ մոտեցումը:
Ինչը չներվեց Սեյրան Օհանյանին

Ինչը չներվեց Սեյրան Օհանյանին

Հունվար 15, 2019 11:48 Ցուցմունք չտվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Դուխովներին օրենք գրելու համար, փաստորեն, հանգստի սենյակ է պետք 

Դուխովներին օրենք գրելու համար, փաստորեն, հանգստի սենյակ է պետք 

Հունվար 15, 2019 11:36 Նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում:
Էսօրվանից շոուն սկսված է

Էսօրվանից շոուն սկսված է

Հունվար 14, 2019 14:34 Թե բա՝ կրկեսի շենքը ե՞րբ եք սարքելու, կարող է՝ պակաս շենք է, վայելե՛ք, ի՞նչ եք ուզում։
Այ այսպիսի մազալու բաներ

Այ այսպիսի մազալու բաներ

Հունվար 14, 2019 13:34 Միայն արտաքին ճանաչելության ատրիբուտներն էին պակասում, բայց օրերս դա էլ լրացվեց:
Հատկանշական է, որ Աժ քարտային համակարգը հրաժարվեց գրանցել 32 պատգմավորի (տեսանյութ)

Հատկանշական է, որ Աժ քարտային համակարգը հրաժարվեց գրանցել 32 պատգմավորի (տեսանյութ)

Հունվար 14, 2019 13:27 Հենց այդքան ավել մարդ էլ պատգամավոր է դարձել 7-րդ գումարման ԱԺ-ում։
Ինչպիսի տրանսֆորմացիա

Ինչպիսի տրանսֆորմացիա

Հունվար 14, 2019 11:21 Մի տարի առաջ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը բացում էր որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր։
Առաջարկում եմ Հայաստանի հիմնի բառերը փոխել

Առաջարկում եմ Հայաստանի հիմնի բառերը փոխել

Հունվար 14, 2019 09:21 Հետևյալ խմբագրությամբ՝ Մեր հայրենիք, չար ու նախանձ։
Չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ (լուսանկար)

Չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ (լուսանկար)

Հունվար 14, 2019 09:04 Հին ասացվածք է, բայց շատ տեղին շատերի համար: 
Հին հայերով նոր Հայաստան հաստատ չի կառուցվի (լուսանկար)

Հին հայերով նոր Հայաստան հաստատ չի կառուցվի (լուսանկար)

Հունվար 13, 2019 23:41 Մարդու մտածողության մեջ պետք է հեղափոխություն լինի։
Ես ել եմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է

Ես ել եմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է

Հունվար 12, 2019 17:15 Ձայնագրությունների բովանդակությունը լրիվ բավարար է։
Հենց սկզբից պետք էր կանխել ու չհրահրել փաստաբանների նկատմամբ թունավոր արշավները

Հենց սկզբից պետք էր կանխել ու չհրահրել փաստաբանների նկատմամբ թունավոր արշավները

Հունվար 12, 2019 08:50 Այս տեմպերով շարունակվելու դեպքում, մյուս փուլը կլինի փաստաբան ծեծել ու խոշտանգելը։
Եթե չկա օրենք, չկա և պետություն

Եթե չկա օրենք, չկա և պետություն

Հունվար 12, 2019 08:45 Պետք է պետության վերականգնման շարժում սկսել:
Իոսիֆ Աղաջանովի հոր բաց նամակն Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Իոսիֆ Աղաջանովի հոր բաց նամակն Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Հունվար 11, 2019 14:55 Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։