Աշխարհ

04.02.2019 12:30


Փետրվարի 14-ին Սոչիում նախատեսվում է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպում

Փետրվարի 14-ին Սոչիում նախատեսվում է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ փետրվարի 14-ին բանակցություններ է անցկացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Էրդողանի հայտարարությունը՝ հավելելով, թե Սոչիում փետրվարի 14-ին անցնելու է Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթաժողովը Սիրիայի ճգնաժամի հարցերով:

Եռակողմ գագաթաժողով անցկացնելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել էին իրենց վերջին հանդիպման ժամանակ, որ կայացել է հունվարի 23-ին Մոսկվայում: Պուտինը հայտարարել էր, որ Էրդողանի հետ պայմանավորվել է՝ որտեղ և երբ պետք է անցնի այդ եռակողմ գագաթնաժողովը, և որ պետք է դա համաձայնեցնել նաև Իրանի նախագահի հետ:

Հիմնական հարցը, որ Մոսկվայում քննարկել էին Պուտինն ու Էրդողանը, Սիրիայի արևելքում անվտանգության գոտու ստեղծումն էր: Վերջնական պայմանավորվածություն Մոսկվան և Անկարան հունվարի 23-ին ձեռք չէին բերել, իսկ Պուտին-Էրդողան բանակցություններից անմիջապես հետո պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե ի վիճակի է միայնակ ստեղծել և ապահովել այդ անվտանգության գոտին, սակայն դեմ չի լինի, եթե Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները միանան ծրագրին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի տարածքից, այդ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել: Անկարան և Մոսկվան Սիրիայում ունեն լուրջ տարաձայնություններ, օրինակ՝ քրդաբնակ շրջանների շուրջ: Անկարան ցանկանում է այստեղ անվտանգության գոտի ստեղծել և նաև մասնակցել անվտանգության ապահովման գործընթացին, իսկ Մոսկվան ավելի հակված է, որ այդ տարածքը նույնպես անցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի վերահսկողության տակ: Բացի այդ, Անկարան քրդական ռազմական խմբերին, որոնք վայելում են պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունը, ահաբեկիչներ է համարում:

Բոլոր այս հարցերը Էրդողանն ու Պուտինը ևս մեկ անգամ կքննարկեն Սոչիում, և նրանց կմիանա տարածաշրջանի մեկ այլ կարևոր դերակատար Իրանի նախագահը:

Աղբյուրը՝ azatutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը