Քաղաքական

04.02.2019 15:25


Քաշքշուկ ոստիկանների և Արշալույսի բնակիչների միջև (տեսանյութ)

Քաշքշուկ ոստիկանների և Արշալույսի բնակիչների միջև (տեսանյութ)

Էջմիածնի Արշալույս համայնքում այսօր՝ փետրվարի 4–ին, առավոտից լարված վիճակ էր։ Համայնքի մի խումբ բնակիչներ հավաքվել էին գյուղապետարանի մուտքի մոտ և պահանջում էին համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Ցուցարարներին դիմավորել են ոստիկանները: Նրանց միջև քաշքշուկ է եղել։

Արշալույսցի Արմեն Շահբազյանը «Հետք»-ին պատմել է, որ ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել: Կանայք, աղմուկ լսելով, դուրս են եկել տներից և տղաներին դուրս բերել ոստիկանների ավտոմեքենաներից:

Ավելի ուշ համայնք է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Վերջինիս առաջարկությամբ հանդիպել են ինքը, համայնքի ղեկավարը և ցուցարարներից երկուսը։ Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց Թագուհի Ղազարյանը, հանդիպման արդյունքում որոշակի պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ «Եթե ասեմ, որ զրույցն ընթացավ լավ, և կառուցողական լուծումներ գտնվեցին, սուտ կլինի»,–նշեց նա։

Ղազարյանի խոսքով՝ «խնդիրն այն է, որ գյուղապետն այժմ ճնշումներ է գործադրում այն մարդկանց նկատմամբ», որոնք նախկին բողոքի ակցիայի ժամանակ միացել են իր հրաժարականի պահանջի ստորագրահավաքին։

«Ինքը կոնկրետ գիտի՝ ովքեր են պահանջել գյուղապետի հրաժարականը, և հարկահավաքությամբ ոչ անօրինական, բայց ընտրողական վերաբերմունք է ցույց տալիս, և հարկային ճնշումների ենթարկում իրենց, մեկին՝ ուսանողական ինչ–որ ծրագրի, մեկին՝ իր ջերմոցի հետ կապված։ Հիմա, մեզ հետ հանդիպմանը գյուղապետը նշեց, որ ինքը սովորաբար մինչև մայիս ամիսը հարկ չի հավաքել, նույն կերպ էլ կլինի այս տարի»,–ասաց Թագուհի Ղազարյանը։

Պատգամավորը նշեց, որ բանակցությունների արդյունքները չեն գոհացրել ակցիայի մասնակիցներին, սակայն նրանք խոստացել են այլևս չխոչընդոտել գյուղապետարանի աշխատակիցների աշխատանքին. ակցիաները կշարունակվեն՝ առանց գյուղապետարանի մուտքի դուռը փակելու։

Նշենք, Զարզանդ Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։ Երկար ժամանակ գյուղացիները պահանջում են նրա հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը