Քաղաքական

11.01.2019 11:46


Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ դատականը նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի ստացել:

«Մենք չենք ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չենք ունեցել նաև գրավոր առարկություններ պատրաստելու համար: Այդ իսկ պատճառով դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա բողոքին»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 17-ը ժամը 12:00-ն:

Արմեն Գևորգյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ներկայացված մեղադրանքները չի ընդունում և համարում է անհիմն:

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Ավելի վաղ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ ՔՕ 332 հոդվածի 3-րդ մասով:

Այս խորագրի վերջին նյութերը