Քաղաքական

06.02.2019 11:49


Վ. Օսիպյանը ցուցմունք է տալիս ՊՊԾ գնդի գործով (տեսանյութ)

Վ. Օսիպյանը ցուցմունք է տալիս ՊՊԾ գնդի գործով (տեսանյութ)

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը եկել է դատարան՝ ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք տալու:

tert.am–ը հիշեցնում է՝ ՊՊԾ գնդի գրավման գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի: 2016-ին, երբ տեղի է ունեցել գնդի գրավման դեպքը, Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:

Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանապետը, վերհիշելով ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունները, պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան 5-ի սահմաններում, լինելով Երևանի ոստիկանության պետի տեղակալ, քաղաքի վարչության հերթապահից ստացել էր ահազանգ և տեղեկացել էր, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից զավթվել է:

«Տեղեկանալով այս ամենին՝ ես իմ ծառայողական մեքենայով ուղևորվեցի դեպի ՊՊԾ գունդ: Հասնելով Էրեբունու ոստիկանության բաժին, տեսա մի խումբ ոստիկանների, պարեկային մեքենաներ: Նկատեցի ՊՊԾ գնդի մուտքի դարպասների մոտ կայանած միկրոավտոբուս եւ շտապօգնության մեքենա եւ տեսա, որ ինձնաձիգերով մարդիկ են անկանոն շարժվում, մտնում ներս-դուրս գալիս, նաև տեսա մեր ոստիկանության աշխատակիցներին բաժնի դիմաց: Ինձ անմիջապես տղաները զեկուցեցին՝ ինչ է կատարվում և ինձ հորդորում էին, որ ես մի փոքր այս կողմ կանգնեմ, որպեսզի ինձ չթիրախավորեն, որովհետեւ կրակահերթեր էին լինում երբեմն:

Տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, լսեցի և ձայնը տարբերեցի, Պավլիկ Մանուկյանի ձայնն էր, անմիջապես հասկացա, որ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել են եւ բաժանել: Տղաներից մեկի մոտի կապի միջոցով անմիջապես կապի մտա: Դիմեցի, ասացի՝ Պավլիկ, Պավլիկ, բա՝ լսում եմ, ով ա, ասացի՝ ձեր հետ խոսում է գնդապետ Օսիպյանը, պատասխանեց՝ հա, ինչ կա, ասացի՝ առաջարկում եմ դուրս գալ, զենքերը ցած դնել: Ասացի՝ դուրս եկեք, առաջացեք, ես էլ գամ, տեսնենք՝ զոհեր վիրավորներ ունենք, տեսնենք՝ ինչ է կատարվում: Ինքը ընդունեց առաջարկս, ասաց՝ հիմա մոտենում եմ: էրեբունու բաժնի մոտ նկատեցի պարոն Եղիազարյանին (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյան-խմբ.), նա մոտեցավ, տեղեկացավ՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ գնում եմ այնտեղ, ասաց՝ ես էլ եմ գալիս:

Ձախ մայթով բարձրանում էինք, հասնելով «Քարերի աշխարհ»-ի մոտ՝ նկատեցի, որ դիմացի մայթին կանգնած էր Մարտիրոս Հակոբյանը (գործով ամբաստանյալներից-խմբ.)՝ ինքնաձիգով, Պավլիկը, Սեդրակը, Աշոտը մոտեցան: Խոսակցությունը հետեւյալն էր, փորձեցինք բացատրել, որ սա ճիշտ չէ, իրենք իրենցն էին ասում, լարված տոնայնության վրա էր մեր խոսակցությունը, եւ ես հասկացա, որ բանակցությունները մեզ մոտ չեն ստացվում, անարդյունք են: Փորձում էինք զոհվածների կամ վիրավորների մասին ինչ-որ բան տեղեկանալ, ասացին՝ ում պետք է, մենք օգնություն ցույց տվել ենք, զոհ չունենք եւ այլն:

Արդեն ուզում էինք վերադառնալ, Սեդրակ Նազարյանը ձեռքը մեկնեց եւ կապի միջոցս անմիջապես վերցրեց, ես չէի տալիս, ինքը ասաց՝ տուր, մերն ա կապի միջոցը, դու էլ պետք ա գաս, սկսեցին հրել ինձ, բոլորը զենքերը պահեցին ինձ վրա, ասելով՝ «հիմա կգյուլեմ քեզ ստեղ»: Հետևիցս ինքնաձիգի խզակոթով ես հարվածներ էի ստանում գլխի հատվածում, մեջքիս, ուսադիրներս պոկեցին, հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր, այդպես մտանք գունդ, 5-6 հոգով ինձ հարվածում էին` ես պաշտպանվում:

Անցակետով անցանք, ես նկատեցի, որ այնտեղ մի քանի սեղանի դրված էին համակարգիչներ. աշխատում էր Վարուժան Ավետիսյանը: Ասացի՝ էս ի՞նչ եք անում, ասաց՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ: Անցանք մյուս սենյակ, մեզ հետ միասին 8 ոստիկաններ կային, ոմանք՝ ձեռնաշղթաներով, ոմանք՝ մեկանգամյա օգտագործվող պլաստմասե շղթաներով: Մեզ էլ կանդալեցին՝ ինձ, պարոն Եղիազարյանին: Եվ չէինք դադարում բանակցել: Ինձ հաջողվեց համոզել և ձեռքերս արձակեցին, այնուհետև բոլորի ձեռքերը նույնպես արձակեցին:

Այնուհետև ինձ տարան դուրս, գնդի ձախ թևի վրա կանգնեցինք ` Սեդրակ Նազարյանն էր ու էլի մի քանի հոգի: Բարձրախոս տվեցին ձեռքս, ուղղեցին ինքնաձիգը իմ ուղղությամբ` «հիմա այստեղ գյուլում ենք պատի տակ, անմիջապես դիմի ոստիկաններին, որ զենքերը ցած դնեն և գան միանան մեզ»: Ու այդ սպառնալիքը տևեց 3-5 րոպե: Ես, բնականաբար, չհայտարարեցի, ընդամենը դիմեցի ոստիկաններին` «Հարգելի ոստիկաններ, խոսում է ձեր գործընկեր գնդապետ Վալերիյ Օսիպյանը: Խնդրում եմ այս ուղղությամբ չկրակեք, իրենք էլ ձեր ուղղությամբ չեն կրակի»: Բա՝ «մենք (զինված խմբի անդամները-խմբ.) դա չենք ուզում»: Ես ասացի, որ դրանից ավելի չեմ ասի»,- պատմում է Օսիպյանը:

Այս խորագրի վերջին նյութերը