Տնտեսական

16.03.2010 18:08


Դաշնակցությունը պարբերաբար կանդրադառնա գազի գների բարձրացման հարցին

Դաշնակցությունը պարբերաբար կանդրադառնա գազի գների բարձրացման հարցին

Գազի գնի բարձրացման և դրա հիմնավորվածության առնչությամբ ՀՅ Դաշնակցություն պատգամավորական խմբակցությունն աշխատանքային խումբ է ստեղծել և պարբերաբար անդրադառնալու է այս հարցին։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, որ արդեն հարցադրումներ են ձևավորվել, որոնց վերաբերյալ պատասխաններ են ակնկալում ինչպես իրենք, այնպես էլ հասարակությունը։ Ա. Մինասյանը նշել է, որ գազը Հայաստան է ներկրվում 180 դոլարով, խոշոր սպառողներին իրացվում 243.12 դոլարով, իսկ մյուս սպառողներին՝ 342 դոլարով, այնինչ Մոլդովան գազը ձեռք է բերում 263 դոլարով և իրացնում 220-ով։

-Հարց է առաջանում՝ ինչո՞վ է բացատրվում մեծածախ գնի նկատմամբ մանրածախի գրեթե կրկնակի աճը։ Ըստ մասնագետների՝ միջազգային չափանիշ է համարվում գազալցակայաններում գազը կգ-ով վաճառելը, այնինչ Հայաստանում այն իրացվում է ճնշմամբ, որը ջերմաստիճանի փոփոխության դեպքում ենթակա է ծավալների տատանման,- ասել է Ա.Մինասյանը։

Նա նշել է, որ առանձին խնդիր է քաղաքացիներից սպասարկման վճարի գանձման հիմնավորվածությունը և նպատակահարմարությունը, ինչպես նաև գանձող ընկերության ընտրության հարցը. «Այդ գումարները կազմում են միլիարդավոր դրամներ, ինչն, ըստ էության, տարածվելով բոլոր քաղաքացիների վրա, նույնպես անուղղակիորեն մտնում է գնի մեջ մոտավորապես 10 մլն դոլար տարեկան հաշվարկով»։

Նա նշել է, որ խոշոր սպառողներին գազը մատակարարվում է ոչ թե ֆիքսված սակագնով, այլ ենթակա է փոփոխության՝ կախված կալորիականությունից, սակայն սպառողները գազի իրական կալորիականությունը և որակը ստուգելու հնարավորություն չունեն։ Ա. Մինասյանն ընդգծել է, որ օրենսդրության համաձայն գազալցակայաններում հաշվիչները պետք է լինեն կապարակնքված, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե քանի հաշվիչ է կապարակնքվել, և ինչու դեռևս չկնքված հաշվիչներ կան։

-Հարց է առաջանում՝ գործարկվո՞ւմ է արդյոք Կողբ գյուղում տեղակայված  1,5 մլն եվրո արժողությամբ հաշվիչ կայանը, որը պետք է թույլ տար ճշտել ներկրվող գազի իրական ծավալները։ Խիստ մտահոգություն կա գազի հաշվիչների ճշտության վերաբերյալ, որոնց համապատասխանությունը ստանդարտներին նույնպես որևէ կերպ ստուգել հնարավոր չէ։ Երբ խոսվում է գների բարձրացման մասին, պատկան մարմինները փորձում են հեշտությամբ հիմնավորել։ Հարց է առաջանում՝ երբևէ այս անձինք կարո՞ղ են բացատրել՝ ինչով պետք է վճարեն այն քաղաքացիները, ում աշխատավարձերը, կենսաթոշակները և այլ եկամուտները չեն բարձրացվում, և, բնականաբար, ինֆլյացիայի և գործազրկության այսպիսի պայմաններում նրանք ենթարկվում են սոցիալական մեծ ռիսկի՝ չասած այն մարդկանց մասին, ովքեր ներկայացնում են փոքր և միջին բիզնեսի հատվածը։ «ՀայՌուսգազարդն», ի վերջո, իր ներդրումային ծրագրերը պետք է իրականացնի ոչ թե սպառողների, այլ հիմնադիրների շահույթի հաշվին,- նշել է Արծվիկ Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը