Կարծիք

21.01.2019 13:36


Փաշինյանի իշխանության անկման գլխավոր պատճառներից մեկը լինելու է Ղարաբաղը

Փաշինյանի իշխանության անկման գլխավոր պատճառներից մեկը լինելու է Ղարաբաղը

Քանի դեռ հայ հանրությունը շատ ուշադիր հաշվում է մարզպետների 104–տոկոսանոց պարգևների գումարները, ավելի կարևոր գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին «հպարտ քաղաքացիները» լռում են¸ կամ էլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում:

Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումից հետո միջնորդներն իրենց հայտարարության մեջ կոչ արեցին ժողովուրդներին պատրաստել խաղաղության, և դա ադրբեջանական իշխանությունների վերջին ամիսների էյֆորիայի ֆոնին առ այն¸ որ ղարաբաղյան հարցում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու: Դրանից հետո Դոնալդ Թրամփից սկսած, ԵՄ պաշտոնյաներով ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարով ավարտած՝ իրենց ուղերձներում Փաշինյանին առանձնահատուկ նշել են ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը, և այս ամենը կատարվում է այն պայմաններում¸ որ ՀՀ իշխանությունները բերանները ջուր են առել և ոչ մի տեղեկություն բանակցային գործընթացից չեն հայտնում¸ ինչի պատճառով հայ հանրությունը ստիպված է լինում բանակցային մանրամասներին ծանոթանալ ադրբեջանական կամ ռուսական մամուլի էջերից: Իմ տպավորություններով՝ Հայաստանում 28 տարվա ընթացքում Արցախի հարցում նման փակ իշխանություն դեռ չի եղել:

Այո¸ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, մի դեմագոգիկ ձեւափոխում են տվել, թե առանց ժողովրդի իմացության՝ թաքուն լուծման ոչ մի տարբերակ չի ընդունվի: Այո¸ իհարկե¸ առանց ժողովրդի իմացության ոչ մի բան չի ընդունվի¸ բայց դու բանակցային գործընթացում կարող ես այնպիսի ուղով տանել ամեն բան¸ որ վերջում նույն ժողովրդին փաստի առջև կկանգնեցնես՝ «հողերը հանձնենք¸ որ լավ ապրենք» կոնցեպտի շրջանակներում:

Փաշինյանի իշխանությունն արդեն խաբել է մարդկանց՝ ասելով¸ թե լիազորված չէ՝ մանդատ չունի՝ բանակցելու ԼՂ իշխանությունների և ժողովրդի փոխարեն (ու Նիկոլն իրոք մանդատ չունի ու չի ունենա՝ բանակցելու Արցախ հարցի մասով ու զիջումների գնա): Բայց, ինչպես տեսնում ենք, լավ էլ բանակցում է¸ և «Դուշանբեի լիֆտից» սկսած՝ ակնհայտ պայմանավորվածությունների է հանգել ադրբեջանական իշխանությունների հետ¸ ինչի շուրջ էլ այս պահին ակտիվ բանակցություններ են գնում: Ղարաբաղի հարցն այն հարցերից մեկն է¸ որում իշխանությունը¸ մեղմ ասած¸ անկեղծ չէ ժողովրդի հետ, և այս հարցում Փաշինյանի նման պահվածքը լինելու է գործող կառավարության անկման պատճառներից մեկը: Իսկ եթե սրան էլ գումարենք այն¸ որ իշխանությունների կողմից քողարկված հակաղարաբաղցիական քարոզ է գնում¸ ապա պատկերը կդառնա ամբողջական...

Հ.Գ. Հայաստանում արդեն եղել է իշխանություն¸ որը չի գիտակցել ղարաբաղյան հարցի լրջությունը մեր ժողովրդի և պետության անվտանգության համար՝ պատրաստ լինելով փաստացի միակողմանի զիջումների: Եւ հենց դրա համար էլ նա հայտնվել է պատմության աղբանոցում:

Մտածե՛ք¸ պարոնա՛յք¸ մտածե՛ք:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը