Կարծիք

22.01.2019 21:15


Ագիտացիա և պրոպագանդա

Ագիտացիա և պրոպագանդա

Ի պատասխան 5-րդ հեռուստաալիքով վերջերս ցուցադրված 2008թ․ մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին Ռոման Բաբայանի նկարահանած բավականին թույլ և միակողմանի ֆիլմին՝ այսօր Հ1-ը ցուցադրելու է «Կորսված գարուն» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի հեղինակն է 2008թ․ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի քարոզչական խմբի ղեկավար Տիգրան Պասկևիչյանը։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանի այն երկրպագուներից է, ով վերջինիս մասին արտահայտվում է որպես Հայաստանի, շեշտում եմ՝ Հայաստանի հիմնադիր նախագահ (այսինքն Հայաստանի հիմնադիր, ավելին քան Հայկ Նահապետը):

Արդ, որքանո՞վ կարող է ֆիլմը լինել օբյեկտիվ։ Պարզ է, որ այն միակողմանի քաղաքական քարոզչական նյութ է։ Չգիտեմ՝ արդյոք ճի՞շտ է Հանրային Հեռուստաընկերությամբ «պատասխանել» մասնավորին։ «Մասնագետները» կասեն՝ այո, չէ՞ որ երկուսն էլ հանրային տարածք են զբաղեցնում։ Բայց չէ՞ որ Հանրայինը բյուջետային է, իսկ բյուջեն ձևավորվում է մեր հարկատուների հարկերից, ում չի կարելի պարտադրել միակողմանի քարոզչություն։

Ի դեպ, նույն քարոզչական նպատակով բոլշևիկները նկարահանեցին և 1938թ․ ցուցադրեցին «Զանգեզուր» ֆիլմը (թող ներեն ինձ Գարեգին Նժդեհը և Համո Բեկ-Նազարյանը համեմատության համար)։

***

ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Հատուկ չեմ նայել «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմը։ Եթե այն օբյեկտիվ է, ապա այն դիտողները թող ասեն, արդյոք ֆիլմում առկա՞ են Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթներից ատելություն և անհանդուրժողականություն տարածող հետևյալ հատվածները, որոնք ուղղված էին բոլոր նրանց ովքեր իր կողմնակիցները չէին․

2007թ. հոկտեմբերի 29
«Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է՝ մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից՝ ազգի տականքը»։

2008թ․ Փետրվարի 23
«Ես չեմ կարծում․ որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որը դեմ դուրս կգա ժողովրդին և չի կանգնի մեր կողքին։ Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք, որ որքան հզորանում է մեր շարժումը, այդ տականքը նվազում, գնում, մտնում է իր բները։ Նրանց ձայնը վաղը չի լսվելու, նրանց հարևանները բարև չեն տալու, դրանց երեխաները վաղը ամաչելու են իրենց ծնողների համար»

․․․անհրաժեշտության դեպքում՝ շարունակելի․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը