Աշխարհ

17.01.2019 14:37


Հոլանդացի լրագրողն առանց հիմնավորման արտաքսվել է Թուրքիայից

Հոլանդացի լրագրողն առանց հիմնավորման արտաքսվել է Թուրքիայից

Թուրքիայում աշխատող հոլանդացի լրագրող Էնս Բոերսման արտաքսվել է Թուրքիայից։ Հոլանդական «Het Financieele Dagblad» (HD) թերթի Թուրքիայի թղթակիցը Ստամբուլում աշխատում էր 2017թ․-ից, իսկ նախորդ շաբաթ Թուրքիայում լրագրողական քարտ էր ստացել։

Հունվարի 16-ին բնակության իրավունքի ժամկետը երկարացնելու նպատակով Բոերսման դիմել է օտարերկրացիների կացության հարցերով զբաղվող ստամբուլյան բաժին։ Այստեղ նրան ձերբակալել են՝ տեղեկացնելով, որ նա «անվտանգության նկատառումներով» պետք է լքի երկիրը։ Արտաքսման պատճառների վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չի արվել։

Հոլանդացի լրագրողին անգամ թույլ չեն տվել վերադառնալ տուն և վերցնել իր իրերը։ Գիշերը նա հարկադրված է եղել անցկացնել օդանավակայանին մոտ գտնվող մի ոստիկանական բաժանմունքում։ Իսկ առավոտյան թռիչքներից մեկով Բոերսման ուղարկվել է Նիդերլանդներ։

«Het Financieele Dagblad»-ի գլխավոր խմբագիր Ժան Բոնժերը հայտարարել է, որ զարմացած է իրենց թղթակցի արտաքսման որոշումից։

«Չափազանց ցավալի է, որ Թուրքիայում լրագրողները չեն կարողանում ազատ կատարել իրենց աշխատանքը», - նշել է նա՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են իրավաբանորեն պայքարել այդ որոշման դեմ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը